Blog

Lena Khachikyan, the owner of the pharmacy in Haghtanak village

ՁԱՈ. Եվս մեկ դեղատուն հիմնվեց սահմանամերձ համայնքում

2 min read

ՀԱՂԹԱՆԱԿ, Հայաստան — Մոտ 1400 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղը չուներ գործող դեղատուն, երբ կրթությամբ բուժքույր, երեք երեխաների մայրը որոշեց լրացնել այդ բացը:

«Իմ որոշումը մի քանի պատճառ ուներ»,- ասում է Լենա Խաչիկյանը,- «Առաջին հերթին, մեր նախաձեռնությունն ամուսնուս համար հնարավորություն էր հրաժարվել արտագնա աշխատանքից, վերադառնալ հայրենիք, զբաղվել ընտանեկան գործով և մնալ մեզ հետ: Մեկ այլ կարևոր նախադրյալ էր գյուղում դեղատան բացակայությունը. մարդիկ ստիպված էին 10-12 կմ ճանապարհ անցնել ամենահասարակ դեղը գնելու համար, և ճանապարհի վրա ծախսվող գումարը հաճախ մի քանի անգամ գերազանցում էր բուն դեղորայքի գինը: Հիմա մեր հաճախորդները գալիս են մեր և մոտակա գյուղերից, անգամ Նոյեմբերյանից: Բացի այդ, ես նախկինում երբեք չեմ աշխատել, սակայն ցանկանում էի զբաղվել ինձ հաճելի աշխատանքով՝ միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով համատեղել դա ընտանիքի հետ»:

Հաջողությամբ ավարտելով բոլոր դասընթացները, Խաչիկյանը հանձնեց իր նախաձեռնության բիզնես-ծրագիրը և որակի ապահովման ծրագիրը, որոնք էլ հավանության արժանացած ՁԱՈ գործադիր խորհրդի կողմից: Խաչիկյանը ծրագրի կողմից ստացավ ֆինանսական օժանդակություն՝ դեղատան համար գույք և դեղորայք ձեռք բերելու համար:

«Մենք դեռ կառուցման փուլում էինք, երբ պատահաբար իմացանք ՁԱՈ ծրագրի մասին: Ծրագրի կողմից ֆինանսական օժանդակությունն օգնեց ավելի արագացնել նախապատրաստական աշխատանքներն ու դեղատան հիմնումը: Բացի այդ, ծրագրի տված գիտելիքների շնորհիվ ես կարողանում եմ ճիշտ կառավարել, կազմակերպել դեղատան գործունեությունը և վերահսկել դրա ճիշտ ընթացքը»,- նշում է Խաչիկյանը:

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։