Blog

High Concentrations of Arsenic and Copper in Syunik Soils

3 min read

Source: http://hetq.am/arm/news/73429/arseniumov-u-pxndzov-gerhagecats-hoxer-syuniqi-marzum.html

Արսենիումով ու պղնձով գերհագեցած հողեր՝ Սյունիքի մարզում

Գագիկ Աղբալյան

17:14, 5 դեկտեմբերի, 2016

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը դիտարկումներ է անցկացրել մեր հանրապետության 10 հանքարդյունաբերական համայնքների մանկապարտեզներում եւ դպրոցներում, որտեղ հանքարդյունաբերական խոշոր ծրագրեր են իրականացվում: Կենտրոնը ջրի եւ հողի՝ ծանր մետաղներով աղտոտումներ է հայտնաբերել: 

Ստուգվել է ընդհանուր թվով 25 մանկապարտեզի եւ 27 դպրոցի հողը եւ խմելու ջուրը։

Հողի հետազոտություններ են իրականացվել Կապան քաղաքի եւ Սյունիք ու Աճանան գյուղերի 11 մանկապարտեզներում, 5 միջնակարգ եւ 6 հիմնական դպրոցներում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 3917 երեխա: Խմելու ջրի 4 նմուշները վերցվել են Կապանի թիվ 7, 8, 10 մանկապարտեզների եւ թիվ 5 դպրոցի ջրի ծորակներից, ինչպես նաեւ մակերեւութային ջրերի 3 նմուշներ վերցվել են Ողջի եւ Կավարտ գետերից:

Ըստ խմելու ջրի հետազոտության արդյունքների` Կապան եւ Սյունիք համայնքների խմելու ջրում ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել: Բանն այն է, որ այս համայնքների ջրամատակարարումն իրականացվում է Գեղիի ջրաղբյուրից, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, «Գեղի» պոչամբարից եւ Հանքասարի հանքավայրից վերեւ: Աճանան գյուղի ջրամատակարարումն իրականացվում է օրվա մեջ մի քանի ժամ տեւողությամբ, եւ ուսումնասիրող խմբի այցելության ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել ջրի նմուշառում:

Ըստ մակերեւութային ջրերի հետազոտության արդյունքների` Կավարտ գետի ջրում եղել են երկաթի, նիկելի, պղնձի եւ մանգանի բարձր պարունակություններ:

Արսենիումի կոնցենտրացիաները վերցված հողի նմուշներում տատանվել են 8,35-56,53 մգ/կգ արժեքների տիրույթում` հողի ՀՀ ստանդարտը գերազանցելով միջինը 12,2 անգամ: Արսենիումի համար հողի ՀՀ ստանդարտը՝ 2 մգ/կգ, ամենախիստն է աշխարհում: Այն համապատասխանում է Նորվեգիայի եւ Ռուսաստանի Դաշնության ստանդարտներին: Այնուամենայնիվ, վերցված հողի նմուշների մեծամասնությունում արսենիումը գերազանցել է նաեւ եվրոպական մի շարք երկրներում ընդունված ստանդարտները:

Այդուհանդերձ, փորձագիտական խմբում ընդգրկված մասնագետները ստացված արդյունքները բավարար չեն համարում՝ Կապանի, Սյունիքի եւ Աճանանի հողում արսենիումի պարունակությունն արդյունաբերական եւ հանքարդյունաբերական գործունեության ազդեցության հետ կապելու համար: Ըստ մասնագետների եզրակացության՝ անհրաժեշտ են խորը հետազոտություններ՝ պատճառահետեւանքային կապի պարզման կամ բացառման նպատակով:

Մինչ այդ, նրանք առաջարկում են, որպեսզի խաղահրապարակները ծածկվեն այնպիսի մակերեսային ծածկով, որը լվացման ենթակա լինի, եւ նվազագույնի հասցվի երեխաների՝ հողից արսենիումով թունավորման հավանականությունը:

Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 35.28-897.70 մգ/կգ արժեքների տիրույթում: Պղնձի համար հողի ՀՀ ստանդարտը 3 մգ/կգ է: Այսպիսով, հողի բոլոր նմուշներում պղնձի պարունակությունը գերազանցել է միջինում 123.9 անգամ: Ըստ մասնագետների՝ չնայած փաստերը վկայում են, որ պղինձը հողի մեջ նման արժեքների դեպքում վտանգ չի ներկայացնում երեխաների առողջության համար, այն թունավոր է համարվում ջրային էկոհամակարգերի համար:

Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 9.74-52.76 մգ/կգ տիրույթում (կապարի համար ՀՀ հողի ստանդարտը 32 մգ/կգ է): Կապան, Սյունիք եւ Աճանան համայնքների, ինչպես նաեւ ֆոնային տարածքների հողում սնդիկի կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել:

Հավելենք նաեւ, որ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենամսյա եւ տարեկան հաշվետվությունների համաձայն՝ Կապան, Սյունիք եւ Աճանան համայնքները կանգնած են բնապահպանական խնդիրների առջեւ: Մասնավորապես, այս համայնքներում մակերեւութային ջրերը համապատասխանում են վատ որակի դասին՝ պայմանավորված ծանր մետաղներով աղտոտվածությամբ:

Կապան քաղաքում պղնձի առաջին հանքերը սկսել են շահագործվել 1840 թվականին հույների կողմից, երբ պղնձով հարուստ ընդերքն օգտագործելու նպատակով կառուցվել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Կոմբինատի լուծարումից հետո պղինձ-մոլիբդենային հանքերի շահագործումը հանձնվել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին, որը 2013 թվականին անվանվել է «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի: Կոմբինատն ուներ 1 մլն տոննա հանքաքար արտահանելու արտադրական հզորություն: 2009 թվականին այն հրաժարվել է Կապանի հանքի շահագործման թույլտվությունից: 2016 թվականին «Դանդի Փրիշլս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն վաճառքի համաձայնագիր է ստորագրել «Պոլիմետալ» ԲԲԸ-ի հետ եւ վերանվանվել է «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ»: Ներկայումս կոմբինատը շահագործում է միայն Շահումյանի հանքավայրը, որը գտնվում է քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա, Ողջի եւ Կավարտ գետերի միջեւ:

Կոմբինատի հանքարդյունաբերական պոչանքները տեղակայված են Կապան քաղաքի եւ Աճանան գյուղի մոտ: Փաստացի տվյալներով՝ պոչամբարի ծավալը կազմում է 4,6 մլն խմ՝ 32 հեկտարի համար, որից 2,5 մլն խմ-ն արդեն լցված է:

Հ.Գ. Ծրագիրն իրականություն է դարձել One Armenia («Մեկ Հայաստան») կազմակերպության «Եկե՛քպահպանենք Հայաստանը թունավոր աղտոտումից» հանգանակության արշավի, Եվրոպայումանվտանգության եւ համագործակցության երևանյան գրասենյակի եւ ՄԱԿի Զարգացման ծրագրիտրամադրած սարքավորումների, ինչպես նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւմի շարք մասնավոր նվիրատվությունների արդյունքում: ԱՄՆ դեսպանատունը եւս կարեւորդերակատարում է ունեցել հանգանակության արշավի մեկնարկի եւ նվիրատուների մոբիլիզացմանհարցում:       

(շարունակելի)