ՀԱՀ-ը նշեց հիմնադրման 35-ամյակը Արամ Խաչատրյան համերգասրահում

28.09.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ ՀԱՀ համայնքի անդամներին, այդ թվում՝ ուսանողներին, շրջանավարտներին, դասախոսներին և աշխատակիցներին, ինչպես նաև ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին, կառավարության ներկայացուցիչներին, պատվավոր հյուրերին և համալսարանի աջակիցներին համախմբած երեկոն նշանավորում էր ՀԱՀ-ի անցած 35-ամյա ուղին և անդրադառնում համալսարանի առջև բացվող նոր հնարավորություններին։

«Ճանապարհ հարթելով ապագա առաջնորդների համար» խորագրի ներքո անցկացված տոնական միջոցառումն ընդգծում էր ՀԱՀ-ի՝ կրթական հնարավորություններն ընդլայնելու, հետազոտական գործունեությունն ու նորարարական նախաձեռնությունները խթանելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու շարունակական հանձնառությունը։ Հոբելյանական երեկոն նաև առիթ հանդիսացավ վերահաստատելու ՀԱՀ-ի ներդրումը ուսանողների, հետազոտողների և մասնագետների նոր սերունդների կրթության գործում, որոնք իրենց գործունեությամբ նպաստելու են Հայաստանի ապագայի կերտմանը։

Վերջին 35 տարիների ընթացքում ՀԱՀ-ում ձևավորվել է կենսունակ ակադեմիական համայնք։ Այսօր այն ունի ավելի քան 2,800 ուսանող և շուրջ 8,000 շրջանավարտ, որոնք իրենց ներդրումն են ունենում Հայաստանի և աշխարհի տարբեր համայնքների զարգացման գործում՝ որպես ձեռնարկատերեր, ճարտարագետներ, գիտնականներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, պետական ծառայողներ, մանկավարժներ և հետազոտողներ։ Նրանց ձեռքբերումները համալսարանի մնայուն ժառանգությունն են։

ՀԱՀ-ը հիմնադրվել է նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարության, Կալիֆոռնիայի համալսարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) բացառիկ համագործակցության արդյունքում։ Այս համագործակցությունը հիմք դրեց մի հաստատության ստեղծմանը, որը Հայաստանը կապեց միջազգային ակադեմիական հանրության հետ՝ միաժամանակ նպաստելով մեր երկրի կրթական, տնտեսական և սոցիալական զարգացմանը։

Երեկոն մեկնարկեց ՀԱՀ Մեդիա լաբի կողմից պատրաստված ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում էր վերջին 35 տարիների ընթացքում համալսարանի անցած ճանապարհի, ներկայիս նշանակալի ազդեցության և առաջիկա ծրագրերի մասին։ Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց պաշտոնական հոբելյանական ծրագիրը, որի ընթացքում ելույթ ունեցան ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար և ՀԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ դոկտոր Ժաննա Անդրեասյանը, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ակադեմիական հարցերով նախկին փոխնախագահ, սոցիոլոգիայի և հանրային քաղաքականության վաստակավոր պրոֆեսոր, դոկտոր Քեթրին Ս. Նյումանը, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը և ՀԱՀ համահիմնադիր ու պատվավոր նախագահ, դոկտոր Արմեն Տեր Կյուրեղյանը։ 

Իր ելույթում ՀԱՀ նախագահ Պողոսյանն անդրադարձավ կրթության և հետազոտության միջոցով Հայաստանն աշխարհի հետ կապելու ՀԱՀ-ի դերին և ներկայացրեց համալսարանի առաջիկա տարիների առաջնահերթությունները։ «ՀԱՀ-ի առաքելության մի մասն ի սկզբանե եղել է կրթության և հետազոտության միջոցով Հայաստանն աշխարհի հետ կապելը։ Այսօր այդ կապը, կարելի է ասել, գործում է երկու ուղղությամբ։ Մենք Հայաստանի համար հասանելի ենք դարձնում համաշխարհային փորձը, համագործակցություններն ու հնարավորությունները, իսկ մեր ուսանողները, շրջանավարտներն ու հետազոտողներն իրենց գաղափարներով Հայաստանը ներկայացնում են աշխարհին», — նշեց նախագահ Պողոսհանը։ 

Դոկտոր Պողոսյանը խոսեց Հայաստանում աստիճանաբար ավելի մեծ պահանջարկ ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, ճարտարագիտությունը, կիրառական մաթեմատիկան, տնտեսագիտությունը, հանրային առողջապահությունը, շրջակա միջավայրի կայունությունը և հանրային քաղաքականությունը, ՀԱՀ-ի կրթական ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերի մասին: Նա նաև ներկայացրեց ՀԱՀ-ի գիտահետազոտական ներուժն ամրապնդելու, միջազգային համագործակցություններն ընդլայնելու, ինչպես նաև դասախոսների և ուսանողների համար հետազոտական ու նորարարական գործունեությամբ զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու առաջիկա ծրագրերը։ Համալսարանը նախատեսում է նաև ընդլայնել իր տարածքը և զարգացնել բազմազան ակադեմիական համայնքը՝ ամրապնդելով Հայաստանի կապն աշխարհի հետ։ «Համոզված եմ, որ ՀԱՀ-ի ամենամեծ ձեռքբերումները դեռ առջևում են։ ՀԱՀ-ը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է Հայաստանի լավագույն մասնագետների և աշխարհի առաջատար ակադեմիական ու ինստիտուցիոնալ հաստատությունների միջև համագործակցության կամուրջներ կառուցել», — նշեց նա։

Իր ելույթում նախարար Անդրեասյանն ընդգծեց Հայաստանի Հանրապետության կարևոր դերը ՀԱՀ-ի հիմնադրման և զարգացման գործում։ «Հայաստանի անկախության տարում հիմնադրված Հայաստանի ամերիկյան համալսարանի պատմությունը սերտորեն կապված է մեր երկրի՝ անկախ պետականության կայացման և զարգացման ճանապարհի հետ։ 35 տարիների ընթացքում համալսարանը դարձել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարևոր և ճանաչելի հաստատություններից մեկը՝ իր կրթական, գիտական և հասարակական առաքելությամբ նշանակալի ներդրում ունենալով մեր երկրի զարգացման գործում», — նշեց նախարարը։ «Համալսարանի անցած ճանապարհը վկայում է, որ հետևողական աշխատանքը, ակադեմիական ազատությունը, կրթության որակի նկատմամբ բարձր նշաձողը և միջազգային համագործակցության մշակույթը կարող են ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ գիտելիքն ու նորարարությունը վերածվում են երկրի զարգացման իրական ներուժի», — ավելացրեց նա։

Կալիֆոռնիայի համալսարանի անունից տեսաուղերձով հանդես եկող դոկտոր Նյումանը վերահաստատեց Կալիֆոռնիայի համալսարանի հանձնառությունը ՀԱՀ-ի նկատմամբ՝ անդրադառնալով վերջերս կնքված համաձայնագրին, որով ՀԱՀ-ի հետ իրենց համագործակցությունը երկարաձգվում է ևս 10 տարով։ «Ձեր աշխատանքի շնորհիվ ստեղծվել է Հայաստանի և աշխարհի համար մնայուն նշանակություն ունեցող հաստատություն», — նշեց Նյումանը։

Անդրադառնալով ՀԲԸՄ-ի և ՀԱՀ-ի երկարամյա համագործակցությանը՝ ՀԲԸՄ Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Յակուբյանն իր ելույթում ընդգծեց համալսարանի կարևոր դերը Հայաստանի կրթական և ակադեմիական միջավայրում։ «ՀԲԸՄ-ի համար մեծ հպարտություն է լինել ՀԱՀ տեսլականի հիմնադիր գործընկերներից մեկը։ Այսօր ՀԱՀ-ը Հայաստանի կարևորագույն կրթական հաստատություններից մեկն է՝ գիտելիքի, նորարարության և միջազգային համագործակցության կամուրջ, որը Հայաստանը կապում է աշխարհի լավագույն կրթական և գիտական հաստատությունների հետ», — նշեց նա։ 

Տոնական երեկոյի ընթացքում նաև ամփոփվեց ՀԱՀ-ի 35-ամյակին նվիրված «Ձայնը փոխանցի՛ր ապագային» նախաձեռնությունը։ Շուրջ երկու ամսվա ընթացքում նախաձեռնության շրջանակում հանգանակվեց 35,000 ԱՄՆ դոլար՝ ՀԱՀ Մեդիա լաբի փոդքասթի սենյակը «ՀԱՀ շրջանավարտների փոդքասթի սենյակ» անվանակոչելու համար։ Սա ՀԱՀ շրջանավարտների առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն ընդգծում է համալսարանի և շրջանավարտների աճող համայնքի միջև շարունակական կապը։

Ելույթ ունենալով շրջանավարտների համայնքի անունից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը (MPSIA ’15) անդրադարձավ ՀԱՀ-ի՝ իր շրջանավարտների փորձառությունների և մասնագիտական ուղիների ձևավորման գործում ունեցած դերին, ինչպես նաև շրջանավարտների համայնքի՝ համալսարանի շարունակական զարգացմանը նպաստելու պատասխանատվությանը։

Իր ելույթում դոկտոր Տեր Կյուրեղյանը շնորհավորեց ՀԱՀ համայնքին կարևոր հանգրվանի առթիվ և անդրադարձավ համալսարանի անցած նշանակալի ճանապարհին՝ հիմնադրման տեսլականից մինչև այն հաստատությունը, որն այսօր դարձել է ՀԱՀ-ը։ Ապագայի մասին խոսելով՝ նա վստահություն հայտնեց ՀԱՀ-ի շարունակական զարգացման և ներուժի նկատմամբ․ «Հետադարձ հայացք նետելով մեր անցած ճանապարհին՝ համոզված եմ, որ ՀԱՀ-ի հնարավորություններն անսահման են»։

Դոկտոր Տեր Կյուրեղյանի ելույթից հետո ՀԱՀ նախագահ Պողոսյանը նրան հանձնեց համալսարանի նախագահական պատվոգիրը՝ ՀԱՀ բարձրագույն պարգևը, որը շնորհվում է կրթության, հետազոտության, հանրային ներգրավվածության և նորարարական նախաձեռնությունների ոլորտներում բացառիկ ներդրում ունեցած և Հայաստանի առաջընթացին մեծապես նպաստած անձանց։ Դեռևս 2017 թվականին դոկտոր Տեր Կյուրեղյանի նախաձեռնությամբ ստեղծված այս պատվոգիրն առանձնահատուկ նշանակություն ունի և արժևորում է ՀԱՀ-ի և Հայաստանի զարգացման գործում կատարված երկարամյա ներդրումները։

Ծրագրին հաջորդեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։

Երեկոն եզրափակվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում ՀԱՀ համայնքի անդամները, գործընկերները, աջակիցները և հյուրերը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում միասին տոնեցին համալսարանի անցած 35-ամյա ճանապարհը։

ՀԱՀ-ը շնորհակալություն է հայտնում միջոցառման գործընկեր «Evocabank»-ին, ինչպես նաև հովանավորներ «Minas Wines» և «Pepsi» ընկերություններին՝ ցուցաբերած աջակցության համար։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Մեդիայի անդրադարձը

[ՀՀ ԿԳՄՍՆ կայք] Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը

[Massis Post] AUA Celebrates 35th Anniversary at Aram Khachaturian Concert Hall

Share