Blog

,

Գենետիկայի և էպիգենետիկայի դերը ժամանակակից բժշկության մեջ

2 min read

Երևան, Հայաստան — Ժամանակակից բժշկության ձեռքբերումներն անհնար կլինեին առանց գիտության առաջընթացի։ 20-րդ դարից ի վեր գենետիկայի և տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցրեցին բժշկության բեկումնային զարգացմանը, իսկ էպիգենետիկայի արագ էվոլյուցիան լրացուցիչ ազդեցություն ունեցավ ժամանակակից բժշկության վրա՝ հնարավոր դարձնելով ավելի խորքային հասկանալ գենետիկ ժառանգականության և շրջակա միջավայրի դերը մարդու առողջության և տարբեր հիվանդությունների զարգացման հարցում: Այս զարգացումները մեզ նաև հնարավորություն տվեցին ունենալ ոչ միայն ճշգրիտ ախտորոշում, այլև ավելի արդյունավետ կանխարգելում և բուժում։

Սույն թվականի հուլիսի 19-ին հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետը հյուրընկալել էր Դկտ. Ռոզա Սելիմյանին,  ով հանդես եկավ բաց դասախոսությամբ՝«Գենետիկայի և էպիգենետիկայի դերը ժամանակակից բժշկության մեջ» թեմայով: Այս դասախոսությունը ՀԱՀ «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի կողմից պարբերաբար կազմակերպվող բաց կրթական միջոցառումներից մեկն էր, որի ընթացքում Դկտ. Սելիմյանը խոսեց մարդու գենոմի, դրա էվոլյուցիայի և կազմի, ինչպես նաև «Մարդու գենոմի նախագծի» և ժամանակակից բժշկության և գիտության առաջընթացի խթանման վրա դրա ազդեցության վերաբերյալ: Նաևանդրադարձ կատարվեց էպիգենետիկայի հայեցակարգին, որը սահմանվում է որպես ԴՆԹ-ի հաջորդականության մեջ փոփոխություններով չպայմանավորված գենի ֆունկցիայի փոփոխությունների ուսումնասիրություն: Հետազոտության այս համեմատաբար նոր ոլորտը, գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության հետ մեկտեղ, հնարավորություն է տալիս կանխատեսել որոշ հիվանդություններ մինչև դրանց ի հայտ գալը, ինչը թույլ է տալիս բժշկության մեջ ունենալ կանխարգելման վրա հիմնված մոտեցում և ունի միլինովաոր կյանքեր փրկելու ներուժ: 

Դկտ. Ռոզա Սելիմյանը Ջոնս Հոփքինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետի կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության բաժնի ակադեմիական ծրագրերի գործադիր տնօրենն է, ով հանդես է գալիս նաև որպես ավագ դասախոս նույն համալսարանի Քրիգերի արվեստների և գիտությունների ֆակուլտետում և հրավիրվող դասախոս է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետում: Դկտ. Սելիմյանը ստացել է իր դոկտորական աստիճանը մոլեկուլյար կեսնաբանության ոլորտում՝ Գերմանիայի Ռոսթոքի համալսարանում, իսկ մագիստրոսական աստիճանը գենետիկայի ոլորտում՝ Երևանի պետական համալսարանում: Դկտ. Սելիմյանի փորձառության ոլորտները ներառում են նաև էպիգենետիկան, քաղցկեղը, ծերացումը և այլն: Դկտ. Սելիմյանը հանդիսանում է առողջության (թիրախավորելով կանխարգելումը), գիտության և կրթության ակտիվ ջատագով:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը ֆինանսավորվում է Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: