Blog

Dr. Lusine Grigoryan's Dental Clinic in Armavir
,

ՁԱՈ ծրագիրն աջակցում է ևս մեկ մասնավոր առողջապահական նախաձեռնությանը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում

< 1 min read

ԱՂԱՎՆԱՏՈՒՆ, Հայաստան Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի աջակցությամբ հիմնվեց ատամնաբուժական կենտրոն Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։ 

Բժ․ Լուսինե Գրիգորյանը 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ընտանեկան ատամնաբույժ է, ով նաև հանդիսանում է Խոյ համայնքի ավագանու անդամ։ Գնալով երազանքի ետևից՝ բժ․ Գրիգորյանը հիմնեց ատամնաբուժական կենտրոն իր հայրենի Աղավնատուն գյուղում։ Աղավնատունը ներառված է Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի կազմում և ունի մոտ 3200 բնակիչ։ 

Մասնակցելով ՁԱՈ ծրագրի ձեռներեցության և բուժօգնության որակի կառավարման դասընթացներին՝ բժ․ Գրիգորյանը կազմել է իր նախաձեռնության  բիզնես և որակի ապահովման ծրագրերը, որոնք հաստատվել են ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի կողմից։ Արդյունքում, բժ․ Գրիգորյանը ստացել է ատամնաբուժական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ՁԱՈ ծրագրի այլ բաղադրիչներից օգտվելու հնարավորություն, որոնք ուղղված են շարունակական մասնագիտական զարգացմանն ու համայնքում առողջապահական ծրագրերի ներդրմանը։

Կենտրոնի բացման արարողությունը տեղի ունեցավ 2024թ․ փետրվարի 10-ին։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, ընտանիքի անդամներ և ընկերներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և ՁԱՈ ծրագրի ներկայացուցիչները։

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժ. Գրիգորյանի գործունեությանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդակցություն բուժօգնության որակի բարելավման, առողջապահության ոլորտի կառավարման, կանխարգելիչ ատամնաբուժության, հաշվապահության և այլ ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը ֆինանսավորվում է Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում՝ առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: