Blog

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման մրցանակակիրը հայտնի կլինի աշնանը

2 min read

Source: http://www.aravot.am/2015/04/18/562528/

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանի կարծիքով մրցանակաբաշխությունը տարբերվում է մյուսներից, այն Հայաստանին ճանաչում է բերում «Այս ծրագիրը յուրահատուկ է  նրանով, որ իր տեսակով չի նմանվում այն տասնյակ ծրագրերին, որոնք օժանդակում ենք, կամ կանգնում ենք այդ ծրագրի կողքին: Այս ծրագիրը նպաստում է այն իրականությանը, որտեղ մեր երկրի անունը եւ ՏՏ ոլորտի կարեւորության ճանաչումը էլ ավելի է տարածվում ամբողջ աշխարհում: Մրցանակակիրները, երբ գալիս են մեր երկիր եւ ստանում են իրենց մրցանակը, վերադառնում են իրենց երկիր՝ մեր երկրի մասին դրական կարծիքներ տարածում իրենց երկրում»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության վերաբերյալ ասուլիսին: Նշենք, որ մրցանակաբաշխությունը ստեղծման օրվանից հովանավորվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից: Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ մրցանակի հիմնական նպատակն է մրցանակ շնորհել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային ՏՏ ոլորտում: Պարոն Յիրիկյանի խոսքերով՝ այդ ճանաչված, հանրահայտ մարդիկ, մասնագետներն այցելելով Հայաստան՝ հանդիպումներ են ունենում հատկապես երիտասարդների հետ, որը  բավականին մեծ առիթ է հանդիսանում, իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու մեր երիտասարդներին: Յիրիկյանը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ տարբեր ազգերի, մշակույթների, մտածելակերպների մարդկանց հետ շփվելով եւ նրանցից էլ ավելի գիտելիքներ վերցնելով՝ կարողանանք կառուցել մեր անձնական փորձը, զարգացնել մեր գիտելիքներն ու կարողությունները, որի համար մեծ խթան են այսպիսի ծրագիրն ու  մրցանակաբաշխությունը: Այսօր ասուլիսին ներկա էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով՝ «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ոլորտի գործող ընկերությունների պատրաստակամությունը եւ ցանկությունը սերտ փոխգործակցության կրթական հաստատությունների հետ: Ուրախ ենք, որ տեսնում ենք այս ոլորտում սովորողների թվի աճ, քանի որ երիտասարդները գիտեն, որ այդ ոլորտում լավ կրթությամբ նրանք կարող են դառնալ պահանջված եւ աշխատանքով ապահովված մասնագետներ»: Անցյալ տարի ՀՀ Նախագահի մրցանակին է արժանացել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան. նա մրցանակը ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում: Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ տեղեկացրեց, որ օրերս պարոն Մացոլան նամակով դիմել է ՀՀ Նախագահին եւ պատրաստակամություն հայտնել նվիրաբերելու 1 միլիոն դոլար՝  Հայաստանի Ամերիկյան համալսարանին: Հիշեցնենք, որ առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էյփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Այս տարվա մրցանակակրի անունը պարզ կլինի միայն աշնանը: Նշենք, որ նախագահի մրցանակը հիմնվել է  2009 թվականի հուլիսի 6-ին, այն  նպատակ ունի խրախուսելու եւ զարգացնելու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումը: ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/04/18/562528/

© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից