This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2024 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հրապարակեց իր նոր 10-ամյա ռազմավարական ծրագիրը՝ նպատակ ունենալով դիրքավորել համալսարանը որպես Հայաստանի առաջատար ուսումնական հաստատություն։ Ծրագրի յոթ ինստիտուցիոնալ առաջնահերթություններից մեկը լրիվ դրույքով աշխատող փորձառու և բազմազան դասախոսական կազմի հավաքագրումն ու պահպանումն է: Սա ներառում է նաև մի շարք կարևոր ոլորտներում հետազոտական գործունեությամբ զբաղվող միջազգային մակարդակով մրցունակ դասախոսների ներգրավումը։ Համալսարանը նպատակ ունի առաջիկա հինգ տարիների ընթացքում լրիվ դրույքով աշխատող բարձր որակավորում ունեցող դասախոսների մասնաբաժինը հասցնել 50 տոկոսի։ Այս նպատակի իրագործումը ոչ միայն կապահովի ՀԱՀ-ի կրթական ծրագրերի բարձր որակի պահպանումը, այլև կնպաստի ևս մեկ ինստիտուցիոնալ առաջնահերթության իրականացմանը՝ համալսարանի հետազոտական պորտֆոլիոյի ընդլայնմանը։ Այս նախաձեռնությունները կազմում են համալսարանի ակադեմիական ռազմավարության մի մասը և իրականացվում են ուսումնական հարցերով փոխնախագահի վերահսկողությամբ։
Մենք զրուցեցինք ՀԱՀ-ի ուսումնական հարցերով փոխնախագահ, դր․ Ալինա Ղարաբեգյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչ չափանիշներով է իրականացվելու նոր դասախոսների ընտրությունը, և ինչպես է համալսարանը պատրաստվում հաղթահարել առկա մարտահրավերները՝ իր նպատակներին հասնելու ճանապարհին։
Ո՞րն էր առաջիկա հինգ տարիների ընթացքում լրիվ դրույքով աշխատող դասախոսական կազմը 50 տոկոսի հասցնելու նպատակի շարժառիթը։
Կարծում եմ՝ 50 տոկոսը բավականին հավակնոտ, բայց միևնույն ժամանակ հիանալի ցուցանիշ է, որին պետք է ձգտել։ Մենք մշտապես ունենալու ենք հրավիրյալ դասախոսների կարիք․ նրանք մեր աշխատուժի անփոխարինելի ու արժեքավոր մասն են կազմում։ Իհարկե, իրատեսական չէ ակնկալել, որ ուսումնական ծանրաբեռնվածության 50 տոկոսից ավելին կիրականացվի միայն լրիվ դրույքով աշխատող դասախոսների կողմից, սակայն նրանց մասնաբաժնի ավելացումը կօգնի մեզ ավելի հաստատուն քայլերով շարժվել ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվող հաստատություն դառնալու ուղղությամբ։ ԱՄՆ-ում սովորաբար այս հարաբերակցությունն այսպիսին է՝ շուրջ 30 տոկոս լրիվ դրույքով աշխատող դասախոսներ և 70 տոկոս հրավիրյալ դասախոսներ․ մեր ցուցանիշները նույնպես բավականին մոտ են այդ պատկերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում գոյություն ունեն գաղափարական և ֆինանսական գործոններ՝ լրիվ դրույքով աշխատողների թիվը նվազեցնելու համար, մինչդեռ, ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում այդ գործոնները բացակայում են։
Ինչպե՞ս է լրիվ դրույքով աշխատող դասախոսների քանակի ավելացումը փոխկապակցված ՀԱՀ-ի ավելի լայն ռազմավարական նպատակների հետ՝ հատկապես հետազոտությունների և ակադեմիական գերազանցության ոլորտում։
Բարձր որակավորում ունեցող և ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվող լրիվ դրույքով աշխատող դասախոսների ավելացումը շատ կարևոր է ՀԱՀ-ի համար․ այն նպաստում է հետազոտական պորտֆոլիոյի ընդլայնմանը, հետազոտության վրա հիմնված ուսուցման ամրապնդմանը, ապագայում դոկտորական ծրագրերի իրականացմանը, արտաքին դրամաշնորհների ներգրավմանը, համալսարանում կայուն հետազոտական մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև հաստատության աճին զուգահեռ՝ ակադեմիական ծրագրերի որակի պահպանմանն ու բարելավմանը։ Լրիվ դրույքով աշխատող դասախոսների մասնագիտական կյանքը սերտորեն կապված է համալսարանի հետ։ Դասավանդումը նրանց համար պարզապես «աշխատանք» չէ, որը կատարում են և տուն են վերադառնում․ նրանք նաև իրականացնում են հաստատության զարգացմանը նպաստող լայնածավալ ծառայողական գործունեություն, ինչը սովորաբար չի պահանջվում ժամավճարով աշխատող դասախոսներից։ Բացի այդ, նրանք իրենց հետազոտական ու մտավոր գործունեության զգալի մասն իրականացնում են հենց համալսարանում։ Ուստի, լրիվ դրույքով աշխատող դասախոսների քանակի ավելացումը բխում է համալսարանի շահերից։
Ի՞նչ չափանիշներով են գնահատվելու նոր ընդունված դասախոսները։
Այդ չափանիշներն ամրագրված են մեր «Աշխատակիցների նշանակումների, պահպանման և պաշտոնի բարձրացման ներքին կանոնակարգում», որը սահմանում է համալսարանի հավաքագրման և գնահատման չափորոշիչները։ Դրանց շարքում են՝ դասավանդման գերազանց որակը, գրախոսված գիտական հրապարակումների կամ ստեղծագործական աշխատանքների հարուստ ցանկը, համալսարանին ու լայն հանրությանը մատուցված նշանակալի ծառայությունը և այլն։ Մենք փնտրում ենք այնպիսի դասախոսների, որոնց մասնագիտական ձեռքբերումները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Նախապատվություն է տրվում այն թեկնածուներին, որոնք ունեն բարձրագույն գիտական աստիճան և ակադեմիական փորձ՝ ձեռք բերված ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ համարժեք գիտակրթական միջավայրում։ Հավաքագրման գործընթացն իրականացվում է թափանցիկ և արդար սկզբունքների հիման վրա, լայն միջազգային ընդգրկմամբ, ինչի արդյունքում վերջին տարիներին մեծացել է բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից ներկայացված դիմումների քանակը։
Ո՞ր ոլորտներն ու բաժիններն են ներկայումս առաջնահերթ համարվում լրիվ դրույքով աշխատող դասախոսների հավաքագրման համար։
Հավաքագրման ընթացքում մենք առաջնահերթություն ենք տալիս այն հետազոտական ուղղություններին, որոնք համապատասխանում են Հայաստանի ռազմավարական և տնտեսական նպատակներին։ Մասնավորապես՝ բնագիտության և ճարտարագիտության ոլորտում առաջիկա տարիներին զգալիորեն կաճի լրիվ դրույքով աշխատող դասախոսների անհրաժեշտությունը, քանի որ մենք շարունակաբար զարգացնում ենք Զավեն և Սոնյա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը։ Այս առումով հատկապես մեծ պահանջարկ կունենան արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ռոբոտատեխնիկայի, ինչպես նաև ավիատիեզերական ճարտարագիտության ոլորտներում մասնագիտացած դասախոսները։ Մենք ցանկանում համալրումներ ունենալ նաև միջազգային հարաբերությունների և դիվանագիտության, իսկ ընդհանուր առմամբ՝ քաղաքագիտության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, առանձնակի կարևոր ենք համարում հանրային առողջության և առողջապահական քաղաքականության, կրթության, պատմության, շրջակա միջավայրի ու կլիմայական փոփոխությունների հետազոտություններում մասնագիտացած դասախոսների ներգրավումը։ Միջգիտակարգային ուղղություններով և թվային հումանիտար գիտություններով հետաքրքրված մասնագետները նույնպես կդառնան մեր ակադեմիական համայնքի արժեքավոր անդամները։ Մենք ակնկալում ենք կատարել համալրումներ նաև Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետում (մասնավորապես՝ մարքեթինգի և տնտեսագիտության ոլորտներում)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսում ենք մեկնարկել տնտեսագիտության դոկտորական ծրագիր։ Այս բոլոր նախաձեռնությունները զգալիորեն կմեծացնեն համալսարանի հետազոտական ներուժը։ Անցյալ տարի մենք հաջողությամբ լրացրինք «Անգլերեն և հաղորդակցություն» բակալավրի ծրագրում առկա լուրջ բացը՝ ներգրավելով չորս լրիվ դրույքով աշխատող դասախոսների, և ցանկալի է, որ նման խմբային համալրումներ իրականացվեն նաև մյուս ծրագրերում։
Որո՞նք են ՀԱՀ-ի առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ բարձր որակավորում ունեցող և հատկապես հետազոտական հարուստ փորձ ունեցող դասախոսներին ներգրավելու գործում։
ՀԱՀ-ում լրիվ դրույքով աշխատող դասախոսների կայուն թիմ ձևավորելը հեշտ գործընթաց չէ։ Գոյություն ունեն ինչպես մշտական, այնպես էլ փոփոխվող մարտահրավերներ։ Ամենամեծ խնդիրներից մեկը կապված է մեր աշխարհագրական դիրքի հետ, ինչը դուրս է մեր վերահսկողությունից։ Մենք ձգտում ենք ներգրավել այնպիսի դասախոսների, որոնք կրթություն են ստացել ԱՄՆ-ում և ծանոթ են ամերիկյան կրթական մոդելին կամ դրա տարբերակներին, սակայն ամերիկացի գիտնականներին Հայաստան հրավիրելն այնքան էլ հեշտ չէ։ Շատերի համար Հայաստանը քիչ ճանաչում ունեցող երկիր է, և այս փաստը հաճախ ազդեցություն է ունենում հավաքագրման գործընթացում։ Թեև Հայաստանը համարվում է անվտանգ երկիր, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները երբեմն թեկնածուներին ստիպում են երկար մտածել՝ տեղափոխվելու որոշում կայացնելուց առաջ։
Երկրորդ մարտահրավերը կապված է մեր համալսարանի հարաբերականորեն կարճ պատմության հետ։ Թեև մենք անցել ենք դժվարին փորձությունների միջով և պատվով հաղթահարել ենք բազմաթիվ խոչընդոտներ, այնուամենայնիվ, համեմատաբար երիտասարդ հաստատություն ենք՝ հատկապես Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարանների համեմատությամբ։ Այս հանգամանքը երբեմն մարդկանց ստիպում է երկմտանքի առաջ կանգնել, քանի որ ժամանակի փորձությանը դիմացած հաստատությունները հաճախ ընկալվում են որպես ավելի վստահելի եկամտի աղբյուր։ Մենք, իհարկե, ունենք բավականին հուսալի հիմնադրամ, որն ապահովում է մեր հաստատության ֆինանսական կայունությունը, և այս փաստը, անկասկած, կարող է գործել մեր օգտին դասախոսների հավաքագրման գործընթացում։ Միևնույն ժամանակ, առկա է մեկ այլ մարտահրավեր․ ՀԱՀ-ը շարունակաբար զարգացնում և բարելավում է իր ենթակառուցվածքները, մինչդեռ որոշ գիտնականներ չեն ցանկանում աշխատել այնպիսի հաստատությունում, որը դեռ ձևավորման ու զարգացման փուլում է գտնվում։
Երրորդ մարտահրավերը պայմանավորված է մշտական աշխատանքային պայմանագրի բացակայությամբ․ այն ձևաչափ է, որը խորապես արմատավորված է ամերիկյան կրթական համակարգում և համարվում է չափազանց կարևոր։ Փորձառու մասնագետները չեն ցանկանում աշխարհի մյուս ծայր տեղափոխվել ընդամենը երեք-չորս տարվա պայմանագրի համար։ Թերևս, ավելի կարևոր հանգամանք է այն, որ ՀԱՀ-ում հետազոտական մշակույթը դեռ ձևավորման փուլում է, մինչդեռ փորձառու գիտաշխատողները սովորաբար նախընտրում են միանալ արդեն կայացած հետազոտական հաստատության՝ համապատասխան ենթակառուցվածքներով և ռեսուրսներով: Մեզ դեռ անհրաժեշտ են լաբորատոր տարածքներ, բնագիտական ոլորտի դասախոսների համար մեկնարկային փաթեթների ֆինանսավորում և մի շարք այլ ֆինանսական ռեսուրսներ:
Բացի այդ, հետազոտությամբ զբաղվող որակավորված դասախոսները սովորաբար պատրաստ չեն դասավանդել այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որը ԱՄՆ-ում հայտնի է որպես «3/3 load»։ ՀԱՀ-ում կիրառվում է հենց այս դասավանդման ձևաչափը, որը զգալիորեն սահմանափակում է հետազոտական ներուժն ու հնարավորությունները։ Ավելին, առկա է նաև, այսպես կոչված, «արատավոր շրջան»․ երբ հաստատությունում քիչ են հետազոտական աշխատանքով հետաքրքրված գործընկերները, դա խոչընդոտում է ակտիվ հետազոտական գործունեություն ծավալող մասնագետների ներգրավմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է շեշտել մեր երկրի գեղեցկությունն ու բազմաթիվ առավելությունները, ինչպես նաև այն արժեքավոր հնարավորություները, որոնք ընձեռում է զարգացման փուլում գտնվող հաստատությունը։ Այստեղ աշխատանքի ընդունված մասնագետները կարող են իրականացնել այնպիսի խորքային ու նշանակալի փոփոխություններ, որոնք դժվար թե հնարավոր լինի իրագործել ամերիկյան կամ եվրոպական հաստատություններում։ Սա ՀԱՀ-ում աշխատելու ամենագրավիչ կողմերից մեկն է։ Եվ վերջապես, անհրաժեշտ է իրականացնել դասախոսական կազմի խմբային համալրումներ։
Ինչպե՞ս է ՀԱՀ-ը պատրաստվում մրցել տարածաշրջանային և միջազգային համալսարանների հետ՝ լավագույն մասնագետներին ներգրավելու հարցում։
Չնայած առկա մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը թե՛ սփյուռքի, թե՛ համաշխարհային շուկայի հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել հավաքագրման աշխարհագրությունն ու ամրապնդել գործընկերային կապերը։ Այս ուղղությամբ նախատեսում ենք ստորագրել նոր փոխըմբռնման հուշագրեր, որոնք զգալիորեն կնպաստեն դասախոսական կազմի համալրմանը։ Համալսարանը նախատեսում է համագործակցել նաև «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» (Armenian Society of Fellows) հետ՝ հրավիրելով պրոֆեսորների, որոնք կդասավանդեն մոդուլային ձևաչափով։ Ոչ պակաս կարևոր է դրամահավաքի կազմակերպումը՝ սկզբնական դրամաշնորհների և մեկնարկային փաթեթների ապահովման համար, ինչպես նաև աշխատանքային ծանրաբեռնվածության ճկուն մոդելի ներդրումը, որը թույլ կտա հետազոտությամբ զբաղվող դասախոսներին մասամբ ազատվել ուսուցողական պարտականություններից և կենտրոնանալ գիտական գործունեության վրա։
Մեզ անհրաժեշտ է նաև աջակցություն՝ ֆիզիկական ենթակառուցվածքների, սարքավորումների և շինությունների զարգացման համար, ինչը հետազոտական գործունեությունը կդարձնի միաժամանակ գրավիչ և իրագործելի։ Նվիրատվությունների շնորհիվ ստեղծված նոր ամբիոններն ու անվանական պրոֆեսորական ծրագրերը (ներկայումս գործող երկուսի հավելմամբ) կտրամադրեն լրացուցիչ հնարավորություններ և թույլ կտան իրականացնել համատեղ նշանակումներ գործընկեր հաստատությունների հետ։
Ի՞նչ ռազմավարություններ են կիրառվում բարձր որակավորում ունեցող լրիվ դրույքով աշխատող դասախոսներին պահպանելու համար։
Համալսարանում գործում է պաշտոնի բարձրացման թափանցիկ գործընթաց, որը կարևոր դեր է խաղում բարձր որակավորում ունեցող դասախոսների պահպանման հարցում։ Մենք ունենք նաև հետազոտությունների խրախուսման ծրագիր, որը նախատեսում ենք ընդլայնել մոտ ապագայում։ Ինչպես արդեն նշեցի, առաջիկայում կիրականացվի նաև աշխատանքային ծանրաբեռնվածության ճկուն մոդելի ներդրում։ Ավելին, օտարերկրյա դասախոսների համար նախատեսված են հատուկ արտոնություններ, այդ թվում՝ բնակարանային աջակցություն, որը լրացուցիչ խթան է համալսարանին միանալու համար։ Մեր ռազմավարական ծրագրի առանցքային կետերից է առողջ ներքին միջավայրի ձևավորումն ու պահպանումը, և մենք վճռական ենք տրամադրված այդ նպատակի իրականացման հարցում։ Բացի այդ, համալսարանում խրախուսվում է կոլեգիալ կառավարման մշակույթը, որը նպաստում է համագործակցության և փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքային հարաբերությունների ստեղծմանը։
Ինչպե՞ս է ՀԱՀ-ը ապահովում բազմազանությունը հավաքագրման գործընթացում։ Օրինակ՝ արդյո՞ք համալսարանը սահմանել է դասախոսական կազմի բազմազանության հետ կապված կոնկրետ նպատակներ:
ՀԱՀ-ը հստակ առաջնահերթություն է տալիս բազմազանության հարցին իր ռազմավարական ծրագրում։ Այդ համատեքստում առանցքային տեղ է զբաղեցնում «Պատկանելիություն, հասանելիություն և համայնք» գաղափարը։ Ծրագրով նախատեսվում է ներգրավել «լրիվ դրույքով աշխատող փորձառու և բազմազան դասախոսական կազմ», ինչպես նաև ընդլայնել միջազգային հավաքագրումները՝ համալսարանի ակադեմիական համայնքը հարստացնելու և բազմազան դարձնելու համար։ Բացի ռազմավարական ծրագրից, համալսարանն ունի նաև «Հավասար հնարավորությունների և անխտրականության» ներքին կանոնակարգ, հավաքագրման ուղեցույցներ, որոնք ապահովում են մրցույթների արդար ընթացքը և հանձնաժողովների պատասխանատու մոտեցումը բազմազանության հարցերին։
Ի՞նչ դեր է կատարում դասախոսական կազմի բազմազանությունը ՀԱՀ-ի ակադեմիական և մշակութային միջավայրում։
ՀԱՀ-ը բազմազանությունն ու ներառականությունը դիտարկում է որպես իր առաքելության հիմնասյուն։ Բազմազանությունը ոչ միայն ընդլայնում է ակադեմիական հորիզոնները, այլև հարստացնում է ուսանողական փորձառությունը, խթանում միջազգային համագործակցությունը, բարձրացնում հետազոտության որակն ու արդիականությունը և հնարավորություն տալիս ՀԱՀ-ին ավելի արդյունավետ ծառայելու Հայաստանին ու տարածաշրջանին։ «Պատկանելիություն, հասանելիություն և համայնք» գաղափարը միտված է ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր անձ իրեն զգում է գնահատված, հարգված և ինքնավստահ։ Ռազմավարական ծրագրում այս միջավայրը դիտարկվում է որպես նախապայման հետազոտական գերազանցության և համայնքային ազդեցության համար։AUA positions diversity and inclusion as foundational to its mission: diversity broadens perspectives, strengthens the student experience, supports international collaboration, improves research quality and relevance, and helps AUA serve Armenia and the region more effectively. The BAC framework is explicitly about creating an environment where people feel valued, respected, and empowered, which the Strategic Plan links to research excellence and community impact.
Բացի 50 տոկոս թիրախային ցուցանիշին հասնելը, ի՞նչը կդառնա ձեզ համար հաջողության սահմանում հնգամյա ժամանակաշրջանի ավարտին։
Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա հաջողությունը կարտահայտվի մի շարք առանցքային ոլորտներում չափելի առաջընթացով, մասնավորապես՝ լրիվ դրույքով աշխատող դասախոսների մասնաբաժինը շուրջ 50 տոկոսի հասցնելով, ինչպես նաև բարձրագույն աստիճան ունեցող ու ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվող դասախոսների քանակը զգալի կերպով ավելացնելով։ Անհրաժեշտ է շոշափելի առաջընթաց գրանցել գրախոսված գիտական հրապարակումների և մեջբերումների քանակի, արտաքին դրամաշնորհների ներգրավման (օրինակ՝ Հորիզոն/Եվրոպական միություն և այլ միջազգային ֆինանսավորումներ), ինչպես նաև ներքին սկզբնական դրամաշնորհների ընդլայնման ուղղությամբ, ինչը կծառայի որպես խթան ավելի լայնածավալ ֆինանսավորման համար։ Հաջողության ևս մեկ կարևոր չափորոշիչ կլինի մեկ կամ երկու դոկտորական ծրագրի մեկնարկը։ Որոշակի ոլորտներում հավատարմագրում ստանալը, ինչպես նաև միջգիտակարգային նախագծերի ու կենտրոնների աճը նույնպես կարող են դիտարկվել որպես հաջողության ցուցիչներ։ Իսկ եթե հաջողվի սկսել Սոսեի փողոցի նախագիծը և ընդլայնել մեր ենթակառուցվածքները բարելավված հետազոտական կենտրոնների միջոցով, դա կդառնա իրական առաջընթացի նշան։ Այդ դեպքում կունենանք լաբորատորիաներ և ավելի ամուր բակալավրիատի ծրագրեր ֆիզիկական ու բնական գիտությունների ոլորտում։
Ինձ համար չափազանց կարևոր է նաև հումանիտար ծրագրերի զարգացումը, քանի որ մշակույթը մեր ինքնության այն եզակի ու անփոխարինելի կողմն է, որը մենք ներկայացնում ենք աշխարհին՝ որպես հայեր։ Ցավոք, կարծում եմ, մենք այն բավարար չափով չենք արժևորում, հետևաբար, ինքնատիպ ու հզոր մշակութային ծրագրերը, որոնք Հայաստան կներգրավեն գիտնականների ու ուսանողների, կարելի է միանշանակ դիտարկել որպես հաջողություն։ Դասախոսական կազմի գոհունակության բարձրացումն ու կոլեգիալ կառավարման զարգացումը նույնպես կարևոր նպատակներ են ինձ համար այս հարցի համատեքստում։ Հաջողության ցուցանիշ կարող է համարվել նաև օտարերկրյա դասախոսների և ուսանողների քանակի աճը, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան համալսարանների հետ ամուր ու ակտիվ համագործակցությունների հաստատումը։ Իսկ եթե մեր շրջանավարտների հետ կարողանանք վերափոխել երկիրն ու տարածաշրջանը՝ թեկուզ փոքր, բայց տեսանելի քայլերով, դա կդառնա հաջողության ամենաբարձր ցուցանիշը։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները: