Blog

,

ՀԱՀ Էկոտուրիզմի չորրորդ համաժողովը նոր փուլ է սկսում

Երևան, Հայաստան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը օգոստոսի 30-ին և 31-ին կազմակերպում է Էկոտուրիզմի չորրորդ ամենամյա համաժողովը: 

Այս տարի համաժողովի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS), KfW գերմանական զարգացման բանկը, Էկոտուրիզմի միջազգային միությունը և «EUROPARC» ֆեդերացիան:

Համաժողովի առանցքային հարցը զբոսաշրջության զարգացման մեջ պահպանվող տարածքների դերն է, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու ուղիները և հարակից համայնքներին զբոսաշրջության աճից օգտվելու հնարավորություններ տալը: Ուղղված լինելով քաղաքականության քննարկմանը՝ այս տարվա համաժողովը խիստ կտարբերվի նախորդ տարիների համաժողովի հայեցակարգից: 

«Մենք Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության մշակման փուլում ենք, և մեր պահպանվող տարածքներն ազգային գոհարներ են, որոնք պետք է հանդիսանան այս ռազմավարության բաղկացուցիչ մասը: Հիմնական մարտահրավերն այն է, որ պահպանվող տարածքներում զբոսաշրջությունը պետք է լինի կայուն՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական տեսանկյուններից»,- կարևորում է Սուսաննա Սաֆարյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը հավելում է,- «Էկոտուրիզմը զարգացնելիս պետք է առաջնահերթությունը տանք մեր բնական լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանմանը, մասնավորապես` այնպիսի վայրերում, ինչպիսին է Խոսրովի անտառը, որն աշխարհի հնագույն, եթե ոչ ամենահին, պահպանվող տարածքներից մեկն է: Կենսաբազմազանության նման թեժ կետերը պետք է օգտագործվեն գիտական նպատակներով, իսկ զբոսաշրջությունը պետք է սահմանափակված լինի ինչպես տարածական, այնպես էլ այցելուների թվի առումներով: Կարևորագույն կողմերից է նաև հարակից համայնքների համար էկոտուրիզմի զարգացման շահավետության ապահովումը»:

Համաժողովում կքննարկվեն նաև Հայաստանի պահպանվող տարածքներում կայուն զբոսաշրջության «EUROPARC» կանոնադրության իրականացման հնարավորությունները: «EUROPARC»-ի կանոնադրությունը գործնական կառավարման գործիք է, որը հնարավորություն է տալիս պահպանվող տարածքներում զարգացնել կայուն զբոսաշրջությունը»,- նշում է Կարեն Մանվելյանը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը: Մեր նախագծերից մեկի՝ «Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS)» շրջանակներում, ուսումնասիրել ենք «EUROPARC» կանոնադրության իրականացման հնարավորությունները Հայաստանի երեք պահպանվող տարածքներում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և «Արփի լիճ» ազգային պարկում: Համաժողովում կվերանայենք մինչ այժմ կատարված աշխատանքները և կքննարկենք դրանք արագացնելու ուղղությամբ հնարավոր եղանակները»,- ավելացնում է նա:

Լիտտա Պետրոսյանը` ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Բնապահպանական կրթության և հասարակայնության հետ կապերի ծրագրերի մենեջերը, շեշտում է,- «Այս տարվա օրակարգը մշակելու համար կենտրոնը զրուցել է հիմնական շահակիր կողմերի հետ: Համաժողովը կարևորագույն հարթակ է բնության և բնության պահպանության դերի վերաբերյալ  քաղաքականության քննարկումներ նախաձեռնելու համար, որը մեծ նշանակություն կունենա Հայաստանի զբոսաշրջության զարգացման մեջ»: Նա հավելում է,- «Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մենք հրավիրում ենք միջազգային մասնագետների, ովքեր կօգնեն մեզ վերոնշյալ խնդիրները քննարկել համաշխարհային ենթատեքստում»:

Ելույթով հանդես գալու և իրենց փորձով կիսվելու նպատակով ոլորտի միջազգային կազմակերպություններից հրավիրված են հետևյալ բանախոսները.

  • Ջոն Բրունո՝ Էկոտուրիզմի միջազգային միության գործադիր տնօրեն. թեմա՝ «Էկոտուրիզմի համաշխարհային շուկան. միտումները և ինչպես կարող է  Հայաստանն օգտվել հնարավորություններից»
  • Թիագո Սուզա՝ Բնության պահպանության միջազգային միության պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի ներկայացուցիչ, Զբոսաշրջության մասնագետների խումբ. թեմա՝ «Պահպանվող տարածքներում կայուն զբոսաշրջության տնտեսական ազդեցությունը. Համաշխարհային փորձ»
  • Քարոլ Րիչի՝ «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն. թեմա՝ «Պահպանվող տարածքներում զբոսաշրջության բնապահպանական և սոցիալական կայունությունը»
  • Փաուլո Քասթրո՝ «EUROPARC» ֆեդերացիայի խորհրդի անդամ, թեմա՝ «EUROPARC կանոնադրությունն իրականացնելու հաջողության գործոնները»:

ՀԱՀ Էկոտուրիզմի համաժողով 2019-ին մասնակցությունը միայն հրավերով է: Մասնակցությամբ հետաքրքրված անձինք կարող են նամակ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ ace@aua.am: Բանախոսների, խմբային քննարկուների և համաժողովի օրակարգի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք https://ace.aua.am/ecotourism կայքէջը:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը՝ հետազոտության, կրթության և հասարակության հետ կապերի միջոցով: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքային ուղղվածություններն են բնական պաշարների կայուն կառավարումը, կենսաբազմազանությունը, ստեղծված շրջակա միջավայրի կանաչապատումը, մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու շրջակա միջավայրը:

Share This: