This post is also available in:
English
ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2024 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հրապարակեց իր նոր 10-ամյա ռազմավարական ծրագիրը՝ նպատակ ունենալով դիրքավորել համալսարանը որպես Հայաստանի առաջատար ուսումնական հաստատություն։ Ծրագրի յոթ ինստիտուցիոնալ առաջնահերթություններից մեկը ՀԱՀ-ի հետազոտական պորտֆոլիոյի ընդլայնումն է։ Համալսարանը նախատեսում է խթանել հետազոտական գործունեությունը՝ ներգրավելով փորձառու գիտնականների և հետազոտական աշխատանքով հետաքրքրված դասախոսների։ Այս նախաձեռնությունները կազմում են համալսարանի ակադեմիական ռազմավարության մի մասը և իրականացվում են ուսումնական հարցերով փոխնախագահի վերահսկողությամբ։
Մենք զրուցեցինք ՀԱՀ-ի նախագահ, դր․ Բրյուս Պողոսյանի հետ՝ պարզելու, թե որոնք են համալսարանի առաջնահերթ հետազոտական ուղղությունները, ինչ քայլեր են արդեն ձեռնարկվել դասախոսների և ուսանողների հետազոտական գործունեությունը խթանելու ուղղությամբ և ինչպիսին է համալսարանի երկարաժամկետ տեսլականը` հետազոտությունների արդյունքների և դրանց ազդեցության վերաբերյալ։
Որո՞նք են այն առաջնահերթ հետազոտական ուղղությունները, որոնք ՀԱՀ-ը նախատեսում է ընդլայնել։
ՀԱՀ-ի բոլոր ֆակուլտետները կենտրոնացած են մի շարք կարևոր հետազոտական ուղղությունների վրա։ Օրինակ՝ Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետը ներկայումս ուսումնասիրում է ոչ վարակիչ հիվանդությունների սոցիալական գործոնները։ Ֆակուլտետը նաև վերլուծում է հանրային առողջության և հանրային քաղաքականության փոխկապակցվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով համընդհանուր առողջապահական ծածկույթին, հոգեկան առողջության խնդիրներին, ծխախոտի վերահսկողությանը և առողջ ապրելակերպի խթանմանը, և այս ամենը՝ Հայաստանի համատեքստում։
Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետն ուսումնասիրում է տրանսպորտային համակարգերի օպտիմալացումը, խելացի երթևեկության կառավարումը և ապագայի ճանապարհները՝ նախատեսված ինքնավար ավտոմեքենաների համար։ Ֆակուլտետը զբաղվում է նաև միջգիտակարգային ոլորտների ուսումնասիրությամբ, ինչպիսիք են թվային հումանիտար գիտությունները, որոնք միավորում են գիտությունն ու ճարտարագիտությունը գրականության հետ, թվային կառավարումը, որը գիտության ու ճարտարագիտության բնագավառները միավորում է հանրային քաղաքականության և կառավարման հետ, ինչպես նաև ավտոմատացումն ու ռոբոտատեխնիկան՝ արտադրողականության բարձրացման նպատակով։ Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում բանացանցը, 3D տպագրության զարգացումները, թվային երկվորյակները, արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը։ Վերջին երկուսի շուրջ հետազոտությունների ծավալը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճի՝ NVIDIA և Firebird ընկերությունների գերհամակարգիչների առաջիկա ներդրման շնորհիվ։
Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի քաղաքագիտության ծրագիրը կենտրոնացած է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ապագայի վրա։ Սա առանձնապես կարևոր ուղղություն է, քանի որ մենք պատրաստում ենք Հայաստանի ապագա դիվանագետներին։ Տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը մեծածավալ աշխատանք է պահանջում անվտանգության խնդիրների ուսումնասիրության ոլորտում՝ մոտեցում, որը կիրառվում է նաև տարբեր երկրների վերլուծական կենտրոններում։ Ֆակուլտետը նպատակ ունի նաև ուսումնասիրելու տարածաշրջանային, եվրասիական և եվրոպական քաղաքականության հետ կապված հարցերը, ինչպես նաև սփյուռքի և պետության փոխհարաբերությունները։
ՀԱՀ-ի որոշ կենտրոններ նույնպես ակտիվորեն ներգրավված են առանցքային հետազոտական ուղղություններում։ Օրինակ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ներկայումս ուսումնասիրում է մաքուր էներգիայի, ջրային պաշարների կառավարման, կենսաբազմազանության, շրջանաձև տնտեսության, կայուն էներգետիկայի և անտառահատումների խնդիրները, ինչպես նաև իրականացնում է բնապահպանական կրթական ծրագրեր։ Կենտրոնի նպատակն է ձևավորել գիտակից և պատասխանատու երիտասարդություն, որը կնպաստի Հայաստանի եզակի բնական պաշարների պահպանմանը։
Որո՞նք են ՀԱՀ-ի երկարաժամկետ նպատակները հետազոտությունների արդյունքների և դրանց ազդեցության առնչությամբ։
Նախևառաջ, մենք նպատակ ունենք պահպանել ներկայիս արդյունավետ գործելաոճը և հետազոտությունների բարձր մակարդակը, ինչպես նաև շարունակաբար բարելավել դրանք՝ ինչպես որակական, այնպես էլ քանակական տեսանկյունից։ Քանակական արդյունքները գնահատվում են, օրինակ, հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակված գրախոսված հոդվածների թվով, ինչպես նաև այլ հաստատությունների կողմից հետազոտական աշխատանքների ճանաչմամբ, ինչն արտացոլվում է մեջբերումների և համագործակցության հրավերների աճի տեսքով։ Հետազոտությունների որակը, մասնավորապես, ենթադրում է բարձր մակարդակի նախագծերի իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության հետ համագործակցություն։ ՀԱՀ-ի նպատակն է դառնալ Հայաստանի, իսկ գուցե նաև` ամբողջ տարածաշրջանի առաջատար կենտրոնը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ առավել սերտ համագործակցություն ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և այլ պետական կառույցների հետ։
Համալսարանը ձգտում է ընդլայնել արտաքին դրամաշնորհային ֆինանսավորման ծավալները՝ ինչպես ներկայացված հայտերի, այնպես էլ ստացված միջոցների տեսանկյունից։ Մենք ցանկանում ենք վերափոխել մեր աշխատանքի բնույթը՝ աստիճանաբար հրաժարվելով պատվերով կատարվող և կարճաժամկետ հետազոտական նախագծերից։ Թեպետ այսպիսի նախագծերը կարևոր դեր են ունեցել համալսարանի գործունեության սկզբնական փուլերում, այսօր անհրաժեշտ է կենտրոնանալ ավելի մեծածավալ ու երկարաժամկետ հետազոտությունների վրա, որտեղ մենք ինքներս ենք սահմանում հետազոտական ուղղությունները և իրականացնում ենք դրանք այլ համալսարանների հետ համատեղ։
Մենք նպատակ ունենք նաև խթանելու համագործակցային և միջգիտակարգային նախագծերի իրականացումը համալսարանում։ ՀԱՀ-ի համեմատաբար փոքր ֆակուլտետները նվազեցնում են միջգիտակարգային համագործակցության խոչընդոտները՝ ստեղծելով բարենպաստ միջավայր նման նախաձեռնությունների համար։ Այս առավելությունը մեզ հնարավորություն է տալիս իրականացնելու նախագծեր, որտեղ տարբեր ոլորտների փորձի և գիտելիքների համադրումը ստեղծում է արդյունք, որը գերազանցում է դրա առանձին բաղադրիչների գումարը։
Ինչպիսի՞ն եք պատկերացնում ՀԱՀ-ի հետազոտական առաքելության զարգացումը առաջիկա 5-10 տարիների ընթացքում։
Այս ժամանակահատվածում ՀԱՀ-ը նախատեսում է ընդլայնել իր համագործակցությունները աշխարհի տարբեր համալսարանների, դրամաշնորհային կազմակերպությունների և կառավարությունների հետ՝ հատկապես Եվրոպական միությունում, ինչպես նաև Արաբական թերակղզում և Արևելյան Ասիայում՝ ԱՄՆ-ում իրականացվող մեր գործունեությանը զուգահեռ։ Տարիներ շարունակ մեզ համար որպես կարևոր հենասյուն են ծառայել ԱՄՆ-ի հետ ունեցած համագործակցություններն ու ֆինանսավորումը։ Թեև սա եղել է հրաշալի ու փոխշահավետ համագործակցություն, այժմ մենք միանում ենք այն բազմաթիվ համալսարաններին, որոնք ընդլայնում են իրենց միջազգային հորիզոնները և հաստատում գործընկերային հարաբերություններ աշխարհի այլ տարածաշրջաններում։
Մեր նպատակն է, որ ՀԱՀ-ի բոլոր ֆակուլտետներում իրականացվող հետազոտությունները դառնան ավելի կայուն, լայնամասշտաբ և ազդեցիկ, ինչը լիովին համապատասխանում է մեր տեսլականին։ Մոտ ապագայում մենք նախատեսում ենք ներդնել աշխատանքային ծանրաբեռնվածության կառավարման ներքին համակարգ, որը հնարավորություն կտա խրախուսելու այն դասախոսներին, որոնք ակտիվորեն ներգրավված են հետազոտական գործունեության մեջ՝ նրանց առաջարկելով ավելի քիչ դասաժամեր կամ դասավանդումից ազատման այլ տարբերակներ։ Ինչպես արդեն նշեցի, մենք ցանկանում ենք կենտրոնանալ տարածաշրջանային և սոցիալական խնդիրների լուծման վրա, որպեսզի մի կողմից մեր հետազոտությունները նպաստեն Հայաստանի կարիքների բավարարմանը, իսկ մյուս կողմից համապատասխանեն միջազգային առաջնահերթություններին ու չափորոշիչներին։ Այս կերպ մենք ակնկալում ենք Հայաստանը միավորել գաղափարների գլոբալ արժեքային շղթայի և գլոբալ մատակարարման շղթայի հետ։
Ես դասախոս էի Թաֆթս համալսարանում, երբ այն ուսուցման վրա կենտրոնացած համալսարանից վերափոխվեց R1 կարգի հետազոտական հաստատության։ Այսպիսով, ես ականատես եղա, թե ինչպես համալսարանի վարչական անձնակազմը մոտեցավ այդ փոփոխությանը, որը կարող է ստեղծել որոշակի բարդություններ։ Մենք հեծանիվ հայտնագործելու կարիք չունենք, քանի որ այս անցումն իրականացնելու համար լավագույն փորձերն արդեն առկա են։ Մենք կարող ենք այդ փորձերից արժեքավոր դասեր քաղել և կիրառել դրանք ՀԱՀ-ի համատեքստում, որպեսզի ի վերջո դառնանք միջազգային չափորոշիչներին համապատասխան հետազոտական կենտրոն։
Վերջին շրջանում ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀԱՀ-ը՝ դասախոսների և ուսանողների հետազոտական գործունեությունը խթանելու նպատակով։
ՀԱՀ-ում գործում է հետազոտությունների խրախուսման ծրագիր, որը մենք նախատեսում ենք զարգացնել առաջիկա տարիներին։ Ծրագրի շրջանակում դասախոսներին տրամադրվում են անհրաժեշտ ռեսուրսներ՝ ժամանակ, դասավանդման ծանրաբեռնվածության թեթևացում և այլ հնարավորություններ՝ իրենց գիտական աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար։ Բացի այդ, դասախոսները կարող են ազատվել դասավանդման որոշ ժամերից, եթե ձեռք են բերում համապատասխան ֆինանսավորում ապահովող դրամաշնորհներ։ Համալսարանը նաև համալրում է իր անձնակազմը նոր աշխատակիցներով, այդ թվում՝ հետազոտողներով և ուսանողներով, որոնք ներգրավվում են հետազոտական նախագծերում։ Լրիվ դրույքով ընդունված բոլոր աշխատակիցները համալսարանին են միանում իրենց սեփական հետազոտական պորտֆոլիոյով։ Ինչպես արդեն նշեցի, մենք ակտիվորեն զարգացնում ենք համագործակցությունները միջազգային գործընկերների, մասնավորապես՝ հետազոտական ակտիվ գործունեություն ծավալող համալսարանների հետ, ինչը հնարավորություն է տալիս մեր դասախոսներին ընդլայնելու իրենց հետազոտական ներուժը։
Ուսանողների հետազոտական ներգրավվածությունը խթանելու համար մենք կազմակերպում ենք նաև պոստերային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսական ծրագրի ուսանողները։ Բացի այդ, մենք աջակցություն ենք ցուցաբերում գիտաժողովներին մասնակցելու ընթացքում, երբ դասախոսները հրավիրվում են հանդես գալու դասախոսությամբ կամ գրախոսությամբ, ինչպես նաև հնարավորության դեպքում օժանդակում ենք սարքավորումների ձեռքբերման հարցում։ Երբեմն սկսնակ հետազոտողներին անհրաժեշտ է լրացուցիչ խթան անկախ հետազոտական գործունեություն սկսելու համար, քանի որ վերահսկվող աշխատանքից ինքնուրույն աշխատանքին անցումը կարող է բարդ լինել։ Մենք հուսով ենք, որ այս խրախուսական ծրագրերն ու աջակցության մեխանիզմներն ավելի սահուն կդարձնեն այդ անցումը։
Ինչպե՞ս եք գնահատում հետազոտական գործունեության ֆինանսավորման աճը և ինչպե՞ս է այն օգտագործվում։
Հետազոտական գործունեության ֆինանսավորումն օգտագործվում է դասաժամերից ազատվելու, նոր աշխատակիցներ ներգրավելու, համայնքային ծառայություններ մատուցելու, միջազգային գործընկերների հետ կապեր և համատեղ նախագծեր ստեղծելու, գիտաժողովներին մասնակցելիս աջակցություն ցուցաբերելու, գիտական սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև դրամաշնորհների համար դիմումներ ներկայացնելու հարցում դասախոսներին աջակցելու համար։ Վերջերս հիմնեցինք Հովանավորվող ծրագրերի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը, որը կոչված է աջակցելու դասախոսներին իրենց մտավոր սեփականության պաշտպանության հարցում։
Թեև վերջին տարիներին ունեցել ենք մի շարք հաջողություններ դրամաշնորհների համար ներկայացված դիմումների հարցում (օրինակ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ստացել ենք երկու դրամաշնորհ), մենք ունեցել ենք նաև ֆինանսավորման կորուստներ, որը ստանում էինք USAID-ից և ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո գործող այլ կառույցներից։ Այնուամենայնիվ, մենք պահպանում ենք առողջ ու կայուն հովանավորվող հետազոտական աշխատանքների պորտֆոլիո և նպատակ ունենք այն ընդլայնելու առաջիկա տարիներին։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀԱՀ-ը, որ իր հետազոտությունները նպաստեն տարածաշրջանային կամ ազգային խնդիրների լուծմանը։
ՀԱՀ-ը հաստատել է տեղական և միջազգային համագործակցություններ արդյունաբերության, պետական կառույցների և ակադեմիական հաստատությունների հետ՝ իր հետազոտությունները տարածաշրջանային և ազգային առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Մենք նաև կազմակերպում ենք միջոցառումներ, կլոր-սեղան քննարկումներ, դասախոսություններ և գիտաժողովներ՝ հանրությանը ներգրավելու համար։ Երբեմն նաև առցանց հրապարակում ենք մեր գիտաժողովների նյութերը․ սա մի ավանդույթ է, որը մենք ցանկանում ենք զարգացնել՝ ամրապնդելով ՀԱՀ մամուլը, որպեսզի այն առաջնահերթություն տա համալսարանում իրականացվող առավել հետաքրքիր հետազոտությունների հրապարակմանը։
Ներկայումս մենք աշխատում ենք գտնել այնպիսի գործընկերներ, որոնք հատկապես հետաքրքրված են արհեստական բանականությամբ աշխատող գերհամակարգիչների ոլորտում ներդրումներ կատարելով։ Դրանք, իսկապես, աշխարհի ամենախոշոր համակարգիչներից են և շուտով հասանելի կլինեն նաև Հայաստանում։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում այն հետազոտական թեմաներին, որոնք առնչվում են Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի հասարակական, բնապահպանական, տնտեսական և պաշտպանության ոլորտների մարտահրավերներին։ Համալսարանի նպատակն է ուղղակիորեն նպաստել երկրի տնտեսության զարգացմանը և պաշտպանութանը, ինչպես նաև աջակցել հայկական արվեստի և մշակույթի բոլոր այն բնագավառներին, որոնք եզակի և արժեքավոր են մեր ազգի համար։
Ի՞նչ դեր ունեն միջազգային համագործակցությունները ՀԱՀ-ի հետազոտական ռազմավարության մեջ։
Արդեն մի քանի տարի է, ինչ ՀԱՀ-ը արդյունավետ կերպով համագործակցում է Ջոնս Հոփքինսի համալսարանի, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի, Էմորիի համալսարանի, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի, ինչպես նաև վերջերս՝ Վաշինգտոնի նահանգային համալսարանի հետ։ Այժմ մենք փորձում ենք ստորագրել փոխըմբռնման հուշագրեր նաև Եվրոպայի, Արաբական թերակղզու և Ասիայի կրթական հաստատությունների հետ։ Միջազգային համագործակցություններն առանցքային նշանակություն ունեն, քանի որ դրանք ընդլայնում են մեր հետազոտությունների ծավալը, բարձրացնում դրանց որակը և ազդեցությունը։ Դրանք նաև նպաստում են գիտելիքի փոխանակմանը՝ հնարավորություն տալով մեզ զարգացնելու նոր հմտություններ և ներգրավվելու առաջատար հետազոտական աշխատանքներում։
ՀԱՀ-ը տարածաշրջանում միակ համալսարանն է, որը Եվրոպական միության կողմից հովանավորվող «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ստացել է երկու խիստ մրցակցային և հեղինակավոր դրամաշնորհներ՝ «Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոն» (ETICA) և «Հայաստանում էներգետիկայի անցման ոլորտում կլիմայական լուծումների գիտական հետազոտությունների զարգացում» (STREACS)։
Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ստեղծել միջազգային համագործակցություններ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու ուսանողների փոխանակման ծրագրեր։ Ներկայումս ՀԱՀ-ի ուսանողների մոտ 10 տոկոսն արտերկրից է, հիմնականում՝ սփյուռքից։ Մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել շուրջ 20 տոկոսի՝ ներգրավելով ավելի մեծ թվով ոչ հայկական ծագում ունեցող ուսանողների։ Այդ կերպ մենք կարող ենք ներդնել կրթական տարբեր ավանդույթներ և ընդլայնել հայ ուսանողների պատկերացումը բարձրագույն կրթության մասին։
Ինչպե՞ս են ՀԱՀ-ի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները ներգրավվում հետազոտական աշխատանքներում։
Ուսանողները հաճախ ընդգրկվում են հետազոտական նախագծերում դասախոսների ղեկավարությամբ՝ լինի դա հետազոտական պրակտիկայի, վարձատրվող աշխատանքի, դիպլոմային աշխատանքի, թե ավարտական նախագծի շրջանակում։ Երբեմն նրանք միանում են որպես հետազոտական օգնականներ, այլ դեպքերում՝ որպես պրակտիկանտներ կամ իրենց կրթական ծրագրին առնչվող պրակտիկայի շրջանակում։ Այս փորձառությունները նրանց տալիս են բացառիկ հնարավորություն պատկերացում կազմելու այն մասին, թե ինչպես է իրականացվում հետազոտական աշխատանքը համալսարանում։
Մագիստրատուրայի ուսանողները հաճախ անմիջականորեն մասնակցում են հետազոտական աշխատանքներին՝ իրենց կրթական ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի միջոցով։ Ապագայում մենք նախատեսում ենք ներդնել նաև դոկտորական ծրագրեր, ինչը կլինի առանցքային քայլ ՀԱՀ-ի հետազոտական գործունեության ընդլայնման համար։ Ներգրավելով դոկտորանտներին, որոնք ամբողջությամբ կենտրոնացած են հետազոտության վրա և կարող են ստանձնել ավելի բարդ ու պատասխանատու աշխատանքներ, զգալիորեն կփոխակերպվիհաստատության հետազոտական մշակույթը։
Ինչպե՞ս է ՀԱՀ-ը գնահատում և խրախուսում դասախոսների հետազոտական ձեռքբերումները։
Համալսարանն ակտիվորեն փորձում է խթանել այս ոլորտի զարգացումը։ Այդ պատճառով դասախոսների պաշտոնների առաջխաղացումը պայմանավորված է նրանց հետազոտական աշխատանքների արդյունքներով, դրանց որակով և միջազգային ճանաչմամբ։ Երբեմն մենք պարգևատրում ենք այն դասախոսներին, որոնց աշխատանքները ներկայացվում են բարձրակարգ գիտաժողովներում կամ հրատարակվում են հեղինակավոր գիտական ամսագրերում։ Քանի որ աշխատավարձի բարձրացումն անմիջականորեն կախված է հետազոտության որակից, մենք ձգտում ենք բարձր գնահատել այն դասախոսներին, որոնք իրականացնում են որակյալ հետազոտություններ։
Ինչպես արդեն նշեցի, մենք դասավանդումից ազատման հնարավորություն ենք առաջարկում այն դասախոսներին, որոնք ծավալում են ակտիվ հետազոտական գործունեություն։ Երբեմն նաև աջակցում ենք նրանց գիտական աշխատությունների հրատարակման և դրանց տեսանելիության բարձրացման հարցում։ Եվ վերջապես, մեծ կարևորություն ունեցող հետազոտությունների մասին հաղորդագրությունները մենք տեղադրում ենք համալսարանի սոցիալական մեդիա հարթակներում, իսկ հոդվածները՝ AUA Newsroom կայքում։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները: