Blog

Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր զարգացման ուղին

2 min read

Source: http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20160226_10&flag=am

Էներգետիկ ոլորտում հավասարակշռված մոտեցում է որդեգրել

Հայաստանը գնում է էլեկտրամատակարարման ոլորտի բազմազանեցման ուղղությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Կայուն էներգետիկ համակարգեր Հարավային Կովկասում. իրականությու՞ն, թե՞ պատրանք» թեմայով հանրային բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ «Մենք հիմնականում ունենք հավասարակշռված վիճակ էներգետիկ ոլորտում։ Վերջին տարիներին մեզ մոտ էլեկտրաէնեգիայի արտադրության պատկերը բազմազան է եղել՝ չնայած որ տարիների ընթացքում փոխվում է տարբեր միջոցներով արտադրվող էներգիայի բալանսը։ Օրինակ, անցյալ տարի մենք ունեինք ատոմային էներգիայի արտադրության ամենաբարձր ցուցանիշը, ինչը չենք կարող ասել ջերմաէլեկտրակայանների արտադրած էներգիայի մասին, որը նվազ է եղել»,–ասաց Հայկ Հարությունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ կախված էլեկտրաէներգիայի սպառման կառուցվածքից, այն է՝ օրվա ընթացքում երեք պիկային ժամանակահատվածները (առավոտյան, ճաշին ու երեկոյան), Հայաստանը դիտարկում է տարբեր էլեկտրամատակարարման եղանակները։ Այս տեսանկյունից օգտակար կարող է լինել արեւային էներգիայի միջոցով էլեկտրականության ստացումը, որը կբավարարի ցերեկային պիկը, իսկ մնացած էլեկտրաէներգիան կստացվի այլ եղանակներով։
«Մինչեւ 2025 թվականի համար մենք ունենք նախանշված թիրախներ, բայց մեզ համար միայն դրանք սահմանելը բավարար չէ։ Խնդիրը միայն թիրախ սահմանելը չէ, առավել կարեւոր է դրանց իրագործման եղանակների մշակումը։ Մենք հակված ենք զարգացնել էլեկտրաէներգիայի արտադրության մեխանիզմները, եթե դրանք տնտեսապես շահավետ են»,—ասաց Հայկ Հարությունյանը։
Այս համատեքստում անդրադառնալով նոր ատամակայանի կառուցման հարցին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը նկատեց, որ տնտեսապես շահավետ չլինելու դեպքում նոր ատոմակայան չի կառուցվի։
«Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի անդամ Թամար Անթիձեն էլ ներկայացրեց «Հարավային Կովկասը կայուն էներգետիկ ուղու վրա» թեմայով հետազոտությունը, որի առանցքում են հայտնվել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը։ Նա նշեց, որ ուսումնասիրությամբ փորձել են դուրս բերել երկրներում էներգետիկ իրավիճակի ներկա փուլը, ծառացած մարտահրավերները, դրանց լուծման ուղիներն ու զարգացման մարտավարությունները։ «Սովետական Միության փլուզումից հետո Հարավային Կովկասի երեք երկրները ստիպված էին ինտեգրված համակարգից անցում կատարել ոչ ինտեգրված համակարգերի, ինչն էլ նշանակում էր նոր մարտահրավերներ՝ սեփական էներգետիկ համակարգերի կառավարում։ Երկրներից յուրաքանչյուրը ընտրել է տարբեր ուղիներ այս մարտահրավերները հաղթահարելու համար»,–ասաց Թամար Անթիձեն։
Նա նշեց, որ բոլոր երեք երկրներում էլ մեկ շնչին բաժին ընկնող էլեկտրաէներգիայի ցուցանիշը ցածր է՝ ի համեմատ եվրոպական երկրների, ինչը պայմանավորված է տնտեսական զարգացման մակարդակով։ Զեկուցողը շեշտեց, որ երեք երկրների էլեկտրաէներգիայի պահանջարկը աճելու է, քանի որ դրանք բոլորն էլ ունեն էլեկտրակայանները վերակառուցելու անհրաժեշտություն։
Նրա դիտարկմամբ՝ երեք երկրներից միայն Հայաստանում է, որ գոյություն ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրավական շրջանակ, եւ երկիրն այս ոլորտում առաջատար դիրքում է։

26-02-2016