ՁԱՈ ծրագիրը հրապարակել է Հայաստանի գյուղական համայնքներում երեխաների բերանի խոռոչի առողջության վերաբերյալ հետազոտության արդյունքները

01.12.2025

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի գիտաշխատողներ Աստղիկ Աթանյանը (MPH ’18, MD), Դիանա Մուրադյանը (MPH ’20, Ph.D.), Մարինե Մկրտչյանը (MPH ’19, DDS), Կարին Կարբոյանը (MPH ’16, DDS), Շանթ Թորգոմ Երէցեանը (MPH ’22, MD), Փարինազ Փարանջխուն (MPH ’22, MD), Հրաչյա Լիլոզյանը (MPH ’16, MD) և Անահիտ Դեմիրչյանը (MPH ’99, MD) հոդված են հրապարակել միջազգային, գրախոսվող Caries Research պարբերականում (ազդեցության գործակիցը` 2,7)։ Պարբերականը տպագրում է կարիեսի վերաբերյալ կլինիկական, համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներ՝ շեշտադրելով կարիեսի կանխարգելումը։ 

«Հայաստանի գյուղական համայնքներում տարրական դասարանների աշակերտների ատամնափառի ցուցիչի և նրանց ծնողների՝ բերանի խոռոչի առողջության վերաբերյալ գիտելիքների միջև կապը» վերնագրված հոդվածն արտացոլում է կարիեսի և ատամնափառի բարձր տարածվածությունը տարրական դասարանների աշակերտների շրջանում, ինչպես նաև՝ բացասական կապը երեխաների ատամնափառի ցուցիչի և ծնողների՝ բերանի խոռոչի առողջության վերաբերյալ գիտելիքների միջև։ Դա նշանակում է` որքան բարձր է բերանի խոռոչի առողջության վերաբերյալ ծնողի գիտելիքների մակարդակը, այնքան առողջ են երեխայի ատամները։

Այս ուսումնասիրությունն իրականացվել է «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի կանխարգելիչ ատամնաբուժության բաղադրիչի նախնական գնահատման փուլում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականին, երբ ՁԱՈ ծրագրի աջակցությամբ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հիմնվեց մանկական ատամնաբուժական ծառայություն։ 

Հետազոտական թիմը հարցումներ է անցկացրել Արմավիրի մարզի Մրգաշատ և Սարդարապատ գյուղերի տարրական դասարանների աշակերտների 400 ծնողների շրջանում։ Հարցումը ներառել է սոցիալ-ժողովրդագրական տվյալների, բերանի խոռոչի առողջության ինքնագնահատականի, ծնողների՝ բերանի խոռոչի առողջության վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև՝ երեխաների սննդային սովորույթների և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ հարցեր։ Հարցումից հետո հետազոտողներն այցելել են տեղական դպրոցներ և իրականացրել երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատում՝ կիրառելով երկու ստանդարտացված չափորոշիչներ՝ DMFT/dmft ցուցիչը (կարիեսով ախտահարված, հեռացված և պլոմբավորված ատամների քանակը) և ատամնափառի ցուցիչը (ատամնափառի միջին ծածկույթի մակարդակը)։

Հետազոտության արդյունքում մասնակիցների շրջանում DMFT/dmft միջին ցուցիչը կազմել է 7.28, որը զգալիորեն բարձր է համադրելի սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող երկրների տվյալներից։ Ատամնափառի ցուցիչի միջին ցուցանիշը՝ 3.06, եղել է համադրելի կամ նույնիսկ ավելի ցածր՝ այլ երկրների ցուցանիշներից։ Ծնողներն ընդհանուր առմամբ ցուցաբերել են բավականին լավ տեղեկացվածություն բերանի խոռոչի առողջության վերաբերյալ (միջին ցուցիչը՝ 6,9՝ հնարավոր 9-ից)։ Ճիշտ պատասխանների ամենացածր մասնաբաժինը ստացած հարցերը վերաբերել են ֆտորային հավելումների դերին՝ կարիեսի կանխարգելման գործում, ինչպես նաև՝ ատամնաթելով մաքրման կարևորությանը։ Համապատասխանաբար՝ մասնակիցների միայն 2,0%-ն է հայտնել, որ օգտագործում է ատամնաթել, և 9,4%-ը՝ որ օգտագործում է ֆտոր պարունակող ատամի մածուկ։ Ուսումնասիրությունը բացահայտել է նաև անբավարար վարքագիծ ճիշտ սնուցման և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ՝ համապատասխանաբար 4,52 (9-ից) և 3,02 (6-ից)։

Ուսումնասիրության արդյունքներն ընդգծում են համակարգային մոտեցումների անհրաժեշտությունը՝ երեխաների բերանի խոռոչի առողջության բարելավման համար, ներառյալ՝ ծնողների կրթական մակարդակը, առողջ վարքագծի խրախուսումը, կարիեսը կանխարգելող միջամտությունները և որակյալ ատամնբուժական ծառայությունների հասանելիության ընդլայնումը։

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի նպատակն է բարելավել որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ և աջակցելով առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել մասնավոր առողջապահական ծառայություններ վերոնշյալ համայնքներում։ 

ՀԱՀ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, քույրական գործի, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

Share

Related News

ՆորություններՀամալսարան
Ճանապարհ հարթելով ապագա առաջնորդների համար. ՀԱՀ-ը ...
2026 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հպարտությամբ նշում է իր հիմնադրման 35-ամյակը։

05.03.2026

Նորություններ
«Հաշտարարությունը գործնականում» գարնանային դպրոց 2...
Հաշտարարության գարնանային դպրոցը ինտենսիվ կրթական և փորձառական ծրագիր է։

27.02.2026

ՆորություններՀամալսարան
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստան...
Համալսարանի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել բուհում։

25.02.2026