Blog

Entrepreneurs in Health

ՁԱՈ. Կամուրջ Հայաստանի և Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետների միջև

2 min read

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը, որը մեկնարկել է  Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության  ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքի զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում, իր շահառուներին ապահովում է անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով առողջապահության ոլորտում որակի բարելավման, ինչպես նաև կանխարգելիչ ատամնաբուժության, ձեռներեցության և հաշվապահության ոլորտներում: ՁԱՈ ծրագրի Մենտորության բաղադրիչը փորձնական փուլում է, և իրականացվում է ծրագրի ատամնաբուժական ծառայություններ մատուցող շահառուների և նույն ոլորտի մենտորների միջև։ Այս բաղադրիչն առավել արդյունավետ ձևավորելու համար ՁԱՈ ծրագիրը որոշումների կայացման գործընթացում ներգրավում է ինչպես մենտորներին, այնպես էլ՝ շահառուներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց քննարկել իրենց տեսակետներն, ինչպես նաև այս համագործակցությունից բխող սպասելիքները:

«Հայաստանի և սփյուռքի միջև համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն սարքավորումների նվիրատվությամբ կամ հումանիտար օգնությամբ։ Մենք կարող ենք հզորացնել տեղական ներուժը՝ գիտելիքների և հմտությունների փոխանակման միջոցով», — ասում է ՁԱՈ ծրագրի գործադիր խորհրդի անդամ, բժիշկ Շանթ Շխրդմյանը և հավելում, որ համագործակցության այս տեսակը երկկողմանի արդյունավետություն ունի. շփվելով տեղի մասնագետների հետ, մենտորներն ավելի լավ պատկերացում են կազմում Հայաստանում առողջապահական համակարգի և գյուղական շրջանների առողջապահական մթնոլորտի մասին:

2020 թ. սեպտեմբերի 10-ին Առողջապահության մասնագետների հայ-ամերիկյան կազմակերպությունը (AAPHO-Armenian American Health Professionals Organization)  հանդիպեց ՁԱՈ ծրագրի ղեկավար, ՀԱՀ պատվավոր նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հարություն Արմենյանի, ՁԱՈ ծրագրի համակարգող բժիշկ Աստղիկ Աթանյանի, ՁԱՈ ծրագրի մարզային գործունեությունը համակարգող բժիշկ Հրաչյա Լիլոզյանի և ծրագրի գործադիր կոմիտեի անդամ, բժիշկ Շանթ Շխրդմյանի հետ։ Նրանք ներկայացրին ՁԱՈ ծրագրի առաքելությունն ու նպատակները, հաստատեցին ՁԱՈ ծրագրի շահառուների՝ ընտանեկան բժիշկների մասնակցությունն առաջնային օղակում COVID-19-ի խնամքի գործին և տեղեկացրին Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի մեջ ներգրավման մասին։ Նյու Յորքի «Հայերի ձայնը»  (Voice of Armenians) հեռուստածրագիրը լուսաբանեց այս միջոցառումը։

ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և տարածաշրջանում  բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ միջգիտակարգային կրթական ծրագրերի տրամադրման և առողջապահության ոլորտում մասնագետներ կրթելու միջոցով, ովքեր հետագայում դառնում են առաջատար մասնագետներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների հետազոտման և գնահատման, առողջապահականծառայությունների  տրամադրման և կառավարման ոլորտներում:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» (ՁԱՈ) ծրագիրը իրականացվում է ՀԱՀ Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի կողմից՝ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման» (ԹԳՀԶ) ծրագրի հետ համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի օգնել առողջապահության ոլորտի ձեռներեցներին՝ հիմնել կամ ընդլայնել իրենց մասնավոր գործունեությունը՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում ու մարզային փոքր քաղաքներում առավել հասանելի դարձնելով որակյալ առողջապահական ծառայությունները։