Blog

​«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջիկա հինգ տարում շահելու է Հանրապետական կուսակցությունը»

5 min read

jennyp

Source: http://www.ankakh.com/article/27368/%E2%80%8B%C2%ABsahmanadrakan-pvopvokhuthyunnyeri-ardyunqum-arradjika-hing-tarum-shahyelu-e-hanrapyetakan-kusaktsuthyune%C2%BB

Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Եվգենյա Պատուրյանի հետ:

– Եվգենյա, տեսական առումով խորհրդարանական և նախագահական համակարգերն ի՞նչ առավելություններ ունեն, դրանցից յուրաքանչյուրն ինչո՞վ է նախընտրելի:
– Նախագահական համակարգը շեշտը դնում է կառավարության երեք ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և միմյանց հավասարակշռելու վրա: Այս համակարգը հատկապես ստեղծված է այն հասարակությունների համար, որտեղ կան տարբեր խնդիրներ, շերտեր, որտեղ պետք է այնպես անել, որ որևէ խումբ մյուսին չիշխի, և բոլոր խմբերը կառավարությանը դիմելու տարբեր ճանապարհներ ունենան: Խորհրդարանական համակարգի պարագայում գործադիրը կարծես օրենսդիր իշխանության շարունակությունն է դառնում: Սա ավելի ճկուն համակարգ է: Ավելի սահուն որոշումներ կարող են կայացվել, ավելի հեշտ է ընդհանուր փաթեթներ մշակել, չկա կոմպրոմիսի խնդիր: Խորհրդարանական համակարգում նաև պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու հնարավորություն չկա, քանի որ խորհրդարանում և կառավարությունում նույն ուժն է ներկայացված:

– Սա տեսության մակարդակում: Բայց առանց այդ էլ Հայաստանում օրենսդիրը և գործադիրը միատարր են:

– Այո, իրականում մեզ մոտ Ազգային ժողովը թույլ է, իր ողջ ներուժով չի գործում, և ստացվում է գրեթե նույն պատկերը, բայց հակառակ` գուցե ամենավատ տարբերակով: Մենք ընտրում ենք մի հոգու` նախագահին, որը կարողանում է գրեթե բոլորին թելադրել իր քաղաքական կամքը: Այսինքն` այն բազմազանությունը, ձայների տարբերությունը, որ պետք է լինի ժողովրդավարական հասարակությունում, գրեթե չկա: Ընտրում ենք մի հոգի, և վերևից ներքև նրա հրահանգներն են գալիս, նրա տեսլականը, նրա պատկերացումը, թե երկիրն ինչպես պետք է զարգանա:

– Հայաստանյան իրողությունների, մշակույթի, մենթալիտետի պարագայում համակարգերից ո՞րը մեզ մոտ ավելի արդյունավետ կգործի:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

– Մինչև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, եղել եմ խորհրդարանական համակարգի կողմնակից: Ինձ տեսության տեսանկյունից խորհրդարանական համակարգը միշտ ավելի է դուր եկել, ցանկացել եմ, որ Հայաստանն այդ համակարգին անցնի: Իմ կարծիքով` նախագահական համակարգի` անձի գերշեշտումը մեզ համար անընդունելի է: Ես կարծում եմ, որ որպես ազգ և մշակույթ ավելի խորհրդարանական ենք, հանրային, մենք ինդիվիդուալիստ չենք: Ընկերները, ընտանիքը, սոցիումը մեզ համար միշտ եղել են կարևոր, մեզ մոտ բոլորը կարծիք ունեն, ուզում են որոշման կայացման գործընթացի մաս կազմել: Տեսեք. ով նախագահ դարձավ` քնադատեցին, որովհետև մենք չենք ընդունում մի հոգու ղեկավարելը, դա մեզ բնորոշ չէ: Նույնիսկ եթե մեկ ուժեղ լիդերին հետևելու միտում կա, դա լավ միտում չէ, պետք է դրանից հնարավորինս հեռու մնալ: Մենք մի բուռ ազգ ենք և շատ միատարր: Այդ միատարրությունը շատ մեծ առավելություն է` համեմատած այլ ազգերի ու պետությունների հետ: Դա չի նշանակում, որ կոնֆլիկտներ և տարբեր ձայներ չեն լինի: Բայց մենք այդ ամենը քննարկելու միջոցով ի մի բերելու, ընդհանուր որոշման գալու և դրան հետևելու ավելի մեծ ներուժ ունենք:

– Իսկ առաջարկվող նախագծով որքանո՞վ է ապահովվում խորհրդարանական համակարգի կայացումը: Չէ՞ որ կարծիք կա, որ նոր սահմանադրությամբ ավելի շատ վարչապետական համակարգ ենք ունենալու:

– Ես ինձ համարում եմ մեղմ օպոզիցիա և պատրաստ էի քննադատաբար մոտենալ: Բայց հավանեցի նախագիծը: Այո, վարչապետը դառնում է ուժեղ լիդեր, բայց դա անխուսափելի է, որովհետև Ազգային ժողովը պետք է ինչ-որ մեկին ընտրի, որը կկառավարի երկիրը: Բայց վարչապետին ընտրում է Ազգային ժողովը, որն էլ ընտրում ենք մենք:

– Նախագծի ի՞նչ դրական ու բացասական կողմեր կառանձնացնեք:

– Ինձ համար միշտ կարևոր է դատական համակարգի անկախությունը, դա մեր ամենացավոտ կետերից է: Ինչքան այս նախագիծը կարդում եմ, տպավորություն է ստեղծվում, որ դա ապահովված կլինի ավելի, քան հիմա է, քանի որ խորհրդարանն է ընտրում դատավորներին, և մի շարք սահմանափակումներ կան: Կարևորում եմ այն դրույթը, որը սահմանում է, որ վերպետական կառույցներին անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, այսինքն` ժողովուրդն է որոշելու: Դրական եմ համարում նաև նախագծի պարզությունը և տրամաբանականությունը: Մտահոգություն է առաջացնում կայուն մեծամասնության մասին դրույթը: Մենք միատարր ազգ ենք, չունենք տրոհված տարբեր էթնիկ խմբեր, որ մտավախություն առաջանա, թե կոալիցիա չենք կարողանա կազմել: Նույնիսկ մեր քաղաքական կուսակցությունների ծրագրերը տարբեր չեն: Եթե ունենայինք տարբեր քաղաքական կուսակցություններ, մեկը լիներ կոմունիստ, մեկ ուրիշը` ծայրահեղ ազգայնական, երրորդը` ծայրահեղ լիբերալ, և մտավախություն ունենայինք, որ նրանք համաձայնության չեն գա, գուցե սա արդարացված լիներ: Նաև կան արտահայտություններ, որոնք հասկանալի չեն: Օրինակ` ի՞նչ ասել է սոցիալական արդարություն, բարոյականություն, տնտեսական բարեկեցություն և այլն: Ընդ որում, այդ չսահմանված հասկացություններն ապահովելու նպատակով կարող են սահմանափակվել մարդկանց հիմնական իրավունքները:

– Իսկ ռիսկային գործոններ տեսնո՞ւմ եք:

– Մեզ համար առաջնային հարցն այն է, թե որքանով է գալիք հանրաքվեն լինելու մաքուր: Կանցնի սա, թե ոչ, երկրորդական հարց է: Թե՛ 1995-ի սահմանադրության, թե՛ 2005-ի առաջին փոփոխությունների առումով շատ լուրջ կասկածներ կան: Գոնե այս մի ընտրությունը մաքուր անցկացնենք: Երկրորդ` որքանո՞վ թուղթը կդառնա իրականություն: Սովետական Միության սահմանադրությունը լավագույններից էր աշխարհում, բայց իրականության հետ որևէ առնչություն չուներ: Երրորդ ռիսկն այն է, որ մի համակարգից մյուսին անցման պարագայում, ըստ հետազոտությունների և փաստերի, առաջին հինգ տարում շահում է արդեն իշխանության գլուխ եղած ուժը: Հայաստանում էլ է այդպես լինելու, դա ինձ համար ակնհայտ է: Այսինքն` սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջիկա հինգ տարում շահելու է Հանրապետական կուսակցությունը: Մեծ ռիսկ է, որ սրանով կստեղծվի մեկ ուժեղ կուսակցությամբ համակարգ: Շատ հնարավոր է, որ առաջիկա 5-10 տարիներին այդ մեկ կուսակցությունը բոլոր պաշտոնները հսկի և կարողանա իր քաղաքականությունն իրականացնել: Մի կողմից` սա մարդկանց ազատությունների սահմանափակում է, բայց մյուս կողմից` որոշակի կայունություն է բերում: Ժողովրդավարական համակարգի թերությունն այն է, որ բոլորը մտածում են առաջիկա 3 տարվա մասին, մինչդեռ պիտի կարողանալ 10-20 տարի առաջ պլանավորել, հատկապես` այս գլոբալ աշխարհում: Կարծում եմ` քվեարկելիս բոլորիս համար գլխավոր հարցն է լինելու` որն եմ ես ավելի շատ նախընտրում` անձնական ազատություն և հին համակարգով նոր նախագահ ունենալու հնարավորությո՞ւն, թե՞ թույլ տալ այս կառավարությանը ևս առնվազն 10 տարի լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրած ճանապարհի վրա և հավատալ, որ նա քիչ թե շատ ճիշտ ճանապարհ է ընտրել:

– Այսինքն` ըստ Ձեր կանխատեսումների` նախագծի ընդունման պարագայում կունենանք ՀՀԿ-ի իշխանության շարունակություն:

– Այո, չնայած Հայաստանում ամեն ինչ սպասելի է, բայց իմ կարծիքով` առնվազն 5, գուցե և 10 տարի այդպես կլինի: Բայց այլ հարց է ծագում. 20 տարի հետո արդյոք սա ավելի լավ արդյունքներ չի՞ տա: Նույնիսկ եթե այս կառավարությունը մնա և կառավարի 10 տարի, 20 տարի հետո շատ բան կփոխվի, քանի որ այս սահմանադրությունը մյուս ուժերին համախմբվելու, զարգանալու և մեկ մարդու հույսին չմնալու հնարավորություն կտա: Այս համակարգով քաղաքական կուսակցությունները ստիպված կլինեն գործել որպես կուսակցություն: Գուցե 10 տարի հետո նոր առաջին շանսը կունենան, բայց` կունենան:

– Նախագծի ընդունվելու դեպքում ի՞նչ կունենանք, եթե ձևավորվի նույն մակարդակի Ազգային ժողով, ինչ հիմա է, բայց ավելի մեծ դերակատարությամբ:

– Այդ մարդիկ կա՛մ պետք է աճեն, կա՛մ պետք է խելամիտ օգնականներ վարձեն, կա՛մ ազգովի կունենանք շատ վատ իրավիճակ: Այդ ռիսկը կա:

– Իսկ ո՞րն եք համարում փոփոխությունների իրական պատճառը:

– Ուսանողներս էլ են ամեն օր հարցնում: Ես ունեմ մի վարկած: Երբ այն կետը տեսա, որ միմիայն ժողովուրդը հանրաքվեով կարող է որոշել, թե վերպետական ինչ կառույցների պետք է անդամակցի երկիրը, մտածեցի, որ նախագահ լինելու դեպքում ես հենց միայն այդ կետի համար կուզենայի փոփոխություններ կատարել: Ոչ ոք չի սիրում, երբ իր վրա ճնշում են գործադրում: Համոզված եմ, որ երկրի քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի Ռուսաստան ճնշման արդյունք էր: Նմանապես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը գոհ չէր: Մինչդեռ, ունենալով այդպիսի կետ, կարող ես աշխարհի ամենաուժեղ պետության երեսին ասել` ինչքան ուզում եք, ինձ ճնշեք, ես պետք է գնամ իմ ժողովրդին հարցնեմ: Սա վարկածներից մեկն է: Մի այլ գործոն էլ կա. նախորդ ընտրությունների ժամանակ մենք տեսանք Րաֆֆու օրինակը, թե ինչպես մի քանի ամսում անհայտ թեկնածուից դարձավ լուրջ մրցակից, պաշտոնապես հավաքեց ձայների 30 տոկոսից ավելին: Նրանք շատ լավ հասկանում են, որ 2018-ի ընտրություններում նման սցենարը կարող է կրկնվել: Այսինքն` այս խավի հետ կապ չունեցող ու դրա նկատմամբ որևէ պարտավորություն չունեցող մեկը կարող է նախագահ դառնալ և շուռ գալ այդ խավի դեմ, իսկ իրենց մեջ շատ մարդիկ կան, որոնք օրենքի տառին չեն հետևում: Իսկ խորհրդարանական համակարգն ավելի կանխատեսելի է, սրանով ապահովելու են իրենց իշխանությունը ևս 5 տարով, մինչև տեսնեն, թե ինչ են անում: Սերժ Սարգսյանը, կարծում եմ, անկեղծ է ասում, որ էլ ոչ մի պաշտոն չի զբաղեցնի: Բայց իր շուրջը եղած մարդիկ կմնան և կշարունակեն:

Share This: