Blog

Արմեն Աշոտյանը` «լյուբիմչիկ» բուհերի և որոշ բուհեր Երևանից Գյումրի տեղափոխելու մասին

< 1 min read

Source: http://nyut.am/?p=72198&l=am

ashotyanԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ վերջին շրջանում բուռն քննարկման առարկա դարձած հարցին, թե նախատեսվում է որոշ բուհեր Երևանից տեղափոխել Գյումրի: Նախարարը հավաստիացրեց, որ որևէ նման նախագիծ չկա, այս պահին քննարկվում են բուհական համակարգի կառուցվածքային արդիականացման, Գյումրիին լրացուցիչ ծանրաբեռնվածություն տալու և բուհերի խոշորացման հարցերը: «Կան տարբեր առաջարկություններ, օրինակ` որոշ բուհեր Աբովյան տեղափոխելու մասին, սակայն այդ առաջարկությունները չի կարելի կոնտեքստից դուրս քննարկել: Երևանում էլ բուհերը պետք է խոշորացնել»,- ասաց Ա. Աշոտյանը և, պատասխանելով այն հարցին, թե նախարարություններն ուր պետք է տանել, կեսկատակ պատասխանեց. «Կարելի է մտածել ԿԳՆ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխելու մասին` մոտեցնելով իր ակունքներին»: Անդրադառնալով Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացելուն` Ա. Աշոտյանն ասաց, որ դա չի լինելու երկրորդ ռուսական բուհը, քանի որ Հայ-ռուսական համալսարանը նաև հայկական բուհ է, ինչպես Հայաստանի ֆրանսիական համալսարանը կամ Հայաստանի ամերիկյան համալսարանը. «Սլավոնական համալսարանը նաև հայերենով դասավանդելու թույլտվություն է ստացել: Լոմոնոսովի անվան մասնաճյուղի բացումը թեև նախևառաջ կրթական որոշում է, բայցև քաղաքական է` հաշվի առնելով հայ-ռուսական հումանիտար կապերը»,- նշեց նա` որպես դրական քայլ դիտարկելով լավագույն բուհերից մեկի մասնաճյուղի բացումը Հայաստանում. «Սա չի կարելի ռուսամետ քայլ համարել: Նախկինում էլ այլ բուհերի հետ կապված որոշումներ են կայացվել, ինչի համար ինձ արևմտամետ չեն համարել: Ես մրցակցության և ընդհանուր որակի պատասխանատու եմ, և ոչ մի բուհ չի կարող ասել, որ նախարարի ֆավորիտն է. չկան «լյուբիմչիկներ» բուհերի մեջ: Մենք  հավասարաչափ շահագրգիռ ենք, որ բոլոր բուհերն էլ առաջընթաց ապրեն»: