Blog

Civilnet: Հայաստան է ժամանել հայտնի բժիշկ և ծաղրածու Պետչ Ադամսը

http://civilnet.am/2015/05/18/patch-adams-american-physician-comedianarmenia-idea/#.VZ-HfF-qpBd

Մայիսի 18-ին Հայաստան է ժամանել բժիշկ և ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը, ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս անունով:

Նրա այցը կազմակերպել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը՝ համապատասխան պետական կառույցների, առողջապահական և սոցիալական տարբեր հաստատությունների հետ համագործակցությամբ:

Ադամսի Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

IdeA-ի մամուլի ծառայության համաձայն՝ Հայաստանում մեկշաբաթյա այցի ընթացքում Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան կուղեկցեն նաև ռուսաստանյան «Дети Марии» գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երևանում, Գյումրիում,Վանաձորում և Դիլիջանում կայցելի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով:
Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երևանի պետական բժշկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը» (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:

1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական-էկոլոգիական հաստատություն և որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում և մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը:

Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:

Առաջին հիվանդանոցային ծաղրածուները սկսել են գործել 1986 թվականին, ԱՄՆ-ում: Ներկայումս այդ շարժումը համարվում է համաշխարհային (կա հիվանդանոցային կլոունադայի շուրջ 30 կազմակերպություն, մի մասը կամավորական, մի մասը՝ պրոֆեսիոնալ):

Share This: