Blog

Առողջապահության մարտահրավերները. խնդիրներ և հաջողություններ

3 min read

Source: http://moh.am/?section=news%2Fopen&id=143&nid=3477

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) բուհի շրջանավարտների և առողջապահության համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած հանրային սեմինարի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը ստորագրեցին փոխգործակցության հուշագիր, որը կրթական միջազգային ավանդույթներ ունեցող բուհի և նախարարության հետագա համագործակցության նոր որակ կապահովի։ 

ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը տեղեկացրեց, որ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին շնորհվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի խորհրդի պատվավոր անդամի կոչում։ Նախարարը նշեց, որ հպարտությամբ կկրի այդ կոչումը` շեշտելով, որ համալսարանն անգնահատելի ներդրում ունի մեր երկրում հանրային առողջության որակյալ մասնագետների, ոլորտի փորձառու կազմակերպիչների, հետազոտողների կրթման գործում: 

«Այս համալսարանը երկար տարիներ հանրային առողջապահության շրջանավարտների մեծ խումբ է ձևավորել, որի խիստ անհրաժեշտությունը զգում է մեր համակարգը: Մենք թե՛ երախտագիտություն ենք հայտնում այդ մեծ աշխատանքի համար, թե՛ որպես հենարան ենք տեսնում աշխատանքներն իրականացնելիս, դրանց բնութագրերը և գնահատականները ստանալիս»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` այն ոճը, որով աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանը, համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին: 

«Հանրային առողջապահական ծրագրերը խիստ արդիական են մեզ համար, մենք հեռանկարային առողջապահությունը տեսնում ենք հենց հանրային առողջապահության մեջ` որպես ամենաարդյունավետ գործիք»,- հավելեց Արմեն Մուրադյանը:

«Ուրախ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին հյուրընկալելու համար։ Նշանակալի է, որ երկար տարիներ հնարավորություն չենք ունեցել անմիջապես նախարարից լսելու, թե ինչ մարտահրավերներ կան ծառացած համակարգի առջև»,-խոսքը նախարարին տրամադրելուց առաջ ասաց ՀԱՀ հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը` հավելելով, որ ֆակուլտետի առաքելությունը ոչ միայն հանրային առողջապահական, այլև ամենակարևոր կազմակերպության` նախարարության հետ համագործակցությունն է։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդես եկավ «Առողջապահության մարտահրավերները. խնդիրներ և հաջողություններ» դասախոսությամբ։ ՀԱՀ ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին նա ներկայացրեց առողջապահական համակարգի մարտահրավերները, առողջապահական և ժողովրդագրական ցուցանիշները, առկա խնդիրները, ինչպես նաև նոր ծրագրերն ու ակնկալվող արդյունքները: 

Նշեց, որ աշխարհի շատ երկրների օրինակով նախարարությունը դեմքով շրջվել է դեպի առողջության պահպանում` որդեգրելով «հիվանդաբուժության փոխարեն` առողջության պահպանում» սկզբունքը։ Ներկայացնելով առողջապահական հիմնական ցուցանիշները` նախարարն իրականացվող ծրագրերի նախանշված արդյունքների ապահովման պատկերավոր վերլուծություններ կատարեց։ 

Արմեն Մուրադյանը ծանոթացրեց 2015թ. կանխարգելիչ և սկրինինգային ծրագրերի նպատակները, ակնկալվող արդյունքները և այս պահի դրությամբ առկա ցուցանիշները։ Դրանց թվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգներ` այդ հիվանդությունների վաղ հայտնաբերման, վերահսկման և մահացության նվազեցման նպատակով։ Ծրագրի շջանակում արդեն իսկ կատավել է շուրջ 300 հազար հետազոտություն։ Հաջողությամբ շարունակվում են նաև սոցիալական շահուռների կանխարգելիչ բժշկական քննություները։ Սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի նպատակը ոչ միայն ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է, այլև մեր բնակչության վարքագծի փոփոխությունը, տարին մեկ անգամ բժշկին դիմելու մշակույթի ձևավորումը։ Անդրադառնալով ՀՀ-ում Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքներին, նախարարը շերտեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ծրագրերի շրջանակում առողջապահության նախարարությունը համագործակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: 2012թ. ՀԱՀ կողմից բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել: Ուսումնասիրվել են Հայաստանում տուբերկուլոզի իրավիճակի պատճառահետևանքային գործոնները, արտագնա աշխատողների շրջանում իրականացվել է տուբերկուլոզի վերաբերյալ գործառնական հետազոտություն:

Կարևորվեց արտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակում առ այսօր շուրջ 1000 կյանք է փրկվել։ Բոլորովին վերջերս ՀՀ կառավարությունը ևս 500 մլն դրամ է ուղղել կարևոր այս ծրագրի շարունակականության ապահովմանը։ Հիշատակվեց նաև արտասահմանյան առաջատար կլինիկաներում մեր մասնագետների վերապատրատման ծրագիրը, որի համար առաջին անգամ 36մլն դրամ է հատկացվել պետական բյուջեից։ Եվս 76մլն դրամ է տրամադրվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ 

Ներկայացվեցին նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների հաղթահարման, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացման ծրագրերի տպավորիչ արդյունքները։ 

Նախարարը մանրամասն վերլուծեց ոլորտում առկա ռիսկերը` անդրադառնալով բժշկական ծառայության որակի, անվտանգության, մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և անելիքները։

«Անհնար է հերքել համակարգում խնդիրների առկայությունը, սակայն մենք դրանց հետ առերեսվելով փորձում ենք մշակել և ներդնել ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագրեր, գործելակարգեր, մեթոդաբանություններ»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով առողջապահական տարբեր ճյուղերի զարգացման, հանրության համար կարևոր նշանակության այս համակարգի հզորացման գործում Հայաստանի և Սփյուռքի առողջապահության կազմակերպիչների, ոլորտում աշխատող մասնագետների ամենօրյա աշխատանքով թեկուզ փոքր, բայց էական ներդրում ունենալու ձգտումը: