Blog

Dr. Samvel Sedrakyan’s dental clinic in Mrgashat

ՁԱՈ ծրագիրն աջակցում է հերթական մասնավոր առողջապահական նախաձեռնությանը՝ սկսելով գործել նաև Արմավիրի մարզում

2 min read

Առաջին մասնավոր առողջապահական ծառայությունը, որն աջակցություն է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցներ առողջապահության ոլորտում (ՁԱՈ) ծրագրի կողմից Արմավիրի մարզում բժ. Սամվել Սեդրակյանի մասնավոր ստոմատոլոգիական կենտրոնն է:

Բժ. Սեդրակյանն ընտանեկան ատամնաբույժ է, ապրում և աշխատում է Երևանից 42 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, որն ունի ավելի քան 5700 բնակիչ։ Մինչ ՁԱՈ ծրագրին դիմելը, բժ. Սեդրակյանը ղեկավարում էր փոքրիկ ատամնաբուժական կլինիկա: Հաշվի առնելով համայնքում և հարակից գյուղերում մեծ պահանջարկը՝ նա որոշում կայացրեց ընդլայնել իր ծառայությունը և տեղափոխել այն նոր տարածք՝ հագեցնելով այն ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն ստեղծելով սպասարկել ավելի շատ այցելուների՝ կրճատելով սպասելաժամանակը և մատուցելով ավելի որակյալ ծառայություններ:

Մասնակցելով ՁԱՈ ծրագրի պարտադիր կրթական բաղադրիչին՝ բժ․ Սեդրակյանը կազմել է բիզնես և որակի ապահովման ծրագրեր, որոնք հաստատվել են ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի կողմից։ Արդյունքում, բժ․ Սեդրակյանն ստացել է ատամնաբուժական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն, ինչպես նաև հնարավորություն օգտվել ՁԱՈ ծրագրի այլ բաղադրիչներից, որոնք ուղղված են շարունակական մասնագիտական զարգացմանն ու համայնքում առողջապահական ծրագրերի ներդրմանը։

Բացի ՁԱՈ շահառուներին առաջարկվող հիմնական դասընթացներից՝ բուժօգնության որակի ապահովում, ձեռներեցություն, հաշվապահություն, բժ. Սեդրակյանը նաև մասնակցել է «Կանխարգելիչ ատամնաբուժություն» թեմայով դասընթացին, որը նպատակ ունի ՁԱՈ շահառուների կողմից մատուցվող ատամնաբուժական ծառայություններում ներառել ժամանակակից կանխարգելիչ միջոցառումներ: Այնուհետև, բժ․ Սեդրակյանն ընտրվել է Կանխարգելիչ ատամնաբուժության ծրագրի փորձնական փուլի համար, որը ներառում է բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև համայնքի տարրական դպրոցի աշակերտների բերանի խոռոչի առողջության գնահատում և նրանց շրջանում կարիեսի կանխարգելիչ միջոցառումների կիրառում։
Բժ․ Սեդրակյանը նաև մասնակցում է ՁԱՈ մենթորների ծրագրին, պարբերաբար հանդիպումներ ունենում Միացյալ Նահանգներում գործող մենթորների հետ՝ քննարկելով կլինիկական դեպքեր, մասնացելով փորձի փոխանակմանը, ինչպես նաև կիրառելով ժամանակակից մոտեցումներ մասնագիտական զարգացման գործում: 

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժ. Սեդրակյանի ստոմատոլոգիական կենտրոնի գործունեությանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդակցություն բուժօգնության որակի բարելավման, առողջապահության ոլորտի կառավարման, կանխարգելիչ ատամնաբուժության, հաշվապահության և այլ ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: