Blog

«Այս մրցանակաբաշխությունը հավաքական աշխատանքի արդյունք է. նման ոսկե մեդալ աշխարում չկա, նույնիսկ Նոբելյան մրցանակը չունի»

Source: http://168.am/2015/04/18/480662.html

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության հնգամյա ձեռքբերումներն այսօր ներկայացվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած ասուլիսում: Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտարարեց, որ բավականին պարզ և հեղինակավոր մրցանակաբաշխություն է ստացվել և այս տարիների ընթացքում ոլորտի լեգենդներ են այցելել Հայաստան, որը բավականին բարձրացրել է ՀՀ հեղինակությունը միջազգային հանրության աչքերում. «Հստակ ու ճիշտ որոշում ընդունեցինք՝ չունենալ մրցանակային ֆոնդ, որովհետև այն մարդիկ, որոնք դառնալու էին մրցանակակիր ու գալու էին Հայաստան, նրանցից շատերը կարիք չունեին գումարային մրցանակի ու կարող էին գալ նույնիսկ իրենց սեփական ինքնաթիռներով: Մեզ համար շատ կարևոր էր, թե ով է լինելու առաջին մրցանակակիրը, քանի որ մարդիկ հետաքրքրվելու էին, թե ովքեր են եղել իրենցից առաջ մրցանակակիրներ»: Հ. Մուսայելյանը նշեց, որ առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդ մրցանակակիրն «Էյփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն է, ում օդանավակայանում դիմավորել են կծած խնձորներով ու գեղեցիկ ակցիա էր կազմակերպվել: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիա նախագահ, կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և Թեքնո վիժն ընկերության նախագահ Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Անցյալ տարվա մրցանակակիրը «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան է: «Դափնեկիրները բոլորը եղել են Ցեղասպանության հուշահամալիրում, այնտեղ հաղթողների արահետում մրցանակակիրներն ամեն տարի ծառ են տնկում»,- նշեց Հ.Մուսայելյանը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ՝ հանձաժողովը ճիշտ դափնեկիրների է հայտնաբերում. «ՀՀ կառավարությունը և նախագահը շատ մեծ նշանակություն են տալիս ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, շատ հպարտանում ենք այս ոլորտի ձեռքբերումներով»: Վ.Սարգսյանը նշեց, որ մի շարք ուղղություններով արտոնություններ են տրվել՝ հարկային դաշտ և այլն: Նա կարևորեց Սեմ Սիմոնյանի նախաձեռնությամբ «Թումո» կենտրոնի բացումը Երևանում ու նշեց, որ այն տարածվելու է և շուտով անակնկալ կլինի: Վ.Սարգսյանի խոսքով՝ հարկավոր է, որ ՏՏ տարբեր կենտրոններ սերտ փոխգործակցեն ուսումնական հաստատությունների հետ: Ըստ նրա՝ ներկայումս երիտասարդները գիտեն, որ այդ ոլորտում լավ կրթություն ստանալու դեպքում իրենք դառնալու են պահանջված մասնագետներ. «Այս մրցանակից բացի, ՀՀ նախագահը հիմնել է մեկ այլ մրցանակ՝ ավագ դպրոցների աշակետների համար՝ ՏՏ-ում իրենց ուսումնասիրությունների համար: Սա ստեղծում է անխախտ շղթա, որը թույլ է տալիս բոլոր ուղղություններով պետական աջակցություն ցուցաբերել բոլոր մակարդակներով»: Վ.Սարգսյանը տեղեկացրեց, որ 2017թ. տեղի կունենա ավանդական ՏՏ գագաթնաժողովը՝ առաջատար ընկերությունների, բազմաթիվ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ մրցանակակիրներն իրենց երկրում տարածում են տեղեկություններ ու սեփական կարծիքը Հայաստանի մասին և դա դրական է ամեն առումով, քանի որ բավականին խթանում է ոլորտի ճանաչումն ու զարգացումը: «Այս մրցանակաբաշխությունը հավաքական աշխատանքի արդյունք է: Նման ոսկե մեդալ աշխարում չկա, նույնիսկ Նոբելյան մրցանակը չունի: Մենք 10 տարում հասել ենք այնպիսի արդյունքների, ինչպես Հնդկաստանը անցած ամբողջ ժամանակաշրջանում: Մենք այնպիսի բաներ ենք արել, որ ոչ մի այլ տեղ չկա»,- հպարտությամբ ասաց «Վիասֆեր» ինթերնեշնլ ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանը: Նա տեղեկացրեց, որ մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր այցելությունից հետո գիրք է գրել Հայաստանի մասին և շուտով այն կհրապարկվի: Գիրքը ճապոներեն է, այնուհետև կթարգմանվի անգլերեն և հայերեն: Ըստ Թ. Մորոյանի՝ հաջորդ ալիքը պետք է գա ՏՏ-ի մեջ, օրինակ, Սիլիկոնյան հովտում բոլորն արդեն գիտեն ՀՀ-ի մասին: Տեսանյութը՝ Սիլվա Խնկանոսյանի

Read more at: http://168.am/2015/04/18/480662.html
Copyright © c.bavota

Share This: