This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան: Հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացավ 34-րդ ավարտական հանդիսությունը, որի շրջանակում համալսարանը հրաժեշտ տվեց 2026 թվականի շրջանավարտներին։ ՀԱՀ մեծ դահլիճում տեղի ունեցած տոնական միջոցառումը համախմբել էր մագիստրատուրայի, բակալավրիատի և վկայագիր շնորհող ծրագրերի ավելի քան 600 շրջանավարտների՝ դառնալով ՀԱՀ պատմության մեջ ամենամեծ և հիշարժան ավարտական հանդիսությունը։
Հանդիսության պատվարժան հյուրերի շարքում էին ՀԱՀ պատվավոր նախագահ և համահիմնադիր դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր Զաւէն Փ․ Ագեանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ դոկտոր Բարբարա Ա. Սոուրին, ինչպես նաև համալսարանի հոգաբարձուներ։ Միջոցառմանը ներկա էին նաև շրջանավարտների ընտանիքների անդամներն ու հարազատները, ինչպես նաև ՀԱՀ համայնքի ներկայացուցիչներ։
Այս տարվա ավարտական հանդիսությունը պատմական նշանակություն ուներ, քանի որ այս տարի ՀԱՀ-ը տոնում է իր հիմնադրման 35-ամյակը՝ նշանավորելով կրթական գերազանցության, նորարարության և հանրային ծառայության ոլորտներում երեքուկես տասնամյակ ձգվող իր գործունեությունը։
«ՀԱՀ-ի հիմնադրման 35-ամյակի այս հոբելյանական տարին հիանալի հնարավորություն է հետադարձ հայացք նետելու այն հսկայական առաջընթացին, որ մենք արձանագրել ենք համալսարանի գործունեության առաջին տարիներից՝ 1991 թվականին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր», — իր ողջույնի խոսքում նշեց ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը։ «Մենք համոզված ենք, որ ՀԱՀ-ը, բազմաթիվ առումներով, Հայաստանի անկախացումից ի վեր սփյուռքի կողմից Հայաստանում իրականացված ամենախոշոր և ամենահաջող ներդրումն է»։
Դիմելով շրջանավարտներին՝ դոկտոր Պողոսյանն ասաց. «Մենք վստահ ենք, որ դուք մշտապես կառաջնորդվեք ազնվության և կարեկցանքի սկզբունքներով և երբեք չեք կորցնի ձեր հետաքրքրասիրությունը։ Մենք համոզված ենք, որ դուք կդառնաք ՀԱՀ-ի արժանի ներկայացուցիչներ՝ հավատարիմ մնալով համալսարանի համակողմանի կրթության միջոցով ձեզ փոխանցված մարդասիրական արժեքներին և ձեր հետագա մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում պահպանելով անփոխարինելի մարդկային գործոնը»։
ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Զաւէն Փ. Ագեանը նույնպես ընդգծեց այն պատասխանատվությունը, որ դրված է ՀԱՀ շրջանավարտների ուսերին։ «Դուք կրում եք արժեքներ, որոնք մեծ կարևորություն ունեն մեր երկրի համար՝ ազնվություն, գերազանցություն և հանրային բարօրությանը ծառայելու հանձնառություն», — նշեց նա։ «ՀԱՀ-ը հիմնադրվել է այն համոզմամբ, որ կրթությունն ամենամնայուն ներդրումներից մեկն է, որ երկիրը կարող է կատարել իր ապագայի համար։ Ձեզնից յուրաքանչյուրն այդ ներդրման արդյունքի վառ օրինակն է։ Ձեր գիտելիքները, առաջնորդական կարողություններն ու քաղաքացիական պատասխանատվության զգացումը կօգնեն կերտել վաղվա Հայաստանը»։
Զաւէն Փ. Ագեանի ելույթից հետո Կալիֆոռնիայի համալսարանի անունից ավանդական ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ դոկտոր Բարբարա Ա. Սոուրին։
Այս տարվա գլխավոր բանախոսներն էին Հարվարդի և Թաֆթսի hամալսարանների նախկին նախագահ, դոկտոր Լոուրենս Ս. Բեքոուն, ինչպես նաև Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող և Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։
Իր ելույթում դոկտոր Բեքոուն շրջանավարտներին փոխանցեց արժեքավոր խորհուրդներ՝ կոչ անելով նրանց ձգտել իմաստության ողջ կյանքի ընթացքում։ «Դուք կրթություն եք ստացել հիանալի համալսարանում, սակայն մի՛ կարծեք, թե ձեր կրթությունն արդեն ավարտված է, կամ թե կյանքում ամենակարևոր դասերը քաղելու եք միայն այն մարդկանցից, որոնք կիսում են ձեր փորձառություններն ու աշխարհայացքը։ Թեև այսօր դուք ավարտում եք համալսարանը, ձեր ուսման ճանապարհն իրականում դեռ նոր է սկսվում․ պատահական չէ, որ այս օրը մենք կոչում ենք commencement՝ սկիզբ և ոչ թե ավարտ։ Բարձրագույն կրթություն ստացած մարդիկ իմաստության նկատմամբ մենաշնորհ չունեն։ Եթե պատրաստ լինեք սովորելու, ամենուր կհանդիպեք հրաշալի ուսուցիչների», — ասաց նա։ «Աշխարհը սպասում է ձեզ։ Գնացե՛ք և մե՛ծ գործեր կատարեք», — եզրափակեց նա։
Իր ելույթում Փայլանը խրախուսեց շրջանավարտներին ձգտել ոչ միայն մասնագիտական ոլորտում անձնական հաջողությունների, այլև միավորվել Հայաստանի հզորացմանն ուղղված ընդհանուր երազանքի շուրջ։ «Երբեք մի՛ թերագնահատեք ձեր սերնդի ներուժը։ Ապագան ձերն է», — ընդգծեց նա։
Գլխավոր բանախոսների ելույթներին հաջորդեցին շրջանավարտների հրաժեշտի ուղերձները։ Բակալավրիատի շրջանավարտներ Սուզան Սապոնճեանը (BAPG ’26) և Արինա Մելիքյանը (BAB ’26), ինչպես նաև մագիստրատուրայի շրջանավարտներ Հասմիկ Դավթյանը (CTr ’26) և Միլենա Մկոյանը (MAIRD ’26) հրաժեշտի ուղերձներով հանդես եկան համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով։ Ուսանողական հատուկ ուղերձ հղեց նաև Լևոն Նազարյանը (LL.M. ’26)։
Ինչպես միշտ, հանդիսության ընթացքում հանձնվեցին մի շարք մրցանակներ։ 2026 թվականի ՀԱՀ նախագահական պատվոգիրը շնորհվեց Զաւէն Փ. Ագեանին՝ իր բացառիկ ավանդի և բարեգործական գործունեության համար, այդ թվում՝ իր անունը կրող Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Պատվոգրի համար օգտագործվել է յուրահատուկ ձեռագործ թուղթ, որը պատրաստվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրից հավաքված ծաղիկներից։
Ակադեմիական գերազանց առաջադիմության համար շնորհվող Վարդգես Մ. Բալյան կրթաթոշակին արժանացավ ՀԱՀ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագրի ուսանող Էդhար Ասլանյանը (MPH ’27)։
Դասավանդման ասպարեզում գերազանցության մրցանակներ շնորհվեցին Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի հրավիրյալ դասախոս Աննա Գևորգյանին և Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի դասախոս Վիքի Հերկելեանին։ Գիտական հետազոտությունների ոլորտում գերազանցության մրցանակների արժանացան Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր, դոկտոր Անյա Ագոպեանը և Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի ասիստենտ պրոֆեսոր, Տնտեսագիտության բակալավրի ծրագրի ղեկավար, դոկտոր Հայկ Քամալյանը։
Ավարտական հանդիսությունն ամփոփվեց 2026 թվականի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին վկայագրերի և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Միջոցառման ավարտին շրջանավարտները, ավանդույթի համաձայն, վեր նետեցին իրենց գլխարկները։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները: