This post is also available in:
English
1991 թվականի սեպտեմբերի 21․ Հայաստանը տոնում է իր անկախությունը։ Նույն օրը Երևանում իր դռներն է բացում Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)՝ ողջունելով Անգլերենի ինտենսիվ ծրագրում ընդգրկված առաջին 101 ուսանողներին։
ՀԱՀ-ի պատմությունը, սակայն, չի սկսվում 1991 թվականին։ Այն սկիզբ է առնում մի քանի տարի ավելի վաղ՝ 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։
Դեռևս համալսարանի հիմնադրումից առաջ էր ձևավորվում տեսլականն այն մասին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ նոր տեսակի համալսարանը Հայաստանի ապագայի համար։
Տեսլականը կյանքի է կոչվում
Երկրաշարժից հետո, երբ երկիրը փորձում էր հաղթահարել աղետի հետևանքներն ու վերականգնվել, Հայաստան ժամանեց գիտնականների և ճարտարագետների միջազգային խումբ՝ վնասը գնահատելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Խմբի կազմում էին նաև սեյսմակայուն ճարտարագիտության երկու ամերիկահայ պրոֆեսոր՝ դոկտոր Միհրան Աղբաբյանը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից և դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանից։
Երբ դոկտոր Տեր-Կյուրեղյանը 1989 թվականին երկրորդ անգամ վերադարձավ Հայաստան, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի այն ժամանակվա ռեկտոր դոկտոր Յուրի Սարգսյանի հետ ունեցած իր զրույցը սկիզբ դրեց մի գաղափարի, որը հետագայում դուրս եկավ երկրի վերականգնման անմիջական խնդիրների շրջանակներից և, ի վերջո, հանգեցրեց Հայաստանում ամերիկյան մոդելի համալսարանի ստեղծմանը։
Դոկտոր Աղբաբյանը և դոկտոր Տեր-Կյուրեղյանն այդ գաղափարի հիման վրա մշակեցին նոր համալսարանի ստեղծման առաջարկ, որի նպատակն էր 1988 թվականի աղետին տալ կառուցողական արձագանք։ Համալսարանը պետք է պատրաստեր մասնագետներ, որոնք կունենային հետագա աղետները կանխարգելելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կկարողանային նպաստել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։
Շուտով առաջարկը համախոհներ գտավ նաև իր նախաձեռնողների շրջանակից դուրս։ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) այն ժամանակվա գործադիր փոխնախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը ողջունեց նախաձեռնությունը և խոստացավ տրամադրել ֆինանսական աջակցություն։ Թիմը ստացավ նաև Հայաստանի կառավարության համաձայնությունն ու աջակցությունը։ Շուտով նախաձեռնությանը միացավ նաև Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի Գործարարության ֆակուլտետի այն ժամանակվա դեկան դոկտոր Ստեփան Կարամարդյանը։

Տեսլականի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների ընթացքում թիմը սկսեց ներգրավել նոր համալսարանի հիմնադրման համար անհրաժեշտ ակադեմիական և վարչական փորձ ունեցող մասնագետների։ Այդ նպատակով նրանք դիմեցին Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ դոկտոր Դեյվիդ Գարդներին։ 1990 թվականի ամռանը համալսարանի ուսումնական հարցերով փոխնախագահ և գործադիր փոխնախագահ դոկտոր Ուիլյամ Ֆրեյզերի գլխավորած փաստահավաք խումբը ժամանեց Հայաստան՝ ծրագրի իրագործելիությունը գնահատելու նպատակով։ Այցի արդյունքների հիման վրա՝ Կալիֆոռնիայի համալսարանը համաձայնեց աջակցել նոր համալսարանի հիմնադրմանը։
ՀԱՀ-ի հիմնադրման նախաձեռնությունն աստիճանաբար վերածվում էր Հայաստանի, սփյուռքի և Միացյալ Նահանգների միջև գործընկերության։ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը (ներկայումս՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), տրամադրեց լոգիստիկ աջակցություն։ ՀԲԸՄ-ն ապահովեց համալսարանի գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ գործառնական ֆինանսավորումը, իսկ հետագայում ՀԱՀ-ի համար ստեղծեց նվիրատվական ֆոնդ և խրախուսեց իր նվիրատուներին աջակցել համալսարանին։ ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսի հաստատմամբ տրամադրեց 9,58 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՀԱՀ-ի համար նվիրատվական ֆոնդ ստեղծելու նպատակով, իսկ հետագայում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Ամերիկյան դպրոցներ և հիվանդանոցներ արտերկրում» ծրագրի շրջանակում տրամադրեց ամենամյա մրցութային դրամաշնորհներ։
