ՀԱՀ Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնը (ԷԹԻԿԱ) ներկայացրեց իր առաջին տարեգիրքը և պաշտոնական կայքը

21.11.2025

This post is also available in: English

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: Նոյեմբերի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնը (ԷԹԻԿԱ) ներկայացրեց իր գլխավոր հրատարակության՝ ԷԹԻԿԱ. Բարոյագիտության և հանրային հարցերի տարեգրքի (ETICA: Yearbook of Ethics & Public Affairs) առաջին համարը, որը նշանակալի իրադարձություն է կենտրոնի համար։ Միջոցառման ընթացքում գործարկվեց նաև ԷԹԻԿԱ-ի պաշտոնական կայքը, որն ավելի կամրապնդի կենտրոնի ներկայությունն ու հասանելիությունը թե՛ ակադեմիական համայնքի, և թե՛ լայն հանրության շրջանում։

Պրոֆեսոր Մարիա Բաղրամեանի և դոկտոր Արշակ Բալայանի խմբագրությամբ հրատարակված տարեգիրքը, որը լույս է տեսել ՀԱՀ հրատարակչության կողմից, ներառում է գրախոսված ակադեմիական հոդվածներ՝ թե՛ հայերեն, և թե՛ անգլերեն լեզուներով: Տարեգրքի առաջին համարը նվիրված է «Գիտություն, քաղաքականություն և փորձաքննություն» թեմային և ներառում է հայ և օտարերկրյա հեղինակների հոդվածներ։ Համարն ունի բաց հասանելիություն՝ ինչպես տպագիր, այնպես էլ առցանց ձևաչափերով։ Տպագիր տարբերակը կարելի է գտնել ՀԱՀ ՀԲԸՄ Փափազեան գրադարանում։ Տարեգրքի հրատարակությունը հնարավոր է դարձել Եվրոպական հանձնաժողովի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում տրամադրված Եվրոպական հետազոտական տարածքի (ERA Chair) դրամաշնորհի արդյունքում։

Եվրոպական հետազոտական տարածքի ամբիոնի վարիչ, ՀԱՀ Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մարիա Բաղրամեանը հանդես եկավ բացման խոսքով՝ ողջունելով ներկաներին և հրավիրելով ՀԱՀ ուսումնական հարցերով փոխնախագահ, դոկտոր Ալինա Ղարաբեգյանին՝ ներկայացնելու տարեգիրքը։ Դոկտոր Ղարաբեգյանը շեշտեց տարեգրքի հեռանկարային կարևորությունը ՀԱՀ-ում հետազոտական մշակույթի ձևավորման գործում։ Նա նաև ընդգծեց, թե որքան մեծ է դրա կարևորությունը՝ նոր սերնդի գիտնականներին ոգեշնչելու և համալսարանի ակադեմիական ներուժը ամրապնդելու գործում։

«Այսպիսի հրատարակությունները նպաստում են մեր հետազոտական էկոհամակարգի ամրապնդմանը։ Դրանք երիտասարդ գիտնականներին հնարավորություն են տալիս մուտք գործելու միջազգային գիտական խոսույթ՝ միաժամանակ հզորացնելով ՀԱՀ-ի երկարաժամկետ ինստիտուցիոնալ դիմագիծը՝ որպես միջավայր, որտեղ կարող են ձևավորվել և զարգանալ լուրջ, խորքային գիտական հետազոտություններ», — նշեց դոկտոր Ղարաբեգյանը՝ հավելելով․ «Ակադեմիական հաստատությունները հասունանում են ձևավորված սովորույթների միջոցով, և դրանցից ամենակարևորը, որը կարող է խթանել հետազոտական գործունեությամբ զբաղվող համալսարանի զարգացումը, կայուն և բարձրորակ հրատարակությունն է։ ԷԹԻԿԱ տարեգիրքն ապահովում է հենց այն աշխատանքային ռիթմը, որը մեզ անհրաժեշտ է այդ գործում արդյունքի հասնելու համար»։

Պրոֆեսոր Բաղրամեանը խորին շնորհակալություն հայտնեց դոկտոր Ալինա Ղարաբեգյանին և խմբագրական խորհրդի մյուս անդամներին՝ ընդգծելով, որ տարեգիրքը հանդիսանում է ԷԹԻԿԱ նախագծի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Նա նշեց, որ առաջին համարն արտացոլում է միջգիտակարգային և բազմագիտակարգային հետազոտությունների զարգացմանը նպաստելու ԷԹԻԿԱ-ի հանձնառությունը՝ հավելելով․ «Այս համարը բացառիկ է, քանի որ այն ցույց է տալիս, որ մեր նպատակը պարզապես փիլիսոփայական ամսագիր լինելը չէ։ Տարեգրքի վերնագիրը փոքր-ինչ տարբերվում է կենտրոնի անվանումից, քանի որ մենք ձգտում ենք ուսումնասիրել հանրային խնդիրները՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, ինչպես նաև դրանցից բխող բարոյագիտական հարցերը»։

Պրոֆեսոր Բաղրամեանը շնորհակալություն հայտնեց նաև ՀԱՀ հրատարակչության տնօրեն դոկտոր Շուշան Ավագյանին, ինչպես նաև համարի տեխնիկական խմբագիր Նազենի Հովակիմյանին և գրաֆիկական դիզայներ Օվսաննա Մարկարեանին՝ ՀԱՀ Հաղորդակցության գրասենյակից, որոնց համագործակցության և նվիրվածության շնորհիվ այս հրատարակությունն իրականություն դարձավ:

Այնուհետև ՀԱՀ Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Արշակ Բալայանը առավել մանրամասնորեն ներկայացրեց համարի բովանդակությունը։ Նա խոսեց տարեգրքում տեղ գտած յուրաքանչյուր հոդվածի մասին՝ շեշտելով ներկայացված տեսակետների բազմազանությունն ու հեղինակների կատարած մեծ աշխատանքը։ Դոկտոր Բալայանը հավելեց նաև, որ հոդվածներից շատերը ստեղծվել են բարդ ժամանակաշրջաններում, այդ թվում՝ COVID-19 համավարակի և 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում։

Ծրագիրը շարունակեց ՀԱՀ Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն և Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի հաղորդակցության գծով աշխատանքների ղեկավար Նարեկ Ղազարյանը, ով ներկայացրեց ԷԹԻԿԱ-ի նորաստեղծ կայքը։ Այս կայքը կոչված է դառնալու կենտրոնի հետազոտական գործունեության, միջոցառումների և հանրային կապերի դինամիկ հարթակ։

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ, որը ներկաներին հնարավորություն տվեց շփվելու խմբագիրների, հոդվածների հեղինակների և ԷԹԻԿԱ-ի թիմի անդամների հետ՝ տոնական մթնոլորտում։

ԷԹԻԿԱ-ի հաջորդ նշանակալի հանրային նախաձեռնությունը «Վստահությունն ու հույսը ճգնաժամային պայմաններում» միջազգային գիտաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել 2026 թ. հունիսի 22-ին և 23-ին։ Գիտաժողովին մասնակցության համար հայերեն և անգլերեն ամփոփագրերի հայտերի ընդունումն ընթացքի մեջ է։ Բացի այդ, հայտարարվել է նաև ԷԹԻԿԱ-ի տարեգրքի երկրորդ համարի հոդվածների ընդունման մասին։

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում:  ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի  հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը  Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Share

Related News

ՆորություններՀամալսարան
ՀԱՀ-ում կայացավ 2026 թվականի շրջանավարտների ավարտա...
Համալսարանը հրաժեշտ տվեց 2026 թվականի շրջանավարտներին։

06.06.2026

ՆորություններՀամալսարան
ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին (Կարեն Կակոսյան ...
Տեղի ունեցավ Եռանկյունաձև այգու (Կարեն Կակոսյան պարտեզներ) երկար սպասված բացման արարողությունը։

05.06.2026

դասախոսՀամալսարանՆորություններռազմավարական ծրագիրը
ՀԱՀ-ը նախաձեռնում է դասախոսների մասնագիտական զարգա...
Դասընթացի շրջանակում առանձնահատուկ կարևորություն է տրվում ինքնանդրադարձ կատարելու հմտությանը։

08.05.2026