This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2024 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հրապարակեց իր նոր 10-ամյա ռազմավարական ծրագիրը՝ նպատակ ունենալով դիրքավորել համալսարանը որպես Հայաստանի և տարածաշրջանի առաջատար ուսումնական հաստատություն։ Ծրագրի յոթ ինստիտուցիոնալ առաջնահերթությունների շրջանակում շարունակում է առանցքային մնալ համատեղ ներքին կառավարման պահպանումը, որն ապահովում է համալսարանի զարգացումը՝ հիմնված թափանցիկության, համագործակցության և համայնքային ներգրավվածության վրա։
ՀԱՀ-ում համատեղ կառավարումը ենթադրում է դասախոսական կազմի, աշխատակազմի, ուսանողների և ղեկավարության ակտիվ ներգրավվածությունը ինստիտուցիոնալ որոշումների կայացման գործընթացում։ Այս մոտեցումը խթանում է փոխադարձ հաշվետվողականության, համատեղ պատասխանատվության և ներառական երկխոսության մշակույթը, որը կարևոր նշանակություն ունի համալսարանի երկարաժամկետ հաջողության ապահովման գործում։
Դասախոսական սենատի, Աշխատակազմի խորհրդի և Ուսանողական խորհրդի միջոցով ՀԱՀ-ն ապահովում է համատեղ կառավարման կառուցակարգված և բովանդակալից իրականացում՝ ձևավորելով ներկայացուցչության, խորհրդակցության և համագործակցության հստակ մեխանիզմներ։
«Որպես դասախոսական կազմի պաշտոնական ներկայացուցչական մարմին՝ Դասախոսական սենատը կարևոր դեր է կատարում ներքին կանոնակարգերի մշակման գործընթացում՝ ներկայացնելով հիմնավորված առաջարկություններ, ակտիվորեն մասնակցելով համատեղ հանձնաժողովների և աշխատանքային խմբերի գործունեությանը, ինչպես նաև ապահովելով դասախոսական կազմի և վարչակազմի միջև շարունակական հաղորդակցությունը։ Այն նաև կարևորում է ակադեմիական որակը և դասախոսական կազմի բարօրությունը՝ դասախոսական կազմի մտահոգությունները, առաջնահերթությունները և արձագանքները փոխանցելով անմիջապես համալսարանի ղեկավարությանը, ինչի շնորհիվ դասախոսների տեսակետները ժամանակին և արդյունավետ կերպով ներառվում են որոշումների կայացման գործընթացում», — նշում է ՀԱՀ Դասախոսական սենատի նախագահ դոկտոր Լենա Սէիսեանը։
Համատեղ կառավարմանն ուղղված բարեփոխումներն ամրապնդվում են ուսանողների, դասախոսական կազմի, աշխատակազմի և շրջանավարտների միջև փոխվստահության ձևավորմանը և համայնքի զարգացմանը միտված շարունակական նախաձեռնություններով, որոնք հիմնված են պատկանելիության, հասանելիության և համայնքային ներգրավվածության սկզբունքների վրա։ Միասնաբար դրանք մարմնավորում են ՀԱՀ-ի առաքելությունը, այն է՝ հանդես գալ որպես ակադեմիական գերազանցության, նորարարության, հետազոտական գործունեության և բազմազանության կենտրոն՝ նպաստելով Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի զարգացմանը։
Անդրադառնալով համատեղ կառավարման կարևորությանը՝ դոկտոր Սէիսեանն ավելացնում է. «Համատեղ կառավարումը խթանում է վստահությունն ու համագործակցությունը՝ ձևավորելով ներառական գործընթացներ, որոնց շրջանակում բոլոր ինստիտուցիոնալ շահառուները հնարավորություն ունեն էական ներդրում ունենալու որոշումների կայացման գործում։ Ապահովելով դասախոսական կազմի, աշխատակազմի և ուսանողների մասնակցությունը համալսարանի ռազմավարական ուղղության ձևավորման գործընթացին՝ այն խրախուսում է բաց երկխոսությունը, ինչպես նաև նպաստում է համատեղ նպատակների և կոլեկտիվ պատասխանատվության ձևավորմանը ողջ հաստատության շրջանում։ Այս մոտեցումը խթանում է փոխադարձ հարգանքը, ամրապնդում հաղորդակցությունը և բարձրացնում համալսարանական համայնքի ներգրավվածության մակարդակը»։
Մինչ Դասախոսական սենատը ներկայացնում է ակադեմիական անձնակազմի կոլեկտիվ ձայնը, Աշխատակազմի խորհուրդն իրականացնում է միևնույն գործառույթը ՀԱՀ-ի ոչ դասախոսական աշխատակազմի համար՝ ապահովելով նրանց տեսակետների և կարիքների պատշաճ ներկայացվածությունը համալսարանի կառավարման համակարգում։ Հանդես գալով որպես աշխատակազմի, համալսարանի վարչակազմի և այլ շահագրգիռ կողմերի միջև կարևոր միջնորդ օղակ՝ Աշխատակազմի խորհուրդը նպատակ ունի պաշտպանելու աշխատակիցների շահերը, խթանելու առողջ աշխատանքային մշակույթը և ամրապնդելու աշխատակիցների ներգրավվածությունը ՀԱՀ համայնքում։
«Աշխատակազմի խորհուրդը ձգտում է ձևավորել դրական և ներառական աշխատանքային միջավայր և նպաստել աշխատակիցների բարեկեցությանը։ Այդ նպատակով այն ապահովում է արդյունավետ հաղորդակցության հարթակ վարչակազմի հետ, հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ՝ ՀԱՀ-ի Աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանման և աշխատակիցների բարեկեցությանը նպաստող կանոնակարգային փոփոխությունների խթանման գործում։ Բացի այդ, Աշխատակազմի խորհուրդը նպաստում է համայնքային պատկանելիության ձևավորմանը՝ խրախուսելով ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ մասնակցությունը համալսարանի կյանքին», – նշում է ՀԱՀ փոխնախագահի տեղակալ Անահիտ Օրդյանը։
Դասախոսական սենատի և Աշխատակազմի խորհրդի հետ միասին՝ Ուսանողական խորհուրդը ձևավորում է ՀԱՀ-ի համատեղ կառավարման ամբողջական համակարգը՝ հանդես գալով որպես ուսանողական համայնքի պաշտոնական ներկայացուցիչ։ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները նշում են․ «Մեզ համար համատեղ կառավարումը նշանակում է, որ կարևոր որոշումների կայացման գործընթացում ուսանողների կարծիքը պարտադիր կերպով հաշվի է առնվում։ Մեր նպատակը դա կյանքի կոչելն է հնարավոր առավելագույն չափով, ինչը մեծ պատասխանատվություն է մեզ համար։ Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ուսումնական հարցերով փոխնախագահի հետ, իսկ տարեկան մեկ անգամ՝ Հոգաբարձուների խորհրդի հետ՝ բարձրաձայնելով ուսանողներին հուզող խնդիրները։ Սա, ինչ-որ առումով, հավասարակշռման գործընթաց է»։
Ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Վարդուհի Խալաֆյանը (Անգլերենի և հաղորդակցության բակալավրիատի ծրագիր, 2028 թ․) նշում է․ «Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է ներկայանալ և հանդես գալ ուսանողների անունից։ Բազմաթիվ օրինակներով մենք համոզվել ենք, որ ուսանողական նախաձեռնությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ համալսարանական կյանքի վրա։ Հաճախ դրանք իրականացվում են ուսանողական ակումբների միջոցով, որոնք կազմակերպում են հետաքրքիր միջոցառումներ կամ հիմք են դնում ՀԱՀ-ում նոր ավանդույթների ձևավորմանը։ Մենք այդ հաջողությունները մեզ չենք վերագրում․ դրանք ակումբների անդամների և ղեկավարների աշխատանքի արդյունքն են։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք աջակցել և խթանել նրանց գործունեությունը։ Բացի այդ, Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է նաև իր սեփական ծրագրերն ու ավանդույթները, որոնք այսօր կարևոր դեր են խաղում ՀԱՀ-ի ինքնության ձևավորման գործում»։
Համաձայն ՀԱՀ-ի ռազմավարական ծրագրի՝ համատեղ կառավարումը ենթադրում է, որ ծառայությունն ու հանրային ներգրավվածությունը բոլոր աշխատակիցների պարտականությունների անբաժանելի բաղադրիչներն են։ Ակտիվ մասնակցությունը խթանելու և պարտականությունների հավասար բաշխումն ապահովելու նպատակով ծրագրով նախատեսվում է ստեղծել Հանձնաժողովների հարցերով հանձնաժողով, որը կապահովի մշտական և ժամանակավոր հանձնաժողովների պատշաճ համալրվածությունը, ինչպես նաև կնպաստի անհատների գերծանրաբեռնվածության կանխմանը։ Կազմված լինելով դասախոսներից ու աշխատակիցներից և գործելով Նախագահի գրասենյակի վերահսկողության ներքո՝ այս մարմինը կօգտագործի այնպիսի գործիքներ, ինչպիսին է դասախոսների տվյալների կառավարման համակարգը՝ ներգրավվածության մակարդակը վերահսկելու, ինչպես նաև ծառայության և հնարավորությունների ընդլայնման առողջ ներքին մշակույթը պահպանելու նպատակով։
Այս նախաձեռնությունների միջոցով ՀԱՀ-ը շարունակում է սահմանել չափորոշիչներ Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման ոլորտում՝ ապահովելով որոշումների կայացման գործընթացների թափանցիկությունն ու ներառականությունը և հավատարիմ մնալով համալսարանի առաքելությանը, այն է՝ կրթել բարոյական բարձր արժեքներով օժտված և հստակ տեսլական ունեցող ապագա առաջնորդների։
ՀՀայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները: