This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն (ԹԱԳՖ) աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը ազգային առողջապահական համակարգում բուժօգնության որակի բարելավման նախաձեռնությունների իրականացման գործընթացում։
Ղեկավարվելով Բուժօգնության որակի 2022-26 թթ․ ռազմավարությամբ՝ վերջին տարիներին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է բուժօգնության որակի գործիքակազմի մշակում և որակի բարելավման ծրագրերի իրականացում ողջ հանրապետության տարածքում։ Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ երկիրը շարժվում է առողջության համապարփակ ապահովագրության (Universal Health Coverage) համակարգի ներդրման ուղղությամբ, որը նախատեսվում է կյանքի կոչել 2026 թվականին։
Վերջին կառուցվածքային բարեփոխումների շրջանակում մարզային բժշկական կենտրոնները փոխանցվել են ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայությանը, և բոլոր առողջապահական հաստատությունների համար սահմանվել է բուժօգնության որակի պատասխանատու անձանց նշանակման նոր պահանջ։ Այս համատեքստում ԹԱԳՖ-ն աջակցում է մարզային բժշկական կենտրոնների բուժօգնության որակի պատասխանատուների վերապատրաստմանը բուժօգնության որակի կառավարման ոլորտում, ինչպես նաև՝ վերոնշյալ հաստատությունների ղեկավար տնօրենների վերապատրաստմանը առողջապահության ոլորտում՝ ձեռներեցության ուղղությամբ։ Սա հնարավոր է դարձել շնորհիվ ԹԱԳՖ-ի լայնածավալ գիտահետազոտական, կրթական և ներդրման փորձին բուժօգնության որակի և ձեռներեցության ոլորտներում,մասնավորապես՝ «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի շրջանակում։
Ներկայումս իրականացվող «Բուժօգնության որակի կառավարման հիմունքները» և «Ձեռնարկատիրական հմտություններ առողջապահության ոլորտում» դասընթացները միավորում են ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող մարզային ԲԿ-ների բուժօգնության որակի պատասխանատուներին և տնօրեններին։ Դասընթացները համապատասխանաբար շարունակվելու են մինչև 2026 թ․ փետրվար և մարտ ամիսները։ Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանում բուժօգնության որակի ոլորտում ֆորմալ կրթության բացակայության պայմաներում։ Բուժօգնության որակի վերաբերյալ դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի 54 Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ոլորտում որակի պատասխանատու անձանց նշանակման համար պարտադիր կրեդիտավորման պահանջները։
«Ես արդեն սկսել եմ ներդնել դասընթացի ընթացքում սովորած որակի բարելավման մոտեցումներն ու գործիքները իմ բուժ․ հաստատությունում։ Հիմա մենք նայում ենք որակի տարբեր ասպեկտներին լիովին այլ աչքերով»,- նշում է բժիշկ Աշոտ Հովհաննիսյանը՝ Մարտունու ծննդատան որակի պատասխանատուն։ Մեկ այլ մասնակից՝ Իջևանի ԲԿ-ի որակի պատասխանատու Նելլի Քամալյանը նշում է, որ դասընթացը նշանակալիորեն բարձրացրել է իր վստահությունը որակի պատասխանատուի պատավորությունները լիարժեք կատարելու հարցում և օգնել է իրեն` շատ ավելի խորությամբ հասկանալ որակի պատասխանատուի դերը։
«Ձեռնարկատիրական հմտություններ առողջապահության ոլորտում» դասընթացը մասնակիցներին շնորհելու է 45 ՇՄԶ կրեդիտ։ Դասընթացին մեկնարկին ՀՀառողջապահության նախարարի առաջին տեղակալ Դր. Լենա Նանուշյանը և ՀԱՀ ԹԱԳՖդեկան Դր. Վարդուհի Պետրոսյանը ողջունեցին մասնակիցներին։ Դր. Նանուշյանն ընդգծեց մարզային առողջապահական հաստատությունների ղեկավարների ձեռնարկատիրական և կառավարչական հմտությունների ամրապնդման կարևորությունը՝ շեշտելով ժամանակակից ռազմավարությունների դերը հիվանդանոցների գործունեության արդյունավետության բարձրացման և արագ փոփոխվող միջավայրին արդյունավետ հարմարվողականության գործում։ Դր. Նանուշյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀԱՀ ԹԱԳՖ-ին՝ առողջապահական համակարգի կարևոր բարեփոխումների ընթացքում Առողջապահության նախարարությանը ցուցաբերած աջակցության համար։
«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի նպատակն է բարելավել որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ և աջակցելով առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել մասնավոր առողջապահական ծառայություններ վերոնշյալ համայնքներում։
ՀԱՀ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: