Blog

Winners of AUA Optimath Olympiad Announced

< 1 min read

http://www.itel.am/am/news/8950

Հայտնի են Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված «Օպտիմաթ» մաթեմատիկական մոդելավորման եւ օպտիմալացման խնդիրների օլիմպիադայի հաղթողները:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Զաւեն եւ Սոնիա Ագեան բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է 15 ուսանող:

Օլիմպիադայի հաղթող է դարձել Արսեն Համբարձումյանը (50 000 դրամ): 2-րդ տեղում է Արտակ Մուրադխանյանը (40 000 դրամ), իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Շանթ Նավասարդյանը եւ Հակոբ Կիրակոսյանը (20 000-ական դրամ) 

Հաղթողներից նրանք, ովքեր կդառնան Հայաստանի ամերիկյան համալսարանի «Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագրի մասնակից, կարող են կրկնապատկել պարգեւի չափը՝ որպես կրթաթոշակային օգնություն։

Արդյունաբերական ճարտարագիտության եւ համակարգերի կառավարման ամբիոնի վարիչ Սարգիս Զեյթունյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ օլիմպիադայի առաքելությունն է մեծացնել երիտասարդների հետաքրքրվածությունը կիրառական գիտություններում եւ ուղղորդել նրանց՝ հաղթահարելու ոլորտի մարտահրավերները։

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները փորձել են լուծել օպտիմալացմանը եւ մաթեմատիկական մոդելավորմանը վերաբերող խնդիրներ՝ առաջարկված ՀԱՀ դասախոսների կողմից։

«Հայաստանում լավ չի հասկացվում, թե ինչ է արդյունաբերական ճարտարագիտությունը: Առաջին հերթին պատկերացնում են, որ դա ուղղակիորեն կապված է արդյունաբերության հետ, իսկ իրականում ավելի լայն սպեկտր է ընդգրկում: Այդ բացը լրացնելու նպատակով կազմակերպեցինք օլիմպիադան, որին մասնակցել են Պոլիտեխնիկի, Սլավոնական համալսարանի, ԵՊՀ-ի, Տնտեսագիտականի եւ Ամերիկյան համալսարանի բակալավրի եւ մագիստրատուրայի բոլոր այն ուսանողները, որոնք ուսանում են մաթեմատիկա կամ կիրառական գիտություններ, ինչպես նաեւ վերջին տարիներին համալսարանն ավարտած երիտասարդ մասնագետները»,- նշել է Սարգիս Զեյթունյանը: