This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Ի լրումն նոր ստանդարտների և գործիքակազմի ներդրման, բուժառուի անվտանգությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ բուժաշխատողներ, որոնք գիտեն՝ ինչպես նվազեցնել ռիսկերը և բարելավել բուժօգնության անվտանգությունը առօրյա աշխատանքում և պատրաստ են այդ գիտելիքն ու մոտեցումները կիրառել իրենց կազմակերպություններում։
2026 թվականի ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետը (ԹԱԳՖ) իրականացրել է մի շարք կրթական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում բուժառուի անվտանգության վերաբերյալ գիտելիքների զարգացմանը և մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։
Նախաձեռնությունը ղեկավարել է բժ․ Աստղիկ Աթանյանը (MPH ’18), ով այս տարեսկզբին Հայաստանը ներկայացնող հինգ ներկայացուցիչների թվում էր, որոնք մասնակցեցին Միջազգային համատեղ հանձնաժողովի «Բուժառուի անվտանգության չեմպիոններ» դասավանդողների ուսուցման ծրագրին։ Վեցամսյա միջազգային ծրագիրը նպատակ ուներ զարգացնելու բուժառուի անվտանգության ոլորտում մասնակիցների մասնագիտական կարողությունները, խթանելու երկրում բուժառուի անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը և կրթության միջոցով նպաստելու առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը։
Նախաձեռնությունն իրականացվել է ՀԱՀ ԹԱԳՖ-ի և Աւեդիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի կողմից՝ հիմնվելով ֆակուլտետի բուժօգնության որակի և մասնագիտական կրթության ոլորտներում բազմամյա փորձի վրա։ Նախաձեռնության շրջանակում շեշտադրվել է բուժառուի անվտանգության թեմաների ինտեգրումը գործող կրթական ծրագրերում, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետների համար գործնական հմտությունների զարգացման նոր հնարավորությունների ստեղծումը։ Մասնավորապես, ընդլայնվել է ՀԱՀ «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի կրթական բաղադրիչի՝ բուժառուի անվտանգության թեմատիկ բովանդակությունը և ՀԱՀ Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի շրջանակում ավելացվել է հրավիրվող դասախոսություն՝ առողջապահության որակի և անվտանգության թեմայով։
Նախաձեռնության շրջանակում նաև ստեղծվել են առողջապահության ավելի լայն համայնքի համար նախատեսված կրթական և իրազեկման հնարավորություններ։ Այս տարվա հուլիսին ՁԱՈ ծրագրի շահառուների, նրանց աշխատակիցների և ԹԱԳՖ աշխատակազմի համար անցկացվել է բուժառուի անվտանգության վերաբերյալ 12-ժամյա դասընթաց, որը շնորհել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հավաստագրված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ավագ և միջին բուժաշխատողներին։ Իսկ հունիսի 30-ին կազմակերպված երկժամյա առցանց միջոցառումը միավորել է Հայաստանի առողջապահության ոլորտի շուրջ 134 մասնագետների և առողջապահական համայնքի այլ ներկայացուցիչների։ Երկու կրթական միջոցառումներն էլ արժանացել են բարձր գնահատականի․ մասնակիցները հատկապես ընդգծել են ներկայացված նյութի արդիականությունը, մատչելիությունն ու գործնականում կիրառելիությունը։
Նախաձեռնությունը կլինի շարունակական՝ ընդլայնելով Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետների համար բուժառուի անվտանգության վերաբերյալ կրթական և կարողությունների զարգացման հնարավորությունները։
«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի նպատակն է բարելավել որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ և աջակցելով առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել մասնավոր առողջապահական ծառայություններ վերոնշյալ համայնքներում։
ՀԱՀ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:
