Blog

,

Hetq.am Featured AUA Students that Successfully Launched the Gugas and Gugas Driver Apps

http://hetq.am/arm/news/68880/

68880_b

«Գուգաս» (Gugas) հայկական ստարտափը նոր հարթակ է ստեղծում քարփուլի (carpool) և տաքսի ծառայության համար: Քարփուլը հնարավորություն է տալիս ուղևորներին միանալու և կիսելու նախապես պլանավորած ուղիների ճանապարհածախսը:

Այս ստարտափի հեղինակներն են երիտասարդ ծրագրավորողներ Կարլեն Մանասերյանը, Հայկազ Բագրատյանը և Ալբերտ Համբարձումյանը:

Ծրագիրը բաղկացած է երկու հավելվածներից՝ «Գուգաս» և «Գուգաս դրայվեր»: Առաջին հավելվածը նախատեսված է ուղևորների համար: Այստեղ նրանք կարող են նախապես առաջարկված երթուղի ընտրել կամ առաջարկել նորը, ընտրել՝ քանի ուղեւորով կցանկանան լինել մեքենայում, տաքսի պատվիրել և այլն: «Գուգաս դրայվեր»-ը գործում է վարորդների համար, ովքեր քարփուլի համար նախապես ստեղծում են ուղիներ կամ դառնալով տաքսիի վարորդ՝ պատվերներ են ընդունում, ընտրում են հաճախորդների:

Ստարտափի հեղինակների հավաստմամբ՝ քարփուլի ծառայությունը գործում է առանց միջնորդավճարի, և այս սկզբունքը միշտ պահպանվելու է, իսկ տաքսի ծառայության համար սեպտեմբերի 1-ից կգանձվի 100 դրամ միջնորդավճար յուրաքանչյուր պատվերից: Տաքսիի դեպքում համակարգը վերահսկում է վարորդի դիրքը, ճշգրիտ հաշվում է կիլոմետրերը և պատվերի վերջում դրանք բազմապատկելով 100 դրամով՝ նշում է ուղևորության գինը:

«Եղել է դեպք, երբ քարփուլի ծառայությունով վարորդը անվճար է տեղափոխել ուղևորներին: Նրանք էլ զարմացած դիմել էին մեզ: Մենք վերահսկողություն չենք սահմանում քարփուլի ծառայության վարորդների վրա, քանի որ իրենք առանց այդ էլ ինքնակամ ուղևորների են վերցնում անվճար կամ քիչ գումարով: Իսկ տաքսիի վարորդները նախապես մեզ հետ հարցազրույց են անցնում»,-նշում է Կարլեն Մանասերյանը: «Գուգաս»-ում հատուկ տեղ է հատկացված մեկնաբանությունների համար, ուղևորները կարող են գնահատել վարորդներին, ինչից կախված՝ կաճի կամ կնվազի նրանց վարկանիշը, հետևաբար՝ նաև պատվերների քանակը:

Ուսանող ծրագրավորողներից երկար ժամանակ չի պահանջվել գաղափարը կյանքի կոչելու համար, որի հիմնական նպատակը քարփուլի մշակույթը զարգացնելն է: «Գաղափարն առաջացել էր անցած տարի: Սեպտեմբերին ամերիկյան համալսարանում առարկա էինք անցնում, որի շրջանակներում պետք է IT արտադրանքի նախագիծ ներկայացնեինք, որը կարող էր դրվել շուկայում, մրցակցային առավելություններ ստանալ, և դիտարկեինք՝ ինչ հաջողություններ կունենանք: Որոշեցինք կիրառել մեր գաղափարը և այդ առարկայի շրջանակներում սկսեցինք մտածել գաղափարի շուրջ, թղթերի վրա գրել՝ ինչ կարելի է անել և ինչպես, արդյունքում շատ բարձր գնահատական ստացանք և որոշեցինք կյանքի կոչել գաղափարը: Սկզբում միայն քարփուլն էր, հետո որոշեցինք ստեղծել սոցիալական ցանց և առաջարկել տաքսիի ծառայություն: Գրեթե մեկ տարի դասերին զուգընթաց աշխատել ենք ծրագրի վրա: Եթե ազատ լինեինք, կարող էինք ավելի շուտ վերջացնել,-ասում է Կարլեն Մանասերյանը և հավելում,- թիմը պետք է նվիրված լինի գաղափարին, ամենակարևորն այն է, որ իրար կես խոսքից հասկանում ենք»:   

Ստարտափը դեռ չի մասնակցել դրամաշնորհային մրցույթների: Այն միայն մի քանի անգամ ներկայացվել է Երևանում և Գյումրիում: «Այժմ որոշ ներդրողների հետ նամակագրական կապի մեջ ենք, սպասում ենք հանդիպման: Հաջողակ ենք այնքանով, որ ծրագրավորողներ ենք և ստիպված չէինք գումար ծախսել՝ ծրագիրը ստեղծելու համար, արդեն ունենք իրավաբան, բայց չունենք մարկետոլոգ: Բացը լրացնելու համար երևի առաջիկայում հայտարարություն կտարածենք, որ ունենք մարկետոլոգի պահանջ, ով կամավոր սկզբունքներով կմիանա մեզ՝ որպես ստարտափի անդամ»,-ասում է Կարլեն Մանասերյանը:

Հայկազ Բագրատյանի խոսքով՝ արդեն եղել են համագործակցության առաջարկներ. «Կան մարդիկ, ովքեր ցանկանում են լինել ոչ թե ներդրող, այլ մեր գործընկերը Իրանի ներսում: Դեռ չենք մտածել՝ Իրանից հետո որ երկիր կարող ենք գնալ, բայց այն պետք է լինի զարգացող երկիր, որտեղ շուկայում «Ուբեր»-ի (Uber-ը համաշխարհային ճանաչում ունեցող մոբայլ հավելված է, որն առաջարկում է տաքսի կամ մասնավոր վարորդների փնտրելու, պատվիրելու և վճարելու ծառայություններ,-հեղ.) պես խաղացողներ չկան, քանի որ նման շուկա մուտք գործելն անիմաստ է, եթե ստարտափ ես կամ քիչ ֆինանս ունես»:

Մոտ ապագայում կգործի «տաքսի շեյրինգ» (taxi sharing) ծառայությունը, որը, ի տարբերություն քարփուլի, հնարավորություն կտա վարորդին ոչ թե նախապես, այլ ցանկացած պահի «կիսվել» իր մեքենայով: «Մենք շեշտը դնում ենք ճանապարհածախսը կիսելու վրա՝ դա կլինի քարփուլով, թե տաքսիով: Տաքսի շեյրինգը դեռ չի գործում, քանի որ ի տարբերություն քարփուլի, որի երթուղին նշանակվում է նախապես, գոնե մեկ օր առաջ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան միանալու, տաքսիի համար կարևոր է արագությունը, իսկ արագության համար պետք են օգտատերեր: Մենք պետք է ունենանք բավականաչափ օգտատերեր, ինչը թույլ կտա 5-10 րոպեի ընթացքում կազմակերպել տաքսի շեյրինգ ծառայությունը»,-նշում է Հայկազ Բագրատյանը:

«Գուգաս» հավելվածը ակտիվանում է՝ «Ֆեյսբուք»-ի հետ կապ հաստատելով, ինչն, ըստ Կարլեն Մանասերյանի, նաև գովազդի լայն հնարավորություններ կտա ապագայում:

Այսօրվանից «Գուգաս»-ը հանդես է գալիս ուղևորների համար նոր առաջարկով: Քարփուլի և տաքսիի ծառայություններից օգտվելու համար կարելի է ընդամենը նամակ գրել «Գուգաս»-ի ֆեյսբուքյան էջին: Ծառայությունը կոչվում է Messenger bot: ««Մեսինջեր»-ով գրում եք «Հեյ» բառը, «Ֆեյսբուք»-ը հաղորդագրությունն ուղարկում է սերվերին, և այն պատասխանում է ձեզ»,-մանրամասնում է Հայկազ Բագրատյանը: Messenger bot-ը առայժմ գործում է միայն հայերեն և անգլերեն, բայց շուտով հասանելի կլինի նաև ռուսերեն և պարսկերեն: «Գուգաս»-ի հավելվածները կարելի է գտնել IOS և Android օպերացիոն համակարգերում:

Լուսանկարում՝ ձախից՝ Կարլեն Մանասերյանը եւ Հայկազ Բագրատյանը 

Մարինե Ստեփանյան

Share This: