ՁԱՈ ծրագիրն աջակցում է նյարդաբանական և վերականգնողական բժշկության կլինիկայի ստեղծմանը Սպիտակում

14.09.2026

This post is also available in: English

ՍՊԻՏԱԿ, Հայաստան: Օգոստոսի 22-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքում տեղի ունեցավ բժ. Անահիտ Ոսկանյանի հիմնած նյարդաբանական և վերականգնողական բժշկության կլինիկայի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին համայնքի բնակիչներ, համայնքում աշխատող բուժաշխատողներ և առողջապահության ոլորտի ձեռներեցներ, ընկերներ, բարեկամներ, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի ներկայացուցիչներ։

Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը և ունենալով շուրջ 13 տարվա կլինիկական մասնագիտական փորձառություն նյարդաբանության և վերականգնողական բժշկության ոլորտներում, ինչպես նաև հետդիպլոմային կրթություն ստանալով արտերկրում, բժ․ Ոսկանյանը որոշեց հայրենի Սպիտակ համայնքում հիմնել սեփական բժշկական կենտրոնը։ Նախաձեռնության հիմքում մեկ կարևոր նպատակ էր՝ Սպիտակի և հարակից համայնքների բնակիչների համար ավելի հասանելի դարձնել որակյալ նյարդաբանական և վերականգնողական բժշկության մասնագիտացված ծառայությունները՝ հնարավորություն տալով նրանց անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ իրենց համայնքում՝ առանց Երևան կամ այլ քաղաքներ մեկնելու անհրաժեշտության։

Կլինիկայի ստեղծման ճանապարհին Բժ․ Ոսկանյանը մասնակցել է «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրին՝ անցնելով առողջապահության ոլորտում ձեռներեցության և բուժօգնության որակի կառավարման ուղղությամբ կրթական բաղադրիչները, որի արդյունքում կազմել է բիզնես գաղափարի իրականացման գործառնական ծրագիր, որն էլ հավանության է արժանացել ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի կողմից։ Բժ․ Ոսկանյանն իր բժշկական կենտրոնը հիմնել է սեփական միջոցներով և որպես ՁԱՈ ծրագրի շահառու` հնարավորություն ունի օգտվել ծրագրի բաղադրիչներից։ 

 «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը ֆինանսավորվում է Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի կողմից և իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում՝ առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

Share