Blog

Painting of Artsakh

ՁԱՈ ծրագիրը հրատարակել է Հայաստանի մարզային համայնքներում առողջապահության ոլորտի ձեռներեցության վերաբերյալ հետազոտություն

2 min read

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել, որ ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի կողմից իրականացվող «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի հետազոտողները հրապարակել են հոդված՝ «Հայաստանի մարզային համայնքներում առողջապահության ոլորտի ձեռներեցության խոչընդոտների և օժանդակող գործոնների որակական ուսումնասիրություն» վերնագրով: Հոդվածը լույս է տեսել միջազգային, գրախոսվող  “Rural and Remote Health” ամսագրում, որն անդրադառնում է գյուղական և հեռավոր համայնքներում առողջապահական կրթությանը, հետազոտությանը և բուժօգնությանը: 

Հոդվածը հեղինակել են Աստղիկ Աթանյանը (MPH ‘18), Կարինե Մարկոսյանը (MPH ‘97), Անահիտ Դեմիրճյանը (MPH ‘99), Հրաչյա Լիլոզյանը (MPH ‘16), Աիդա Գիլոյանը (MPH ‘07), Լուսինե Քոչարյանը (MPH ‘13) և Ծովինար Հարությունյանը (MPH ‘99): Այն ուսումնասիրել է Հայաստանի մարզային համայքներում մասնավոր առողջապահական ծառայություններ մատուցող անձանց շրջանում առողջապահության ոլորտի ձեռներեցության խոչընդոտների և օժանդակող գործոնների ընկալումները:

Հետազոտությունն իրականացվել է Ավետիսեան Օնանեան Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի (CHSR) գիտաշխատողների կողմից 2015 թվականին և հետագայում կարևոր դեր է խաղացել «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի ձևավորման գործում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ներդրումների բարձր արժեքը, պետական հաստատությունների հետ թեժ մրցակցությունը, անբարենպաստ օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև ձեռնարկատիրական և բուժօգնության որակի ապահովման հմտությունների և գիտելիքների բացակայությունն ընկալվել են որպես մասնավոր առողջապահական ծառայությունների ստեղծման խոչընդոտներ: Պետական հաստատություններում բուժաշխատողների դժգոհությունն իրենց աշխատանքային պայմաններից , Հայաստանում աշխատաշուկայի անկայունությունը և ձեռներեցների կողմից հստակ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումն ընկալվել են որպես մասնավոր առողջապահական ծառայությունների ստեղծմանը նպաստող գործոններ: Բոլոր մասնակիցները կարծում էին, որ իրենց գործունեությունը դրական ազդեցություն է ունեցել իրենց սպասարկած համայնքների վրա՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաև արդիական և պահանջված ծառայություններ մատուցելու առումով:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում՝ առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան  առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: