Blog

Dr. Mesrop Hayrumyan’s dental clinic

ՁԱՈ ծրագիրն աջակցում է հերթական մասնավոր նախաձեռնությանը՝ սկսելով գործել նաև Գեղարքունիքում

< 1 min read

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, Հայաստան — Առաջին մասնավոր առողջապահական ծառայությունը, որն աջակցություն է ստանում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցներ առողջապահության ոլորտում (ՁԱՈ) ծրագրի կողմից Գեղարքունիքի մարզում, բժ. Մեսրոպ Հայրումյանի մասնավոր ստոմատոլոգիական կենտրոնն է:

Բժ. Հայրումյանը ընտանեկան ատամնաբուժության ոլորտում գրեթե 10 տարվա մասնագիտական փորձառություն ունի. վերջերս նաև վերապատրաստվել է իմպլանտոլոգիայի բնագավառում: Որոշում կայացնելով Սևան քաղաքում գործող իր ատամնաբուժական կենտրոնը տեղափոխել քաղաքի կենտրոն՝ նա դիմել է ՁԱՈ ծրագրին՝ ֆինանսական և մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով:

Բացի ՁԱՈ շահառուներին առաջարկվող հիմնական դասընթացներից (բուժօգնության որակի, ձեռներեցության, հաշվապահության ոլորտներում), բժ. Հայրումյանը նաև մասնակցել է Կանխարգելիչ ատամնաբուժության դասընթացին, որը իրականացվում է կրթությամբ ատամնաբույժ ՀԱՀ Հանրային առողջպահության ֆակուլտետի շրջանավարտների կողմից և  նպատակ ունի ՁԱՈ շահառուների կողմից մատուցվող ատամնաբուժական ծառայություններում ներառել ժամանակակից կանխարգելիչ միջոցառումներ:

Բժ. Հայրումյանի բիզնես-ծրագիրը և որակի ապահովման ծրագիրը հաստատվել են ՁԱՈ գործադիր կոմիտեի կողմից, և նա ստացել է ֆինանսական օժանդակություն` ատամնաբուժական սարքավորումներ ձեռք բերելու համար:

ՁԱՈ ծրագիրը շարունակելու է աջակցել բժ. Հայրումյանի ստոմատոլոգիական կենտրոնի գործունեությանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն բուժօգնության որակի բարելավման, առողջապահության ոլորտի կառավարման, կանխարգելիչ ատամնաբուժության, և հաշվապահության  ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների տրամադրման և կառավարման ոլորտներում: