Blog

,

ՁԱՈ ծրագիրն աջակցում է ևս երկու ձեռներեցի

< 1 min read

Նոյեմբերյան, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի կողմից աջակցություն ստացող ձեռներեցների թիվն ավելացավ ևս երկուսով:

Ատամնաբույժ և դիմածնոտային վիրաբույժ Գուրամ Աղաբաբյանը և սրտաբան Մանուշ Գիշյանը մասնավոր բժշկական գործունեություն են ծավալում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որն ունի մոտ 5300 բնակիչ և գտնվում է մայրաքաղաքից 187 կմ հեռավորության վրա՝ երկրի հյուսիսարևելյան սահմանին կից: 

Մասնակցելով ՁԱՈ ծրագրի պարտադիր կրթական բաղադրիչին՝ բժիշկներ Աղաբաբյանը և Գիշյանը կազմել են իրենց բիզնես, ինչպես նաև որակի ապահովման ծրագրերը, որոնք հավանության են արժանացել ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի կողմից։ Արդյունքում, նրանք ստացել են բժշկական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն, ինչպես նաև հնարավորություն օգտվել ՁԱՈ ծրագրի՝ շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստող այլ բաղադրիչներից:

ՀԱՀ ՁԱՈ ծրագրի օգնությամբ բժիշկ Գիշյանն ընդլայնել է արդեն իսկ գործող սրտաբանական կենտրոնի ծառայությունները, մինչդեռ բժիշկ Աղաբաբյանն աջակցությունն ստացել է իր կենտրոնի հիմնման փուլում: Վերջինիս բացման արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 31-ին: Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարը, գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, համայնքի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՁԱՈ ծրագրի աշխատակիցներ:

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժիշկներ Աղաբաբյանին և Գիշյանին՝ օժանդակելով շարունակական մասնագիտական զարգացմանը, հնարավորություն տալով համագործակցել սփյուռքի մասնագետների հետ, ինչպես նաև տրամադրելով մասնագիտական խորհորդատվություն տարբեր ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը ֆինանսավորվում է Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: