AUA Myths Dispelled in Armenian NewMag Article
3 min readՄԻՖ 1. ՀԱՀ-Ը՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, ՈՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Շատերն են շփոթում և կարծում, թե ՀԱՀ-ն ամերիկյան՝ մասնավորապես Կալիֆորնիայի համալսարանի մասնաճյուղն է Հայաստանում կամ դրան ենթակա կառույց: Բայց՝ ոչ: Դա ընդամենը միֆ է: Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ ուսումնական հաստատություն է և Կալիֆորնիայի համալսարանի անմիջական համագործակիցը: Այո, Հայաստանի ամերիկյան համալսարանն ԱՄՆ հավատարմագրում ունեցող միակ բուհն է տարածաշրջանում և հետխորհրդային ամբողջ տարածքում: Քոլեջների և դպրոցների արևմտյան ասոցիացիայի հավատարմագրումն այն ստացել է 2007-ին, հետո վերահաստատել մինչև 2024 թվականը: Այդ նույն հավատարմագրումն ունեն, օրինակ՝ Բերկլիի կամ Սթենֆորդի համալսարանները: Այո, ՀԱՀ-ն ամերիկյան կրթություն առաջարկող միակ բուհն է Հայաստանում, որտեղ ուսուցման լեզուն անգլերենն է: Այսօր համալսարանը բարձր վարկանիշ ունեցող ուսումնական կենտրոն է, համալսարան՝ ամբողջ տարածաշրջանի համար, համալսարան՝ ամբողջ հայության համար, հստակ ու ամուր կապ՝ Սփյուռքի և Հայաստանի միջև:
Ինչպես ցանկացած մասնավոր բուհ, սակայն, Հայաստանի ամերիկյան համալսարանը գոյատևում է սփյուռքահայ մշտական աջակիցների ու բարերարների, ինչպես նաև ներդրողների անգնահատելի աջակցության շնորհիվ, ովքեր իրենց վրա են վերցրել ՀԱՀ-ի ուսանողների ուսման վարձի բեռը: Բայց կրթավճարներից գոյացած գումարը կազմում է համալսարանի բյուջեի ընդամենը 30%-ը: Անձեռնմխելի դրամաշնորհներից , անհատ բարերարների և աջակիցների նվիրատվություններից գոյանում է 36%-ը, իսկ այլ աղբյուրներից 34%-ը, որոնց թվում են հետազոտական կենտրոնները, USAID (ԱՄՆ տնտեսական զարգացման գործակալությունը) և նախապատրաստական հատուկ դասընթացներից գոյացած եկամուտները:
1991 թվական սեպտեմբերի 21. Հայաստանը կերտում էր իր նոր՝ անկախ հանրապետության պատմությունը: Դրան զուգահեռ Հայաստանի կրթական համակարգը համալրվում էր նոր՝ ամերիկյան մոդելի հաստատությամբ: Շուտով Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համատեղ ջանքերով ստեղծվեց տարածաշրջանի առաջին ամերիկյան համալսարան-հիմնադրամը: Համալսարանը կյանքի կոչվեց Հայաստանի կառավարության անմիջական աջակցությամբ, իսկ Կալիֆորնիայի համալսարանը ՀԱՀ-ին ցուցաբերեց ուսումնական և կազմակերպչական օժանդակություն: |
ՄԻՖ 2. ՀԱՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Շատերն են կարծում, որ միայն գումարը բավարար է ՀԱՀ-ում ուսանելու համար: Դա ընդամենը միֆ է: Ուսանողներն այստեղ են գալիս նոր մտածողության, այլընտրանքային կրթության և նոր որակի հետևից: Կարծել, թե այս ամենի հետևից գալիս են միայն ֆինանսապես ապահովված, հարուստ ընտանիքներից, թյուրըմբռնում է: Ուսանողակենտրոն այս բուհում առաջին տեղում գիտելիքն է: Անկախ ֆինանսական կարողությունից՝ նախ պետք է ընդունվել համալսարան: Մինչև այս փուլը չհաղթահարի դիմորդը, նրա ֆինանսական դրության մասին՝ ոչ մի հարց:
Համալսարան ընդունվելու համար պահանջվում են արտասահմանյան թեստավորման կենտրոնների կողմից ստանդարտացված միջազգային քննության արդյունքներ (TOEFL, GMAT, GRE, SAT, IELTS և այլն): Այս թեստերը դիմորդը կարող է հանձնել աշխարհի շատ երկրներում, ՀՀ-ում գործող տարբեր թեստային կենտրոններում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում: Միայն այս ամենը հաղթահարելուց հետո դիմորդը սկսում է մտածել վճարելու մասին:
Հայաստանի քաղաքացիների համար ուսման վարձն ի սկզբանե սուբսիդավորված է մոտ 70%-ով: Ուսման իրական գինը գրեթե եռակի թանկ է, բայց այդ ծանրությունն իրենց վրա են վերցնում հիմնականում վերը նշված կազմակերպությունները և անհատ –բարերարները Սփյուռքից և Հայաստանից: Չկա դիմորդ, որն ընդունվի համալսարան և ուսման վարձի պատճառով չշարունակի կրթությունը: Բացի սուբսիդավորումից, ամերիկյան համալսարանում գործում է ֆինանսական աջակցության ճկուն համակարգ (մեխանիկական սուբսիդավորում, ուսանողական փոխառություն, ուսման վարձի մաս-մաս վճարման տարբերակ և այլն), իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները ստանում են նաև կրթաթոշակ: Այսօր ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերից օգտվում է ՀԱՀ ուսանողների մոտ 45 տոկոսը: ՀԱՀ-ում սովորողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, որոնց 20 տոկոսը մարզերից են:
Հայաստանի ամերիկյան համալսարանը գրավիչ է նաև արտասահմանցի ուսանողների համար: Այն իր առաջարկած կրթական ծրագրերով չի զիջում ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններին, ավելին` արտասահմանցի ուսանողների համար վարձավճարը շատ ավելի ճկուն ու մատչելի է, քան նույն որակավորումն ունեցող արևմտյան բուհերում:
Բուհն առաջարկում է բակալավրական 3 ծրագիր՝ գործարար կառավարում, համակարգչի գիտություն, անգլերեն և հաղորդակցություն, իսկ մագիստրոսական 8 ծրագիր՝ գործարար կառավարում, տնտեսագիտություն, արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, համակարգչի և տեղեկույթի գիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, անգլերեն՝ որպես օտար լեզվի դասավանդում, իրավագիտություն, հանրային առողջապահություն: |
ՄԻՖ 3. ՀԱՀ-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
Սկզբում միայն մագիստրոսական ծրագրերով, հիմա նաև բակալավրի ծրագրերի միջոցով Ամերիկյան համալսարանն առաջարկել և առաջարկում է այլընտրանքային կրթություն՝ արևմտյան ստանդարտներով: Կա կարծիք, որ սա նպաստում է արտագաղթին՝ հեշտացնելով շրջանավարտների մուտքն արևմտյան կրթական հաստատություններ և աշխատաշուկա: Սա ևս միֆ է, որը հերքում է վիճակագրությունը:
Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայաստանի նման փոքր երկրում իր 25-ամյա պատմության ընթացքում մագիստրոսի կոչում է շնորհել մոտ 3000 շրջանավարտների, և եթե շարունակենք այս տրամաբանությամբ, համալսարանը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում է կատարել հայրենիքում, որպեսզի այդ շրջանավարտները նման բարձրորակ կրթության համար ստիպված չլինեին գնալ միջազգային մեծ համբավ վայելող համալսարաններ: Ամերիկյան համալսարանի հիմնադրմամբ արևմտյան որակի կրթությունը հասանելի դարձավ նաև այստեղ՝ Հայաստանում: Որակյալ կրթություն, ապա՝ լավ աշխատանք. Ամերիկյան համալսարանը վերամիավորում է այս երկուսը հայաստանյան շուկայում և դարձնում հնարավոր:
Հավատարիմ մնալով համալսարանի հիմնադիրների և բարերարների որդեգրած քաղաքականությանը՝ համալսարանն իր ստեղծման օրից ծառայում է հայ երիտասարդների ներուժը երկրում կենտրոնացնելու և երկրին ծառայեցնելու գաղափարին: Ցանկացած ներդրում կամ նվիրատվություն ուղղվում է ապագա երիտասարդ ու տաղանդավոր սերնդի կրթությանը:
Եվ վերջապես, բուհի շրջանավարտների 73.1 տոկոսն ապրում և աշխատում է Հայաստանում: Ընդհանրապես, աշխատանքի հարցը հիմնականում լուծվում է ուսումնառության ընթացքում: Ուսանողների 75%-ն աշխատանքի է տեղավորվում կամ դեռ բուհը չավարտած, կամ ավարտելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:
Բացի նրանից, որ շրջանավարտների համար ստեղծված են հնարավորություններ՝ մնալու և աշխատելու Հայաստանում, շնորհիվ իր հետազոտական կենտրոնների՝ ՀԱՀ-ը խթանում է նաև արտասահմանում ապրող և բարձր որակավորում ունեցող հայ գիտնականների վերադարձը հայրենիք՝ գիտական ներուժը կենտրոնացնելով Հայաստանում: Այս մասին ևս փաստում է վիճակագրությունը: ՀԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի 43.5%-ը Միացյալ նահանգներից է, որոնցից մեծ մասը հայկական ծագումով։
«Ձգտել, ոգևորել, հասնել». սա է Ամերիկյան համալսարանի կարգախոսը: Դրանով է առաջնորդվում համալսարան ոտք դրած յուրաքանչյուր ուսանող: Այս բուհում ուղեցույցը գիտելիքն ու որակն են: Ընդունվելը գործի միայն սկիզբն է: Այն ավարտելու համար դեռ պետք է շատ աշխատել:
Աղբյուր՝ NewMag