Blog

EIH Program

ՁԱՈ ծրագիրն ամրապնդում է կանխարգելիչ ատամնաբուժությունը Հայաստանում

2 min read

Ձեռներեցներ առողջապահության ոլորտում (ՁԱՈ) ծրագիրն իր շահառուներին ապահովում է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` առողջապահության ոլորտի որակի բարելավման, ինչպես նաև ձեռներեցության և հաշվապահության վերաբերյալ:  

Նկատելով ՁԱՈ ծրագրի դիմորդների զգալի մասի հետաքրքրությունը Հայաստանի գյուղական համայնքներում ատամնաբուժական ծառայությունների ստեղծման և ընդլայնման վերաբերյալ՝ 2019 թվականին ՁԱՈ ծրագրի գործադիր խորհուրդը որոշում կայացրեց սկսել ՁԱՈ ծրագրի կանխարգելիչ ատամնաբուժական նախագիծը՝ նպատակ հետապնդելով բարելավել ընդհանուր բնակչության բերանի խոռոչի առողջությունը ՁԱՈ ծրագրի աջակցությամբ ստեղծված/ընդլայնված ատամնաբուժական ծառայություններ ունեցող համայնքներում։ Այս նախագիծը ներառում է ՁԱՈ ծրագրի ատամնաբուժական կլինիկաների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնում՝ առաջարկելով ժամանակակից կանխարգելիչ միջոցառումներ և բարձրացնելով բնակչության իրազեկվածությունը բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ: Կանխարգելիչ ատամնաբուժության և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ համապարփակ դասընթաց մշակելու նպատակով 2019 թվականի վերջին Կալիֆոռնիայի Փասադենայի քոլեջի ատամնաբուժական հիգիենայի դասախոս Ադրինե Ռեգանյանը հրավիրվել էր Հայաստան` դասընթացավարների վերապատրաստում անցկացնելու համար։ 

ՀԱՀ Հանրային առողջապահության մագիստրոսական  ծրագրի շրջանավարտները, որոնք կրթությամբ ատամնաբույժներ են, մասնակցեցին վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի ավարտից հետո բժիշկ Մարինե Մկրտչյանը և բժիշկ Կարին Կարպոյանը վերապատրաստման նյութերը հարմարեցրեցին տեղական համատեքստին և թարգմանեցին հայերեն։ Դրանից հետո՝ 2020 թվականի օգոստոսի 25-27-ը, նրանք անցկացրին առաջին դասընթացը ՁԱՈ ծրագրի ապագա շահառուների համար։ Վերջիններս կշարունակեն ծրագրեր մշակել` տեղական համայնքներում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, և այս գործընթացը կիրականանա ՁԱՈ ծրագրի կանխարգելիչ ատամնաբուժության խորհրդատուների շարունակական վերահսկողության ներքո։ Մասնակից ատամնաբույժներն ու խորհրդատուները ստացան շարունակական մասնագիտական ​​զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ՝ հաստատված Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից:

«Մենք ուրախ էինք տեսնել մեր գործընկերների՝ կանխարգելիչ ատամնաբուժության մասին գիտելիքները թարմացնելու և ժամանակակից կանխարգելիչ ծառայություններն իրենց ամենօրյա գործունեության շրջանակ ներառելու պատրաստակամությունը: Դասընթացի գնահատումը ցույց տվեց մասնակիցների բավարարվածության բարձր աստիճանը»,- նշեց ՁԱՈ ծրագրի համակարգող, բժիշկ Աստղիկ Աթանյանը։

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային  կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների  տրամադրման և կառավարման ոլորտներում: 

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։