ՀՀ-ում համալսարանական առաջին ձեռներեցության EPIC կենտրոնում մեկնարկել է ստարտափ ինկուբացիոն ծրագիրը
2 min readՀայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) նորաբաց առաջին Ձեռներեցության եւ Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը (Entrepreneurship and Product Innovation Center – EPIC) գործարկել է նոր ստարտափ ինկուբացիոն ծրագիր: Կենտրոնի նպատակն է պատրաստել բանիմաց եւ արդյունավետ ձեռներեցներ, իսկ ինկուբացիոն ծրագիրը կօգնի բացահայտել նոր բիզնես գաղափարներ ունեցող ուսանողների եւ իրականացնել այդ գաղափարները՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է EPIC–ի հիմնադիր տնօրեն Արմեն Մկրտչյանը, համատեղելով դասախոսությունները, գործնական նմուշների պատրաստման հնարավորությունը եւ բիզնես ու տեխնիկական խորհրդատուների ցանցը՝ EPIC-ը թույլ է տալու ուսանողներին արագացված տեմպերով զարգացնել նոր ձեռնարկություններ ստեղծելու հմտությունները:
Նրա խոսքով վերջին տարիներին Հայաստանում ՏՏ եւ ձեռներեցության ոլորտներում տեղի ունեցող դրական տեղաշարժերը հնարավորություն են տալիս համալսարանական տարիքից արդեն խթանել եւ աջակցել սեփական ընկերությունների ստեղծման ցանկություն ունեցող երիտասարդներին։
«EPIC-ի ինկուբացիոն ծրագիրը մշակվել է արեւմտյան համալսարաններում գործող լավագույն նմանատիպ ծրագրերի մոդելով՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկություններն եւ պահանջները»,- հավելել է Արմեն Մկրտչյանը։
EPIC-ի օպերացիոն մենեջեր Արամ Քեռյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ համալսարանական միջավայրը ձեռներեցության համար կարեւոր կենտրոն պետք է լինի: «Քիչ չեն օրինակները, երբ կայացած ընկերությունները սկիզբ են առել համալսարանական միջավայրից: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ մտահաղացում առաջացավ ստեղծել այնպիսի միջավայր, որը կօգնի ուսանողների շրջանում բացահայտել եւ զարգացնել ձեռներեցությունը: Բոլոր նրանք, ովքեր ունեն լավ գաղափար եւ որ ամենակարեւորն է՝ լավ թիմ, կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար»,-ասել է նա։
Ծրագրին դիմած թիմերում պետք է լինի ՀԱՀ-ում սովորող առնվազն մեկ ուսանող, կամ թիմի անդամների կեսից ավելին պետք է լինեն ՀԱՀ նախկին շրջանավարտներ: Ստարտափ գաղափարների առումով դիմորդներն ազատ են, կարող են դիմել եւ՛ software, եւ՛ ապարատային (hardware) լուծումներ ներկայացնողները:
«Ծրագիրը հետաքրքիր է լինելու նաեւ մեզ համար։ Փորձելու ենք հասկանալ ստարտափ գաղափարների միտումները եւ ըստ այդմ էլ, հրավիրել համապատասխան մենթորների: Մենթորական խորհրդատվությունը ծրագրում շատ կարեւոր եմ համարում: Թիմերը հնարավորություն կունենան շաբաթական 1-2 անգամ հաջողակ, փորձառու, ձեռներեցության երկար ուղի անցած մենթորի հետ քննարկումներ ունենալ, ինչը սկսնակների համար շատ կարեւոր է»,- հավելել է Արամ Քեռյանը:
Նրա խոսքով ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին պարզել իրենց մոտ ձեռներեցության ջիղի առկայությունը: Համակարգված մեթոդներով, իրավաբանական, բիզնես եւ այլ ուղղություններով խորհրդատվություն ստանալով՝ թիմերը կկարողանան մշակել իրենց գաղափարը եւ վերջում ներդրողներին ներկայացնել դրա պրոտոտիպը: Լավագույն թիմերը կանցնեն հաջորդ փուլ: Այդ փուլում կենտրոնը թիմի յուրաքանչյուր անդամին կտրամադրի ամառային կրթաթոշակ եւ սաղմնային դրամաշնորհ ստանալու հնարավորություն:
«Իրականում ձեռներեցությունը պահանջում է եւ՛ հստակ հոգեվիճակ, եւ՛ անհրաժեշտ գիտելիքներ: Այստեղ անհաջողությունները հաճախ աճելու եւ սովորելու անհրաժեշտ նախապայման են: Հաջողությունը անկումներից քաղած դասերի տրամաբանական շարունակությունն է: Իրական ձեռներեցը երբեք չի դադարում նոր գաղափարներ առաջ քաշել եւ փորձել: Ծրագրի նպատակն էլ հենց ձեռներեցներին բացահայտելն ու օգնելն է»,- հավելել է EPIC-ի օպերացիոն մենեջերը:
Ստարտափ ինկուբացիոն ծրագրի մասնակցության հայտերն ընդունվում են հետեւյալ հղումով: Դրանց ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է:
Ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվա հունվարին եւ կշարունակվի մինչեւ մայիս: Թիմերը կստանան համատեղ աշխատանքային տարածք (coworking space), համակարգիչներ, խորհրդատվական օգնություն եւ EPIC-ի մեջ գործող նախատիպային լաբորատորիայից (Prototyping Lab) օգտվելու հնարավորություն: