Blog

ՁԱՈ ծրագրի օժանդակությամբ Արտաշատում ատամնաբուժական կլինիկա է բացվել

< 1 min read

ԱՐՏԱՇԱՏ, Հայաստան — 2018 թ.-ի հունիսի 2-ին Արտաշատում տեղի ունեցավ ատամնաբուժական կլինիկայի բացման արարողություն, որին մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվավոր նախագահ, «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Հարություն Արմենյանը:

Կլինիկան ՁԱՈ ծրագրի օժանդակությամբ հիմնադրված առաջին ծառայությունն  է: ՁԱՈ ծրագիրը սկիզբ է առել ՀԱՀ Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի  հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ այդպիսով բարձրացնելով որակյալ ծառայությունների հասանելիությունը Հայաստանի, Արցախի և Ջավախքի մարզային փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ: Արտաշատի ատամնաբուժական կլինիկայի սեփականատեր Մարատ Սարգսյանը դիմել էր ՁԱՈ ծրագրին՝ նպատակ ունենալով նախաձեռնել մասնավոր ատամնաբուժական ծառայություն: Հաջողությամբ անցնելով ծրագրի կողմից առաջարկվող դասընթացները, որոնք փոխանցեցին ձեռնարկատիրական և բուժօգնության որակի բարելավման վերաբերյալ հմտություններ՝  նա բիզնեսի և որակի ապահովման իր ծրագրերը ներկայացրեց փորձագետների խորհրդին: Հաստատման մի քանի փուլ անցնելուց հետո բժիշկ Սարգսյանն ստացավ ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ձեռք բերեց սարքավորումներ՝ իր ատամնաբուժական կլինիկայի համար:

Սարգսյանի կողմից մշակված որակի ապահովման ծրագիրը երաշխավորում է կլինիկայի համապատասխանությունը միջազգայնորեն ճանաչված չափանիշներին: ՁԱՈ ծրագրի անձնակազմը շարունակելու է աշխատել բժիշկ Սարգսյանի հետ՝ տրամադրելով խորհրդատվություն՝ կլինիկայի հետագա բարեհաջող գործունեությունն ապահովելու համար:

Կլինիկայի բացման առթիվ դոկտոր Արմենյանը նշել է, որ սա առաջինն է այն բազմաթիվ առողջապահական նախաձեռնություններից, որոնք ստեղծվելու են ՁԱՈ ծրագրի շրջանակներում: Որակյալ առողջապահության հասանելիությունը հնարավորություն է ընձեռում վերափոխել առողջապահական ծառայությունների ոլորտը Հայաստանի գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում:

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային  կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահականծառայությունների  տրամադրման և կառավարման ոլորտներում: