Այս հանդիպման ընթացքում կքննարկենք Գոհար Հարությունյանի «Ցեղասպանությունը Սիմոն Սիմոնյանի արձակում և հրապարակախոսության մեջ» հոդվածը։
Սփյուռքահայ անվանի գրող և խմբագիր Սիմոն Սիմոնյանի ինչպես գեղարվեստական արձակում, այնպես էլ հրապարակախոսության մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայոց ցեղասպանության թեման։ Սիմոնյանի համար Ցեղասպանությունը մի կողմից խիստ անձնական և ընտանեկան փորձառությանն առնչվող իրադարձություն է, մյուս կողմից՝ սփյուռքահայ մտավորականի, մեծ լսարան ունեցող պարբերականի խմբագրի մտածումների շարունակական նյութ։
Սույն աշխատանքում քննվում է, թե Ցեղասպանությունն ինչպես է ներկայանում գրող Սիմոնյանի գրչի ներքո՝ որպես իր հերոսների կյանքում դրոշմված անջնջելի աղետ, և ինչպիսի մեկնաբանության է ենթարկվում հայության պահպանմամբ և հարատևմամբ մտահոգ հրապարակախոսի, հանրային գործչի կողմից։ Զեկույցի նպատակն է վերհանել և մեկնաբանել այս երկու դիտանկյունները՝ բացահայտելով դրանց խորքային ենթաշերտերը, բազմազան դրսևորումները՝ բնորոշ գեղարվեստական արձակին և հրապարակախոսությանը։
Գոհար Հարությունյանը ՀԱՀ հրավիրյալ դասախոս է։ Նա նաև ուսուցանում է Երևանի Այբ դպրոցում։ Նրա հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են ժամանակակից հայ գրականության վրա՝ հատուկ շեշտադրելով Սիմոն Սիմոնյանի ստեղծագործությունները, ինչպես նաև սփյուռքահայ գրականությունն ու գրական տեսությունը։ Հարությունյանը հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ հայկական ակադեմիական հանդեսներում և իր հետազոտությունները ներկայացրել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական գիտաժողովներում։
