ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին (Կարեն Կակոսյան պարտեզներ)․ նոր միջավայր շփման, հանգստի և զարգացման համար

05.06.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ Եռանկյունաձև այգու (Կարեն Կակոսյան պարտեզներ) երկար սպասված բացման արարողությունը։

Այգու ստեղծման հիմքում ընկած է ՀԱՀ համայնքի և Երևանի բնակիչների համար նոր կանաչ տարածք ձևավորելու տեսլականը։ Թեև շինարարական աշխատանքները դեռևս ամբողջությամբ չեն ավարտվել, ՀԱՀ ղեկավարությունը, հաշվի առնելով Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա անցնող  հետիոտների առջև ծառացած անհարմարությունները, որոշում կայացրեց կազմակերպել այգու նախաբացումը` այն հնարավորինս շուտ  համայնքի համար հասանելի դարձնելու նպատակով։ 

Այգու կենտրոնական անցուղին բաց կլինի հանրության համար, իսկ մնացած փոքր շտկումներն ու վերջնական աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ 

Ավելի քան 120 նորատունկ ծառ և բազմաթիվ կանաչ գոտիներ արդեն իսկ ձևավորում են այգու բնապատկերը։ Թեև փոփոխություններն արդեն նկատելի են, ծառերն ու թփերը դեռևս աճման մի քանի շրջան պետք է անցնեն՝ իրենց վերջնական տեսքը ստանալու համար։ 

Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտից հետո այգին կծառայի որպես կենսունակ և կանաչ հանրային տարածք՝ ինչպես ՀԱՀ համայնքի, այնպես էլ տեղի բնակիչների համար։ Դարավանդաձև լանդշաֆտը, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց կարիքներին, ներառում է դեպի այգին տանող ոլորապտույտ արահետ, ինչպես նաև խաղերի, սպորտային ակտիվությունների և հանգստի համար նախատեսված տարածքներ։ 

Այգու բացման արարողությունը ղեկավարում էր ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱՀ համայնքի անդամներ, նվիրատուներ և աջակիցներ, այդ թվում՝ ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Զաւէն Փ․ Ագեանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀԱՀ շրջանավարտ դոկտոր Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր։ 

Դոկտոր Պողոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Կակոսյան և Ավետիսյան ընտանիքներին՝ իրենց անգնահատելի ներդրման համար, Երևանի քաղաքապետարանին՝ նախաձեռնությանն աջակցելու համար, ինչպես նաև բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում բարեկարգված այգու տեսլականը դարձավ իրականություն։ «Այսօրվա միջոցառումը խորհրդանշում է ավելին, քան պարզապես նոր տարածքի բացումը. այն գործընկերության և միասնական տեսլականի ուժի վկայությունն է՝ ՀԱՀ-ի նվերը մեր գեղեցիկ քաղաքին։ Հուսով եմ, որ ՀԱՀ Եռանկյունաձև այգին (Կակոսյան պարտեզները) դեռ երկար տարիներ կծառայի որպես շփման, ուսման և ոգեշնչման վայր», — նշեց նա։ 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը կարևորեց ՀԱՀ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությունը, բարձր գնահատեց բարեկարգման աշխատանքների որակը և վերահաստատեց իր աջակցությունն այն ապագա նախաձեռնություններին, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանն ու քաղաքում կանաչ հանրային տարածքների ընդլայնմանը։ 

ՀԱՀ շրջանավարտ և «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի շահառու Գոռ Ղազարյանը (BAB ’25) շնորհակալություն հայտնեց դոկտոր Կակոսյանին՝ ուսանողական կրթաթոշակներին և այգու ստեղծմանն ուղղված աջակցության համար՝ ընդգծելով կրթության և համայնքի զարգացման ոլորտներում նրա ներդրման երկարատև ազդեցությունը։ 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև հարակից թաղամասի բնակիչ Ցոլին Սարյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ում տեսլականի և ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այգու վերակառուցումը։  Նա նաև հույս հայտնեց, որ այգին դեռ երկար տարիներ կշարունակի ծառայել ուսանողներին և հարակից թաղամասերի բնակիչներին։

Դոկտոր Կակոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀԱՀ ղեկավարությանը, Երևանի քաղաքապետարանին, իր ընտանիքին և բոլոր նրանց, ում նվիրվածության և համագործակցության շնորհիվ ծրագիրը իրականություն դարձավ։

Եռանկյունաձև այգու նախագծման և կառուցման համար ճարտարապետական և շինարարական ընկերություններն ընտրվել են բաց մրցութային ընթացակարգերի միջոցով։ Միջոցառմանը ներկա էր նաև Նիդեռլանդների «MTD Landscapers» ընկերության ներկայացուցիչ, այգու լանդշաֆտային ճարտարապետ Ռուուդ Դուբելդը։ Անդրադառնալով այգու նախագծման և կյանքի կոչման վեցամյա գործընթացին՝ նա նշեց, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, մրցույթում հաղթած գաղափարը հաջողվել է վերածել կայուն և կլիմայական փոփոխություններին դիմակայող կանաչ տարածքի՝ ուսանողների, տեղի բնակիչների և Երևան քաղաքի ավելի լայն համայնքի համար։ 

Ամփոփելով միջոցառումը՝ ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անունից ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Զաւէն Փ․ Ագեանը։ «Այս այգին ստեղծվել է ոչ միայն համալսարանի տարածքը բարելավելու նպատակով, այլև որպես հանրային տարածք, որը միավորում է համալսարանը հարակից թաղամասերի հետ։ Այն արտացոլում է մեր այն համոզմունքը, որ ՀԱՀ-ը պետք է շարունակի մնալ բաց, ներգրավված և իր շրջակա համայնքի հետ սերտորեն փոխկապակցված հաստատություն», — նշեց նա։

Նախքան բարեկարգման աշխատանքների ավարտը այգին ակտիվորեն օգտագործվում էր ինչպես հարակից թաղամասերի բնակիչների, այնպես էլ ՀԱՀ համայնքի անդամների կողմից, սակայն չէր համապատասխանում որակի, միջավայրի հարմարավետության և պատշաճ խնամքի համար սահմանված չափանիշներին:  2020 թ.-ին ՀԱՀ ուսանողների կողմից իրականացվել է ծավալուն հետազոտություն, որի շրջանակում Շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացի միջոցով հավաքագրվել և վերլուծվել են բնակիչների ցանկություններն ու գաղափարները։ Այս հետազոտության արդյունքները հիմք հանդիսացան այգու գաղափարական նախագծման համար, ինչը երաշխավորեց տարվա բոլոր եղանակներին այգու՝ կլիմայական փոփոխությունների նկատմամբ հարմարվողականությունը, տեղական կենսաբազմազանության ամրապնդումը, ինչպես նաև խելացի էներգետիկ լուծումների և տեխնոլոգիաների կիրառումը։ 

Այգու նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ Արտերկրում ամերիկյան դպրոցների և հիվանդանոցների գրասենյակի (ASHA) կողմից 2019 թ․ սեպտեմբերին տրամադրված դրամաշնորհի միջոցով։ USAID-ի գործունեության դադարեցումից հետո նախագիծն ավարտին հասցվեց դոկտոր Կարեն Կակոսյանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ։ Դոկտոր Կակոսյանի նվիրվածությունը ՀԱՀ-ին արտացոլվում է նաև «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի ստեղծմամբ։ Նախագծի իրականացմանն աջակցեց նաև «Ավետիսյան ընտանիք» հիմնադրամը՝ ՀԱՀ գլխավոր բարերարներից մեկը, որը տարիներ շարունակ աջակցել է համալսարանի բազմաթիվ կրթական ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացմանը։ Նախագծի համար նախատեսված տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից համալսարանին տրամադրվել է 25 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով։ 

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Մեդիա անդրադարձ․

[Արմենպրես] Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Share

Related News

ՆորություններՀամալսարան
ՀԱՀ-ում կայացավ 2026 թվականի շրջանավարտների ավարտա...
Համալսարանը հրաժեշտ տվեց 2026 թվականի շրջանավարտներին։

06.06.2026

դասախոսՀամալսարանՆորություններռազմավարական ծրագիրը
ՀԱՀ-ը նախաձեռնում է դասախոսների մասնագիտական զարգա...
Դասընթացի շրջանակում առանձնահատուկ կարևորություն է տրվում ինքնանդրադարձ կատարելու հմտությանը։

08.05.2026

Նորություններ
Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց
Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է:

05.05.2026