Blog

“Narek” health center

ՁԱՈ ծրագիրն օգնում է ընդլայնել մասնավոր բժշկական ծառայությունները Թալինում

2 min read

ԹԱԼԻՆ, Հայաստան — Բժիշկ Թամարա Գևորգյանի կողմից հիմնադրված «Նարեկ» առողջության կենտրոնն արդեն շուրջ 6 տարի ընտանեկան բժշկի մասնավոր ծառայություններ է մատուցում Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ վերջին 5 տարիների ընթացքում աշխատելով նաև պետական պատվերի շրջանակներում։ Ներկայում կենտրոնը սպասարկում է շուրջ 5000 բնակչի՝ առաջարկելով ներզատաբանի, նյարդաբանի, ինչպես նաև լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագրի աջակցությամբ բժիշկ Գևորգյանն ընդլայնեց իր կենտրոնում մատուցվող լաբորատոր ախտորոշիչ ծառայությունները՝ ավելացնելով բիոքիմիական, շճաբանական և իմունաբանական լաբորատոր հետազոտություններ:

«Մինչ կենտրոնում լաբորատոր ծառայությունների ավելացումը ստիպված էինք  հիվանդներին ուղեգրել այլ բժշկական հաստատություններ, ինչն էլ բնակիչների համար որոշակի դժվարություններ էր առաջացնում», – ասում է բժիշկ Գևորգյանը և հավելում, որ ներկայում լաբորատոր ախտորոշիչ գործառույթները մեծամասամբ անցկացվում են հենց տեղում:

Բժիշկ Գևորգյանը ՁԱՈ ծրագրի մասին տեղեկացել է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից Հայաստանի մարզային համայնքներում իրականացված բուժօգնության որակի բարելավման վերաբերյալ դասընթացների ընթացքում և, դիմելով ծրագրին, անցել բոլոր անհրաժեշտ դասընթացները, կազմել բիզնես-ծրագիր և բուժօգնության որակի ապահովման ծրագիր, որոնք էլ հավանության են արժանացել ՁԱՈ գործադիր խորհրդի կողմից: Արդյունքում բժիշկ Գևորգյանը ստացել է ֆինանսական աջակցություն՝ իր նպատակներն իրականացնելու համար:

Չնայած մինչ ՁԱՈ ծրագրին մասնակցելը բժիշկ Գևորգյանը տարիների ձեռներեցության փորձ ուներ՝ իր կարծիքով ծրագրի տրամադրած դասընթացներն իր բիզնես-գործունեության զարգացման մեջ մեծ դեր են ունեցել.
«Իմ աշխատանքի կազմակերպման ընթացքում որոշ հմտությունների տիրապետում էի, բայց որոշ բաներ ինձ համար պարզ չէին. օրինակ՝ թե տվյալ գործունեությունը սկսելու համար ինչ ռազմավարություն կազմել լ, ինչպես որոշել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ինչ անել, որ մեր գործունեությունը հաջողի: Ծրագիրն ինձ լիարժեք գիտելիք տվեց, և արդյունքն ավելի նկատելի էր դասընթացներից հետո», – նշում է բժիշկ Գևորգյանը և հավելում, որ նպատակ ունի շարունակել կենտրոնի ընդլայնումը. «Իհարկե, արդեն աշխատում ենք նաև մեր ծառայություններն ավելացնելու ուղղությամբ, քանի որ դրանք մատչելի են և դրանց կարիքն օր-օրի ավելի է զգացվում բնակչության շրջանում »:

ՀԱՀ ՁԱՈ ծրագիրը շարունակում է աջակցել առողջապահության ոլորտի ձեռներեցներին հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ այդպիսով բարձրացնելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը մարզային փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում:

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահական ծառայությունների  տրամադրման և կառավարման ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։