Scientific Discussion Series in Health

ՁԱՈ ծրագրի վիրտուալ գիտական քննարկումների շարք նվիրված առողջապահությանը

28.04.2021

This post is also available in: English

Բացառիկ կամուրջ հանդիսանալով Հայաստանի և սփյուռքի միջև՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցներ առողջապահության ոլորտում (ՁԱՈ) ծրագիրը մեկնարկեց վիրտուալ գիտական քննարկումների շարք: Այդպիսով, ևս մեկ հարթակ ստեղծվեց առողջապահության ոլորտի նվիրյալ մասնագետների համար՝ հնարավորություն ընձեռելով կիսել իրենց փորձը և հանրության ուշադրությունը սևեռել առողջությանը վերաբերող կարևոր թեմաների վրա:

2021 թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցած առաջին միջոցառման բանախոսն էր ՀԱՀ պատվավոր նախագահ, ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի հիմնադիր դեկան, ինչպես նաև ՁԱՈ ծրագրի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Հարություն Արմենյանը: Դր. Արմենյանը կիսվեց իր և իր գործընկերների փորձառությամբ՝ բերելով առանձին օրինակներ, թե ինչպես է հետազոտական մոտեցումը օգնում հարստացնել բժշկական գործունեությունը, բարելավել տրամադրված ծառայությունների որակը, և երբեմն հիմք հանդիսանում բժշկության և առողջապահության ոլորտներում նորամուծություններ անելու համար:

Առցանց միջոցառմանը միացել էին ավելի քան 60 մասնակից և հյուր, այդ թվում՝ ՁԱՈ շահառուներ, ՀԱՀ հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, ՀԱՀ տարբեր բաժինների ներկայացուցիչներ, գործընկերեներ և ընկերներ:

«Ներկայիս դժվարին ժամանակներում, անկախ մեր քաղաքական դիրքորոշումից, պետք է միտված լինենք դրական ընթացք տալ մեր ծավալած գործունեությանը, նախ և առաջ մեր անձնական մտավոր և հոգեկան առողջությունը պահպանելու համար»,- իր ամփոփիչ խոսքում ասաց Դր. Արմենյանը:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում:

Share

Related News

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրՆորություններ
ՁԱՈ ծրագիրն աջակցում է Առողջապահության նախարարությ...
ԹԱԳՖ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը։

30.01.2026

Հետազոտություններ«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրՆորություններ
ՁԱՈ ծրագիրը հրապարակել է Հայաստանի գյուղական համայ...
Այս ուսումնասիրությունն իրականացվել է «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի շրջանակում։

01.12.2025

Նորություններ«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիր
ՁԱՈ ծրագիրն աջակցում է ևս մեկ մասնավոր առողջապահակ...
ՀԱՀ «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի աջակցությամբ հիմնվեց ատամնաբուժական կենտրոն Արմավի...

22.02.2024