ՀԱՀ-ը նախաձեռնում է դասախոսների մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթաց նոր ռազմավարական ծրագրի շրջանակում

08.05.2026

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2024 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) որդեգրեց 10-ամյա ռազմավարական ծրագիր, որը սահմանում է հավակնոտ, բայց անհրաժեշտ ուղղություն, այն է՝ ամրապնդել համալսարանի դիրքավորումը որպես առաջատար ուսումնական հաստատություն Հայաստանում և տարածաշրջանում։ Ծրագրի առանցքում ոչ միայն ինստիտուցիոնալ աճն է, այլև ակադեմիական փորձառության որակը և դրա կայունությանը նպաստող պայմանների ապահովումը։

«Այդ պայմանների շրջանակում դասավանդումը վճռորոշ նշանակություն ունի։ Եթե մենք իսկապես կարևորում ենք ուսանողների ուսումնառությունը, ապա նույնպիսի պատասխանատվությամբ պետք է մոտենանք նաև այն հարցին, թե ինչպես ենք դասավանդում, ինչպես ենք ընկալում դասավանդումը և ինչպես ենք ժամանակի ընթացքում զարգանում որպես մանկավարժներ։ Այս գործընթացը տեղի չի ունենում ինքնաբերաբար և չի սահմանափակվում մի քանի մեթոդների կիրառմամբ․ այն պահանջում է խորքային մտածողություն, հետևողական աշխատանք, նորարարական մոտեցում և շարունակական մասնագիտական զարգացում», — նշում է ՀԱՀ-ի ուսումնական հարցերով փոխնախագահ, դր․ Ալինա Ղարաբեգյանը։

Հենց այս մտածողության հիման վրա, ինչպես նաև Կրթական գիտությունների պրոֆեսոր, Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, դր․ Յակոբ Եագուպեանի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց դասախոսների մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացի գաղափարը։ Սա նախապես մշակված ծրագրի գործարկում չէր․ նախաձեռնության հիմքում ընկած էր այն ընդհանուր գիտակցումը, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի համակարգված միջավայր, որտեղ դասախոսները կկարողանան վերանայել և կատարելագործել իրենց դասավանդման մեթոդները։

Մեկ կիսամյակ տևողությամբ այս դասընթացը, որը մշակվել և իրականացվում է դր. Եագուպեանի կողմից, միավորում է գործնական ներգրավվածությունը և տեսական հիմունքները։ Մասնակիցները կատարում են դեպքերի ուսումնասիրություններ, ներգրավվում գործընկերային դիտարկումներում, փորձարկում դասավանդման տարբեր մոտեցումներ, ինչպես նաև ստանում հետևողական և անհատականացված հետադարձ կապ։ Այս գործնական աշխատանքներն ուղեկցվում են բարձրագույն կրթության ոլորտում արդյունավետ դասավանդման և ուսումնառության հիմնարար սկզբունքների և հայեցակարգային շրջանակների քննարկմամբ։ Դր․ Եագուպեանը նշում է․ «Դասընթացի նպատակը պարզապես մեթոդների ներկայացումը չէր․ այն միտված էր օգնելու դասախոսներին ավելի գիտակցված կերպով մոտենալ այն հարցին, թե ինչու են ընտրել դասավանդման հենց այդ մոտեցումը և ուսումնառության ինչպիսի արդյունքներ են ձևավորվում իրենց կատարած ընտրությունների արդյունքում»։

Դասընթացի շրջանակում առանձնահատուկ կարևորություն է տրվում ինքնանդրադարձ կատարելու հմտությանը։ Համակարգված վարժությունների ընթացքում դասախոսները հանդես են գալիս ուսանողի դերում՝ սիմուլյացիոն լսարանային իրավիճակներում, ապա վերադառնում իրենց դասախոսական դերին` վերլուծելու ձեռք բերված փորձառությունը։ Դասընթացն իրականացվում է երկու փուլով․ նախ` ուսումնասիրվում են տեսական և մեթոդաբանական հիմունքները, ապա իրականացվում է գործնական աշխատանք լսարանում՝ զուգորդված դիտարկումներով և մանրամասն հետադարձ կապով: Այս մոտեցումը մասնակիցների համար ունեցավ թե՛ գործնական, թե՛ պարզաբանող նշանակություն: ՀԱՀ-ի հետազոտող դասախոս Լուսինե Մուշեղյանը նշում է․ «Այս դասընթացն ինձ օգնեց ավելի համակարգված պատկերացում կազմել ուսանողակենտրոն և ապացուցահեն դասավանդման մասին՝ միաժամանակ խթան հանդիսանալով առավել խորքային անդրադարձ կատարել դասավանդման իմ մեթոդներին։ Ես արդեն սկսել եմ փոփոխել իմ դասավանդման մոտեցումները»։ 

Թեև դասընթացի նախնական տարբերակը հիմնականում նախատեսված էր սկսնակ դասախոսների համար, ծրագրում ընդգրկվել էին նաև մասնագիտական զարգացման տարբեր փուլերում գտնվող մասնակիցներ։ Ապագայում նախատեսվում է կիրառել ավելի տարբերակված մոտեցումներ՝ հաշվի առնելով դասախոսների մանկավարժական կարիքների փոփոխությունները։ Այս նախաձեռնությունն արտացոլում է ՀԱՀ-ի աճող ինստիտուցիոնալ հանձնառությունը՝ դասավանդումը դիտարկելու որպես շարունակաբար զարգացող և ինքնանդրադարձի վրա հիմնված գործունեություն, որը պահանջում է հետևողական ուշադրություն և նպատակային աջակցություն: 

Դր. Եագուպեանի կողմից մշակված այս դասընթացը նպատակ ուներ ոչ միայն ծանոթացնելու դասավանդման տարբեր մեթոդներին, այլև խրախուսելու դասախոսներին ավելի խորությամբ ընկալել իրենց դասավանդման մոտեցումների և ուսանողների ուսումնառության արդյունքների միջև փոխկապակցվածությունը։ Այս առումով դասընթացը կարելի է դիտարկել որպես սկզբնական, սակայն նշանակալի քայլ՝ ՀԱՀ-ի ակադեմիական մշակույթում մանկավարժության նկատմամբ առավել նպատակային և հետազոտահեն մոտեցումների արմատավորման ուղղությամբ։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Share

Related News

ՆորություններՀամալսարան
ՀԱՀ-ում կայացավ 2026 թվականի շրջանավարտների ավարտա...
Համալսարանը հրաժեշտ տվեց 2026 թվականի շրջանավարտներին։

06.06.2026

ՆորություններՀամալսարան
ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին (Կարեն Կակոսյան ...
Տեղի ունեցավ Եռանկյունաձև այգու (Կարեն Կակոսյան պարտեզներ) երկար սպասված բացման արարողությունը։

05.06.2026

Նորություններ
Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոց
Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է:

05.05.2026