Blog

EPIC Startup Incubator Finalists May Have the Opportunity to Train in Silicon Valley

2 min read

Source: https://news.am/arm/news/370480.html

Ուսանողական 6 թիմեր են պայքարում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ծրագրի շրջանակներում մրցանակային տեղերի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց EPIC ինկուբատորի օպերացիոն մենեջեր Արամ Քերյանը։

Ընդհանուր առմամբ, մրցույթունի մասնակցության հայտ էր նարկայացրել 34 թիմ։ Փուլային մրցույթի ավարտին կմնա 6 թիմ, որոնք հնարավորություն կստանան 4 ամսվա ընթացքում աշխատել, դասախոսությունների հաճախել եւ ուսումնասիրություններ անցկացնել՝ մինչեւ կրկին կհայտնվեն մրցութային հանձնաժողովի եւ ներդրողների առջեւ։

Լավագույնները կանցնեն հաջորդ փուլ՝ կենտրոնից ստանալով 5000–ական դոլար, 300-400 դոլարի չափով ամառային կրթաթոշակ եւ կկարողանան հավակնել ներդրողների կողմից տրամադրվող մրցակցային դրամաշնորհներին։ Հաջողության դեպքում, թիմերը կկարողանան մասնակցել EPIC –ի կամ միջազգային նմանատիպ ինկուբատորների ծրագրերին, իսկ եզրափակիչ փուլի մասնակիցները կվերապատրաստվեն Սիլիկոնյան հովտում։

 Նախապատրաստական փուլում յուրաքանչյուր թիմին կտրամադրվի կայացած գործարարներից, բիզնես–դպրոցների եւ գիտական կենտրոնների դասախոսներից կազմված փորձառու մենթորների թիմի աջակցությունը։ Շարքը բաղկացած կլինի հրավիրյալ մասնագետների դասախոսություններից եւ լաբորատոր պայմաններում նախատիպերի ստեղծման աշխատանքներից, նաեւ՝ բնության պայմաններում անկաշկանդ  մթնոլորտում զրույցներից։ Յուրաքանչյուր ամսվա վերջին կլինի գնահատման օր։ Պրակտիկայի ավարտին թիմերը բիզնես նախագիծ են պատրաստելու եւ ներդրողներին են ներկայացնելու ապագա ապրանքի նախատիպը։

 Մենեջերի խոսքով, քիչ չեն օրինակները, երբ կայացած բիզնեսները մեկնարկել են ուսանողական լսարանից։ «Հենց այդ պատճառով մենք որոշեցինք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կօգներ իրագործել հեռանկարային գաղափարները։ Համալսարանական միջավայրը պետք է դառնա ձեռներեցության կարեւոր կենտրոն»։

EPIC–ի երկրորդ ծրագրի շրջանակներում բացվել է Նախատիպերի լաբորատորիա, որը հագեցած է Հայաստանում իր նմանը չունեցող եզակի տեխնիկայով՝ 3D սքաներ, 3D տպիչ, լիթիումային վակումային մեքենաներ եւ այլն։ Ինկուբատորի ռեզիդենտները շուրջօրյա մուտք ունեն լաբորատորիա, իսկ Ամերիկյան համալսարանի մյուս ուսանողները կարող են օգտվել դրանից միայն աշխատանքային ժամերին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների EPIC կենտրոնը բացել է 2016 թվականի հունիսին։ Այն Հայաստանի պպայմաններում տեխնոլոգիական ձեռնարկություններ հիմնելու համար անհրաժեշտ գիլեիքների ձեռքբերման ինքնատիպ հարթակ է։ Ինկուբատոր եկած թիմում պետք է լինի Ամերիկյան համալսարանում սովորող առնվազն մեկ ուսանող կամ էլ անդամների կեսից ավելին պետք է լինի ՀԱՀ–ի շրջանավարտ: Աշխատել կարելի է ինչպես նորարարական ծրագրերի, այնպես էլ՝ սարքավորումների ստեղծման ուղղությամբ։