Blog

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

shqanshan-14Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Վաստակաշատ գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու բարեկամ, հայագետ Հայր Աթանաս Շառլ Ռընուին (Ֆրանսիա), ով այս օրերին գտնվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արևելյան ծեսի ուսումնասիրության ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի առիթով: «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին` ի գնահատություն իր գիտամանկավարժական երկարամյա գործունեության և հայ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությունների:

Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Մեծարյալների գնահատարժան գործունեությանն ու վաստակին անդրադարձան Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց տիար Արմեն Տեր-Կյուրեղյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապես և քաջածանոթ ենք ազգային, հասարակական կյանքում և գիտության ու մանկավարժության ասպարեզում Ձեր երկարամյա, արդյունավոր գործունեությանը: Դուք կյանքի ողջ ընթացքին ամբողջանվեր սիրով ծառայում եք սերունդներ կրթելու և դաստիարակելու առաքինի գործին՝ դասավանդելով աշխարհի տարբեր երկրների հանրահռչակ կրթօջախներում: Ձեր անհոգնաբեկ ջանքերն ու տարիների վաստակը գնահատված են գիտական ու հասարակական ամենաբարձր կոչումներով ու պարգևներով՝ մեծ հարգանք ու ճանաչում բերելով Ձեզ:

Մեզ համար առանձնակի գոհունակություն է անդրադառնալ Հայաստանի Ամերիկյան համալսարանի կյանքում Ձեր գովարժան վաստակին: Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ առկա դժվարությունների ու մարտահրավերների մեջ հիմնադրվեց համալսարանը, Դուք աննվազ հետևողությամբ ջանքեր բերեցիք նրա կայացմանը և Ձեր կարողությունները, հարուստ փորձն ու հեղինակությունը ծառայեցրեցիք կրթօջախի ազգօգուտ առաքելության արդյունավորմանը: Տասնամյակների ընթացքին Դուք տարբեր պաշտոններ ստանձնեցիք համալսարանի կյանքում, սիրով հանձն առաք նաև Նախագահի պատասխանատու պաշտոնը, ազնիվ ջանքեր ներդնելով, որպեսզի հաստատությունը, իր կոչմանը հավատարիմ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն մատուցի երիտասարդ Մեր զավակներին, ովքեր պիտի գան ծառայելու մեր երկրի առաջընթացին ու մեր ժողովրդի բարօրությանը Հայրենիքում ու Սփյուռքի համայնքներում»:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Հայր Աթանաս Շառլ Ռընուին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է. «Հոգեշնորհ Հայր Աթանաս Շառլ Ռընու, այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու բազմավաստակ եկեղեցականիդ հովվական, քարոզչական, գիտական ու մանկավարժական նվիրյալ գործունեությանը, որ արգասավորված է բարի, օրհնաբեր արդյունքներով: Տասնյակ տարիներ՝ որպես զինվորյալ սպասավոր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու, Դուք հոգու և մտքի Ձեր կարողությունները անձնվիրաբար ի սպաս եք դնում «Կենաց Խոսքը» սերմանելու տերունապատվեր առաքելության իրականացմանը` անխախտ հավատարմությամբ պահելով ծառայանվիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրյալ Տիրոջ հետ և ապրելով ու գործելով հավատացելոց հոգևոր կյանքի վերազարթոնքին ավանդ բերելու ազնիվ նախանձախնդրությամբ:

Առանձնակի գոհունակություն է Մեզ համար, որ Դուք գիտական Ձեր երկարամյա գործունեության մեջ առանձնակի տեղ եք հատկացրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական ու դավանաբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը և բազմաթիվ գրքերով ու հրապարակումներով փաստել դրանց անմիջական կապը առաքելական ավանդության հետ: Հայ հոգևորականն ու հավատացյալը մշտապես երախտագիտությամբ պիտի հիշեն մեր Սուրբ Եկեղեցու անցյալն ու դարավոր հարուստ ժառանգությունը համաշխարհային գիտական և հասարակական լայն շրջանակներին ներկայացնելու Ձեր ջանքերն ու ազնիվ վաստակը»:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը` վերստին բերելով նրանց Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Այնուհետև շնորհաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին Արմեն Տեր-Կյուրեղյանն ու հայր Աթանաս Շառլ Ռընուն` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց ընծայված բարձր պատվի համար:

Մասնավորապես անդրադառնալով հայրենիքին օգտակար լինելու հնարավորությանը` տիար Ա. Տեր-Կյուրեղյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ամերիկյան համալսարան հիմնելու գաղափարը ծագեց 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, որի նպատակն էր վերածննդի շունչ պարգևել մեր երիտասարդ սերնդին և խթանել նրանց առաջադիմությունը: Այսօր մեր համալսարանում 1800-ից ավելի ուսանողներ ամերիկյան մոտեցումներով ուսում են ստանում արդիական պայմաններում, լավագույն դասախոսների միջոցով:

…Վեհափառ Տեր, գիտեմ, որ տարիների ընթացքում միշտ եղել եք համալսարանի կողքին՝ բերելով Ձեր բարի օրհնությունները և քաջալերանքը: Թող որ Ձեր աղոթքները և բարեմաղթանքները միշտ առաջնորդեն մեր համալսարանը»:

Հայր Աթանասն իր հերթին ընդգծեց, որ սիրով և մեծագույն ուրախությամբ է ընդունում Հայ Եկեղեցու պատվո շքանշանը` Եկեղեցու և հատկապես նրա բարձրագույն իշխանության կողմից տրվող պարգևը դիտարկելով նախ և առաջ որպես Աստծո շնորհ և հրավեր` ըստ այդմ կարգավորելու և ապրելու իր կյանքը: «Եվ, բնականաբար, սա ինձ համար հրավեր է նաև իմ կյանքը դասավորելու և ընդօրինակելու Ս. Մեսրոպի մաքրությունը և Ս. Մեսրոպի աստվածպաշտությունը, որովհետև նրա կատարած գործը և աշխատանքը մեծ գործ էր քրիստոնեական մշակույթի բազմազանության մեջ, ինչին մենք այդքան ծանոթ ենք Ֆրանսիայից», – նշեց հայագետն իր խոսքում:

Ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակից պատանիները` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, Արևելյան ծեսի ուսումնասիրության ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցները, Հայաստանի բուհերի պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Aravot.am

http://www.aravot.am/2016/09/15/735764/

Newsroyal

http://newsroyal.com/view_post.php?id=200400

Slaq.am

http://www.slaq.am/arm/news/1125081/

Noyan Tapan

http://nt.am/am/news/226936/

blognews.am

http://blognews.am/arm/press/401280/shqanshanneri-handznum-mayr-ator-surb-ejmiatsnum.html

HHpress

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20160916_18&flag=am