Blog

EIH Meghri Dental Clinic

ՁԱՈ ծրագիրն աջակցում է հերթական առողջապահական նախաձեռնությանը Մեղրիում

2 min read

ՄԵՂՐԻ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի աջակցությամբ հիմնվեց մանկական ատամնաբուժական ծառայություններ մատուցող կենտրոն Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։ 2019 թ -ին ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը  և հետագա տարիներին աշխատելով որպես մանկական ատամնաբույժ Երևանում և դրա մոտակա մարզերում, ծնունդով Մեղրիից բժ․ Լիանա Հակոբյանը որոշում կայացրեց գնալ երազանքի ետևից և հիմնել սեփական ատամնաբուժարանը իր համայնքում։ Նոր հիմնված կենտրոնում Դր Հակոբյանն աշխատում է ամուսնու՝ դիմածնոտային վիրաբույժ Կառլեն Հակոբյանի հետ։ 

Մասնակցելով ՁԱՈ ծրագրի ձեռներեցության և բուժօգնության որակի կառավարման դասընթացներին՝ բժ․ Հակոբյանը կազմել է իր նախաձեռնության  բիզնես և որակի ապահովման ծրագրերը, որոնք հաստատվել են ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի կողմից։ Արդյունքում, բժ․ Հակոբյանը  ստացել է ատամնաբուժական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ՁԱՈ ծրագրի այլ բաղադրիչներից օգտվելու հնարավորություն, որոնք ուղղված են շարունակական մասնագիտական զարգացմանն ու համայնքում առողջապահական ծրագրերի ներդրմանը։

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին համայնքապետը, գործընկերներ, ընտանիքի անդամներ և ընկերներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և ՁԱՈ ծրագրի ներկայացուցիչները։ «Չնայած նրան, որ ես ինքս Մեղրիից չեմ, կենտրոնի հիմնման ամբողջ ընթացքում շատ մեծ աջակցություն եմ զգացել համայնքի կողմից», — ասաց բժ․ Կառլեն Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց ՁԱՈ ծրագրին, համայնքապետին և ներկաներին։ Համայնքապետը ևս շնորհակալություն հայտնեց ձեռներեցներին և ՁԱՈ ծրագրին՝ շեշտելով Հայաստանի հեռավոր համայնքներում ներդրումների կարևորութոյւնը։  

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժ. Հակոբյանի գործունեությանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդակցություն բուժօգնության որակի բարելավման, առողջապահության ոլորտի կառավարման, կանխարգելիչ ատամնաբուժության, հաշվապահության և այլ ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը ֆինանսավորվում է Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում՝ առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: