Blog

ՁԱՈ ծրագրի շնորհիվ Սևքար սահմանամերձ համայնքն այժմ դեղատուն ունի

< 1 min read

ՍԵՎՔԱՐ, Հայաստան — 2018 թ.-ի նոյեմբերի 12-ին Տավուշի մարզի Սևքար սահմանամերձ համայնքում բացվեց նոր դեղատուն: Դեղատան կառուցումն ու բացումը հնարավոր դարձան  «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի մասնագիտական և ֆինանսական օժանդակությամբ: 

Սևքար սահմանամերձ համայնքի բնակչուհի Քրիստինե Սիմոնյանը դիմել է ՁԱՈ ծրագրին, որպեսզի 2300 բնակչություն ունեցող այս գյուղական համայնքն ապահովի դեղատնով: Չնայած տիկին Սիմոնյանը բժշկական կրթություն չունի` նա հաջողությամբ վարում է իր բիզնեսն իր աշխատակիցների հետ միասին: Նախքան դեղատան բացումը Սիմոնյանը  հաջողությամբ անցել է ՁԱՈ ծրագրի «Ձեռնարկատիրական հմտություններ» դասընթացն ու մշակել է իր բիզնես ծրագիրը, որից հետո նա անցել է նաև «Բուժօգնության որակի բարելավման հիմունքներ» դասընթացն ու մշակել որակի ապահովման ծրագիր: Երկու ծրագրերն էլ հավանության են արժանացել ՁԱՈ ծրագրի գործադիր հանձնաժողովի կողմից:

ՁԱՈ ծրագիրը շարունակում է աջակցել Սիմոնյանին՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն առողջապահության ոլորտի կառավարման, որակի ապահովման, ֆինանսական հոսքերի վերահսկման և այլ հմտություններ կիրառելու վերաբերյալ։

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների  տրամադրման և կառավարման ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։