ՀԱՀ-ի կայացման գործում կարևոր դեր ունեցավ նաև Կալիֆոռնիայի համալսարանի հետ ձևավորված համագործակցությունը, որի շրջանակում տրամադրվեց ակադեմիական և տեխնիկական աջակցություն, զարգացավ դասախոսական կազմի ներուժը, ինչպես նաև ընդլայնվեցին ակադեմիական փոխանակման և համագործակցության հնարավորությունները։ Մինչ օրս ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներ Կալիֆոռնիայի համալսարանի՝ գործող կամ նախկին բարձրաստիճան ակադեմիական գործիչներ են։
Նորաստեղծ համալսարանին հարկավոր էր նաև սեփական շենք ունենալ։ Բաղրամյան պողոտայի 40 հասցեում գտնվող ՀԱՀ գլխավոր մասնաշենքը, որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, տեղակայված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի հետևում։ Հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած շենքը, որը սկզբնապես կառուցվել էր որպես Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի «Քաղաքական լուսավորության տուն» և համագումարների կենտրոն, 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարության կողմից նվիրաբերվեց ՀԱՀ-ին։
Վերհիշելով նախագահ Աղբաբյանի հետ համալսարանի շենք կատարած իր առաջին այցը՝ դոկտոր Տեր-Կյուրեղյանն իր «Երկրաշարժի ողբերգությունից դեպի լույսի փարոս. Հայաստանի ամերիկյան համալսարանի պատմությունը» (From Earthquake Tragedy to Beacon of Light: The Story of the American University of Armenia) մենագրության մեջ գրում է. «Հստակ հիշում եմ, թե ինչպես նախագահ Աղբաբյանի հետ առաջին անգամ մուտք գործեցինք Մարշալ Բաղրամյան փողոցի 40 հասցեում գտնվող Շահումյանի շենք։ Դրա հսկայական չափերն ուղղակի ապշեցրել էին մեզ»։ Խորհրդային շրջանում քաղաքական կրթության խորհրդանիշ հանդիսացող այդ շենքը հետագայում դարձավ ամերիկյան մոդելի նոր համալսարան։

Անհրաժեշտ աջակցության և գործընկերության շնորհիվ՝ համալսարանի հիմնադրման տեսլականը սկսեց իրականություն դառնալ։ 1991 թվականի սեպտեմբերին ՀԱՀ-ի և Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Դոկտոր Աղբաբյանը դարձավ ՀԱՀ-ի հիմնադիր նախագահը, իսկ դոկտոր Տեր-Կյուրեղյանն ու դոկտոր Կարամարդյանը ստանձնեցին, համապատասխանաբար, Ճարտարագիտության ու Գործարարության և կառավարման ֆակուլտետների հիմնադիր դեկանների պաշտոնները։ Համալսարանի հիմնադրման գործում ներգրավված հայ և ամերիկացի գիտնականների ու պաշտոնյաների հետ միասին նրանք ամուր հիմքերի վրա դրեցին ՀԱՀ-ը և նախապատրաստեցին նորաստեղծ համալսարանը՝ ընդունելու իր առաջին ուսանողներին։
Նոր ուղու սկիզբը
1991 թվականի սեպտեմբերին՝ դասերի մեկնարկի օրը, նախագահ Աղբաբյանն ու դեկան Կարամարդյանը ողջունեցին ՀԱՀ-ի առաջին ուսանողներին։ Ինչպես հետագայում իր մենագրության մեջ վերհիշում է դոկտոր Տեր-Կյուրեղյանը, դոկտոր Կարամարդյանն իր խոսքում կարևորեց այն փաստը, որ ՀԱՀ-ը պարզապես այլ երկիր տեղափոխված ամերիկյան համալսարան չէ, այլ հայկական համալսարան է, որը հիմնված է ամերիկյան բարձրագույն կրթության համակարգի փիլիսոփայության, մեթոդների և ռեսուրսների վրա։ Նա հիշեցրեց ուսանողներին, որ իրենց պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն սեփական անձով և ընտանիքով․ «Դուք պատասխանատու եք ոչ միայն ձեր և ձեր ընտանիքի, այլև ձեր ազգի առջև»։ Նա ընդգծեց, որ որպես ՀԱՀ-ի առաջին սերունդ՝ հենց իրենց քայլերն են կերտելու համալսարանի հետագա հաջողությունը։ Ժամանակի ընթացքում պատասխանատվության այդ զգացումը դարձավ ՀԱՀ-ի ինքնության հիմնասյուներից մեկը և իր արտահայտությունը գտավ համալսարանի նշանաբանում՝ «Ավելին, քան կրթություն՝ նվիրում։»։

Այսպիսով, ՀԱՀ-ն իր գործունեությունը սկսեց երեք կրթական ծրագրով՝ Գործարարություն և կառավարում, Սեյսմակայուն ճարտարագիտություն և Արդյունաբերական ճարտարագիտություն՝ արտացոլելով թե՛ համալսարանի հիմնադրման տեսլականը, թե՛ անկախություն ձեռք բերած և իր տնտեսությունն ու հաստատությունները վերակառուցող երկրի կարիքները։ Այնուամենայնիվ, գործունեության առաջին իսկ տարիներին համալսարանն արագորեն ընդլայնեց իր կողմից առաջարկվող կրթական ծրագրերի շրջանակը։
1992 թվականին ՀԱՀ-ը մեկնարկեց մի շարք նոր կրթական ծրագրեր և հիմնեց հետազոտական կենտրոններ։ Հայաստանի դպրոցների համար անգլերենի ուսուցիչներ պատրաստելու նպատակով ստեղծվեց Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման վկայական շնորհող ծրագիրը, իսկ շրջակա միջավայրի պահպանության, արդյունաբերական ճարտարագիտության և վերականգնվող էներգիայի ոլորտներում կրթական ու հետազոտական գործունեությանը աջակցելու նպատակով ստեղծվեցին Շրջակա միջավայրի պահպանության և հետազոտությունների և Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնները ։ Գործարար հետազոտությունների և զարգացման կենտրոնը սկսեց մասնավոր և շահույթ չհետապնդող կազմակերպություններին մատուցել հետազոտական և խորհրդատվական ծառայություններ, իսկ նոր ՀԱՀ շարունակական կրթության ծրագիրը կարճաժամկետ դասընթացներ առաջարկեց աշխատող մասնագետներին և լայն հանրությանը։
Միևնույն ժամանակ, ՀԱՀ-ում ձևավորվում էր լսարանից դուրս գործող համայնք։ Ուսանողների շահերը ներկայացնելու և նրանց բարեկեցությունն ապահովելու նպատակով ստեղծվեց Ուսանողական խորհուրդը։

1993 թվականին ՀԱՀ-ում տեղի ունեցավ առաջին ավարտական հանդիսությունը, որի ընթացքում Գործարարություն և կառավարում ծրագրի 38, Արդյունաբերական ճարտարագիտության 10 և Սեյսմակայուն ճարտարագիտության 5 ուսանող ստացան ավարտական վկայագրեր։ Ընդամենը երկու տարի առաջ հիմնադրված համալսարանի համար այս հանդիսավոր արարողությունը Հայաստանի ապագան կերտող մասնագետների նոր սերունդ պատրաստելու իր առաքելության առաջին շոշափելի արդյունքն էր։
Առաջին շրջանավարտների համայնքի ձևավորումից հետո՝ 1994 թվականին, ստեղծվեց Շրջանավարտների ասոցիացիան, որի նպատակն էր աջակցել շրջանավարտների մասնագիտական զարգացմանն ու հետագա ակադեմիական առաջընթացին։
1996 թվականին ՀԱՀ-ն արդեն ընդլայնել էր իր գործունեությունը՝ սկզբնական երեք ծրագրերից բացի ներառելով նոր ոլորտներ, որոնք ուղղված էին Հայաստանի փոփոխվող կարիքներին։ Այդ ընթացքում ստեղծվել էր նաև Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն առաջարկում էր մագիստրոսական ծրագիր՝ դիվանագետների, քաղաքական վերլուծաբանների և պետական կառավարման ոլորտի մասնագետների նոր սերունդ պատրաստելու նպատակով։ Համալսարանը ստեղծել էր նաև Իրավական հետազոտությունների կենտրոնը, իսկ Հանրային առողջապահության վկայական շնորհող ծրագիրը վերածվել էր Հանրային առողջապահության լիարժեք մագիստրոսական ծրագրի։ Միևնույն ժամանակ, Հայաստանի բարեփոխումներին աջակցող հաստատությունների համար իրավական հիմքեր ստեղծելու և դրանք համապատասխան մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը նախադրյալ հանդիսացավ ՀԱՀ-ում Իրավագիտության երկամյա մագիստրոսական ծրագրի ստեղծման համար։
Իր դռները բացելուց ընդամենը հինգ տարի անց ՀԱՀ-ն արդեն ակադեմիական և մասնագիտական ավելի լայն համայնք էր, որը կրթում էր ուսանողների, իրականացնում հետազոտություններ, աջակցում մասնագիտական զարգացմանը և արձագանքում խորքային վերափոխումների փուլում գտնվող երկրի կարիքներին։
Այն, ինչ սկիզբ էր առել որպես ողբերգությանը հաջորդած տեսլական, 1996 թվականին դարձել էր զարգացող համալսարան՝ հստակ առաքելությամբ և Հայաստանի ապագայի հանդեպ հանձնառությամբ։ 1991 թվականին բացված դռները ձևավորեցին ուսանողների, գիտնականների և շրջանավարտների նոր համայնք` հիմք դնելով մի հաստատության, որի առաքելությունը դուրս էր գալիս կրթության սահմաններից և վերածվում երկարաժամկետ հանձնառության՝ ծառայելու այն երկրին, որի համար ստեղծվել էր։
Համալսարանի ուղին դեռ նոր էր սկսվում։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները: