This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) օգոստոսի վերջին հանդիսավոր կերպով մեկնարկեց 2025 թ․-ի աշնանային կիսամյակը՝ ողջունելով համալսարանին միացած նոր դասախոսներին, ինչպես նաև Տնտեսագիտության բակալավրիատի ծրագրի ուսանողների առաջին խմբին։
Համալսարանական հետազոտությունների և գնահատման գրասենյակի կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ 2025 թ․-ին համալսարանի բակալավրիատի ծրագիր է ընդունվել 644 ուսանող տարբեր տարածաշրջաներից, որոնցից 31․2%-ը՝ Հայաստանի մարզերից և Արցախից։ Ներկայումս ՀԱՀ-ում սովորող 2 823 ուսանողներից 222-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Իգական սեռի ներկայացուցիչները կազմում են բակալավրիատի ուսանողների 62%-ը, իսկ մագիստրատուրայի ուսանողների՝ 74%-ը։
Այս տարի ՀԱՀ-ը իր դռները բացեց նաև մի շարք նոր օտարերկրյա դասախոսների առջև։ Նրանցից հինգը միացել են Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետին, մեկը՝ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետին, իսկ ևս մեկը՝ Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետին։ Բացի այդ, դոկտոր Մայքլ Փիթմենը նշանակվել է Ընդհանուր կրթության ծրագրի առաջին ակադեմիական տնօրեն, դոկտոր Ռեզա Մալեքյանը՝ Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, իսկ դոկտոր Ժան-Ֆրանսուա Քերոնը՝ Ջադսոն Քինգի անվան պրոֆեսորական ծրագրի շրջանակում հրավիրված պրոֆեսոր։
Դոկտոր Հայկ Քամալյանի ղեկավարությամբ գործող Տնտեսագիտության բակալավրիատի ծրագրի առաջին խումբը ներառում է 38 ուսանող։ Ծրագիրը, որը հավատարմագրված է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից և լիցենզավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, հիմնված է Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի հարուստ մասնագիտական փորձի վրա։ Այն ուսանողներին ապահովում է տնտեսագիտության տեսության, քանակական վերլուծության և քննադատական մտածողության ամուր հիմքով՝ հնարավորություն ընձեռելով կառուցելու իրենց կարիերան ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Խթանելով բազմազանության և ներառականության արժեքները՝ ծրագիրն ուսանողներին զինում է այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպես նաև ապահովում է կայուն հիմք նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը մագիստրատուրայում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
Ապագային ընդառաջ՝ ՀԱՀ-ը վերահաստատում է ակադեմիական գերազանցության, փորձառական հետազոտությունների, քննադատական մտածողության և առաջնորդական կարողությունների զարգացմանը նպաստելու իր ստանձնած հանձնառությունը։ Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից վերջերս տրված տասնամյա վերահավատարմագրմամբ՝ ՀԱՀ-ը վստահ քայլերով շարունակում է իրականացնել ապագայի առաջնորդներին կրթելու իր առաքելությունը։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1991 թ.-ին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: Համալսարանը տեղական և միջազգային ուսանողներին տրամադրում է արևմտյան կրթական ավանդույթներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և վկայագիր շնորհող ծրագրերի միջոցով։ Միաժամանակ, ՀԱՀ-ը խթանում է գիտական հետազոտություններն ու նորարարությունը, խրախուսում քաղաքացիական ներգրավվածությունն ու համայնքային ծառայությունը, ինչպես նաև նպաստում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։