Blog

MediaMax: Պատչ Ադամսի «արվեստի գաղութը»

3 min read

Source: http://www.mediamax.am/am/news/society/14289/

Բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պատչ Ադամսը (Հանթեր Դոհերթի Ադամս), որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է, այսօր դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Պատչ Ադամսը պատմել է Սիրո հեղափոխություն անելու իր որոշման մասին, ինչպես նաեւ կիսվել ոչ սովորական ձեւով մարդկանց բուժելու իր գաղտնիքներով. «Ես իմ կյանքում 2 կարեւոր որոշում եմ կայացրել. մեկը բժշկի մասնագիտությունն ընտրելն էր, մյուսը՝ ամբողջ կյանքում խաղաղության եւ արդարության զինվոր լինելը»:

Պատչ Ադամսը
Պատչ Ադամսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա պատմել է, որ մարդկանց սիրել սովորելու ճանապարհին մի քանի միջոց է կիրառել, այդ թվում՝ ժամերով վերելակում անցկացնելը: Իսկ թե ինչու է հենց վերելակում ժամեր անցկացնելու տարբերակն ընտրել, նա բացատրել է հանդիպման մասնակիցներից մեկի օգնությամբ:

«Պատկերացրեք, որ մենք վերելակում ենք: Մարդիկ վերելակում օտարների հետ չկապվելու, չսիրելու, բարյացակամ չլինելու ջանքեր են գործադրում: Երբ վերելակի դուռը փակվում է, մարդիկ թիկունքով են կանգնում միմյանց: Ես դեմքով շրջվում եմ դեպի մարդը, նայում աչքերի մեջ, աչքով անում, տարբեր լեզուներով բարեւում: Երբ վերելակի դուռը փակվում է, այդ մարդիկ դառնում են քո մարդիկ»,- ասել է նա:

Մեդիամաքսն առանձնացրել է Պատչ Ադամսի առավել ուշագրավ մտքերը:

Ես ոչ թե բժիշկ եմ, որը ծաղրածու է, այլ ծաղրածու եմ, որը բժիշկ է: Ես իմ խոր գրպաններում 30 խաղալիք ունեմ: Ես կարիք ունեմ տառապյալների կողքին լինելու, շոշափելու տառապանքը: Ծաղրածությունը բռնությունը դադարեցնելու միջոց է: Ես կարող էի կարատե սովորել եւ այդ կերպ դադարեցնել բռնությունը, սակայն այդպիսով որեւէ մեկին ակամա կվնասեի եւ ցավ կպատճառեի:

 

Բժիշկը պետք է կարեկից լինի: Զվարճալի, ստեղծագործ, մտածող ու հոգատար՝ ահա այն կարեւոր գործիքները, որոնք անհրաժեշտ են բժշկին: Ես իմ չափահաս կյանքում որեւէ լուրջ հիվանդությամբ չեմ հիվանդացել, այնպես, որ եթե դուք լուրջ հիվանդություն ունեք, կարող եք այն փոխանցել ինձ:

Ես մարդկությանը սիրահարվեցի 4 տարվա փորձից հետո: Նրանք բոլորն իմ զարմիկներն են:

Կրթությունն իմ երկրում աղբ էր, ես դա հասկացա 900 գիրք ուսումնասիրելուց հետո: Իմ դասախոսների 80 տոկոսն ամոթալի մարդիկ էին: Ես նրանց համար ներողություն եմ խնդրում: Աշխարհի ոչ մի բժշկական համալսարան կարեկցանք չի սովորեցնում: Մեր կրթական համակարգում շատ սխալներ կան:

Բժշկությունն ավելին է, քան գիտությունը: Մեզ համար կարեւորը հիվանդի հետ անցկացրած ժամանակն է: Աշխարհի 120 երկրների ուսանողներից նամակներ եմ ստանում, ոչ մեկից դրական բան չեմ լսել: Իրենք գրում են, որ հիվանդի հետ անցկացնում են 5-7 րոպե: Ես իմ հիվանդին ժամեր եմ հատկացնում, նրանց տարբեր հարցեր եմ տալիս: Երբ հիվանդը զգում է, որ կարող է քեզ վստահել, սկսում է պատմել իրեն հուզող ամեն բան: Ես այցելում եմ իմ հիվանդների տուն, նույնիսկ նրանց պահարաններն եմ բացում, որպեսզի ճանաչեմ նրանց: Կարեւոր է, որ հիվանդները քեզ վստահեն ամեն հարցում:

Մարդիկ շատ ցածր ինքնագնահատական ունեն, ԱՄՆ-ում դժվար է հոգեպես առողջ մարդ գտնել: Ոչ մեկը չի աշխատում առողջ լինելու ուղղությամբ, մտածում են՝ բժիշկներն ինչի՞ համար են: Նրանք միանգամից դեղահաբ են ուզում, մինչդեռ ես իմ բժիշկներին զգուշացրել եմ, որ որեւէ մեկին հոգեբանական ախտորոշում եւ բուժում չնշանակեն: Սուր հիվանդությունների դեպքում վիրաբուժական միջամտությունն օգնում է, բայց քրոնիկ hիվանդությունների դեպքում արագ եւ արդյունավետ օգնող միջոցներ չկան: Մենք խախտեցինք օրենքն ու դիմեցինք ոչ ավանդական բուժման մեթոդներին: 

Բժշկությունն ամբողջ աշխարհում թանկ արժե, Ամերիկայում բժշկությունը գռեհիկ եւ ագահ գործ է: Մարդիկ, որպեսզի կարողանան իրենց առողջությունը պահպանելու համար վճարել, ստիպված են լինում իրենց տունը կորցնել:

44 տարի է՝ ես վճարում եմ բժիշկ լինելու համար, ոչ թե վարձատրվում եմ: Իմ հիվանդանոցում հավաքարարից մինչեւ վիրաբույժ նույնքան աշխատավարձ են ստանում՝ 300 դոլար: Մարդկանց համար կարեւորը փողը չէ: Մեր հիվանդանոցը ամենաաղքատ Վիրջինիա նահանգում է: Մարդիկ մոռացել են, որ պատկանում են համայնքին, մինչդեռ համայնքային պատկանելությունը մարդու մոտ ապահովության զգացողություն է ստեղծում: Սա կարելի է արվեստի գաղութ անվանել:

Մեր մեծագույն հիվանդությունը տգիտությունն է, որի միջոցով ոչնչացնում ենք մեր ստեղծած միջավայրը:

Ես ներողություն եմ խնդրում, որ մենք բռնություն եւ զանգվածային սպանություններ կատարող ազգ ենք: Հսկայական բռնություն կա կանանց, երեխաների, ուրիշ ազգերի նկատմամբ: Ես եղել եմ Աֆղանստանում, Իրաքում, աշխարհի տարբեր երկրներում: Այցելել ենք փախստականների ճամբարներ, տարերային աղետների վայրեր: Ես այս տարբերակով եմ աշխատում, քանի որ համարում եմ, որ այդ կերպ կարող եմ դադարեցնել բռնությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներելը շատ կարեւոր է: Մենք պետք է ներենք նույնիսկ ամենասարսափելի բաները: Եթե չքարոզենք սիրել, ապա ինչպե՞ս պետք է սիրենք: Մեզ սովորեցնում են բռնություն գործադրել, բայց մենք պետք է ներենք եւ փոխենք:

Անտեսանելի լինելը ցավոտ է: Եթե մարդիկ խեղված են, տգեղ են, մեծամասամբ անտեսանելի են մյուս մարդկանց համար: Ծաղրածությունը հնարք է, որով կարող ես սերը մոտեցնել քեզ: Կարեւոր չէ՝ մարդիկ կծիծաղե՞ն, թե՞ ոչ: Կարեւորն այն է, որ դու նվիրվում ես: Հայաստանում ամեն մի հիվանդի հետ մեկ ու կես ժամ եմ անցկացրել, եւ նրանք ամենից դժվար վիճակում գտնվողներն էին:

Ես ի՞նչ կարող եմ սովորեցնել հայ բժիշկներին: Բոլորն էլ կարող են անել այն, ինչ ես եմ անում: Եղե՛ք հետաքրքրասեր: Այս ուղեւորությունից հետո ես ընկերներ հավաքեցի, ինձ համար Աստվածն իմ ընկերներն են: Ես դա ինձ համար եմ անում:

Պատչ Ադամսի մասին Մեդիամաքսի նախորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի – See more at: http://www.mediamax.am/am/news/society/14289/#sthash.rCKz6Cbn.dpuf