Blog

ՁԱՈ ծրագիրն օժանդակում է բժշկական ծառայությունների ընդլայնմանը Կոտայքում և Տավուշում

< 1 min read

ՋՐՎԵԺ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, Հայաստան — «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ջրվեժում և Նոյեմբերյանում բացվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ, որոնք հանրությանը կտրամադրեն որակյալ առողջապահական ծառայություններ: 

Սոնա Գրիգորյանը՝ Ջրվեժում գործող «Յունկտուրա» ՍՊԸ ընտանեկան բժշկության կլինիկայի հիմնադիրը և Արևհատ Յարալյանը՝ Նոյեմբերյանում գործող «Արևհատ և Անի» ՍՊԸ ընտանեկան բժշկության կլինիկայի հիմնադիրը, ՁԱՈ ծրագրի շահառուներ են: 

Բժիշկ Գրիգորյանը և բժիշկ Յարալյանը վարում են ընտանեկան բժշկության մասնավոր  գործունեություն իրենց համայնքներում: Հաշվի առնելով հավելյալ բժշկական ծառայությունների անհրաժեշտությունը տվյալ տարածաշրջանում՝ նրանք մասնակցել և հաջողությամբ ավարտել են ծրագրի կողմից անցկացվող «Ձեռնարկատիրական հմտություններ» և «Բուժօգնության որակի կառավարման հիմունքներ» դասընթացները, որոնց շրջանակներում նրանցից յուրաքանչյուրը մշակել է բիզնեսի և որակի ապահովման ծրագրեր և ներկայացրել ՁԱՈ փորձագետներին: Ի վերջո, բժիշկներն ընդլայնել են իրենց բժշկական ծառայությունները՝ սկսելով առաջարկել  նաև լաբորատոր և գործիքային ախտորոշման այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կենսաքիմիական և իմունաբանական լաբորատոր և ուլտրաձայնային հետազոտությունները: 

Ընդլայնված կլինիկաների բացմանը ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները, ՁԱՈ և ԹԳՀԶ ծրագրի ներկայացուցիչները և շահառուները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ Առողջապահության նախարարությունից: 

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժիշկ Գրիգորյանի և բժիշկ Յարալյանի առողջապահական կենտրոնների գործունեությանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն առողջապահության ոլորտի կառավարման, որակի ապահովման, ֆինանսական և  հմտություններ կիրառելու վերաբերյալ։ 

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։