Blog

Dr. Grigoryan with EIH Program Representatives
,

ՀԱՀ ՁԱՈ ծրագիրն աջակցում է մասնավոր առողջապահական ծառայությունների ընդլայնման նախաձեռնությանը

< 1 min read

Վեդի, Հայաստան: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցներ առողջապահության ոլորտում (ՁԱՈ) ծրագրի աջակցությամբ ատամնաբուժական սենյակ է բացվել Արարատի մարզի Վեդի քաղաքում գործող բժիշկ Հասմիկ Գրիգորյանի մասնավոր առողջապահական ծառայություններ մատուցող կենտրոնում:

Կրթությամբ ճառագայթաբան բժ. Գրիգորյանը հիմնել էր իր մասնավոր առողջապահական կենտրոնը մոտ 46․000 բնակիչ ունեցող և մայրաքաղաքից մոտ 56կմ հեռավորության վրա գտնվող Վեդի քաղաքում՝ մատուցելով տարբեր առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ ճառագայթային ախտորոշում, ընտանեկան բժշկի և լաբորատոր ծառայություններ: Համայնքում և տարածաշրջանում որակյալ ատամնաբուժական ծառայությունների կարիքը շարժառիթ հանդիսացավ ընդլայնելու կենտրոնի ծառայությունները և հագեցնելու կենտրոնը ժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով՝ ծառայելով ինչպես մեծահասակներին, այնպես էլ փոքրերին:

Մասնակցելով ՁԱՈ ծրագրի «Բուժօգնության որակի կառավարման հիմունքներ», «Կանխարգելիչ ատամնաբուժություն», «Ձեռնարկատիրական հմտություններ» և «Առողջապահական հաշվապահություն» դասընթացներին՝ բժ․ Գրիգորյանը կազմել է բիզնես և որակի ապահովման ծրագրեր, որոնք հաստատվել են ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի կողմից։ Արդյունքում, բժ․ Գրիգորյանը ստացել է ատամնաբուժական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ՁԱՈ ծրագրի այլ բաղադրիչներից օգտվելու հնարավորություն, որոնք ուղղված են շարունակական մասնագիտական զարգացմանն ու համայնքում առողջապահական ծրագրերի ներդրմանը։

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժ. Գրիգորյանի գործունեությանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդակցություն բուժօգնության որակի բարելավման, առողջապահության ոլորտի կառավարման, կանխարգելիչ ատամնաբուժության, հաշվապահության և այլ ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: