Blog

Hetq Refers to Study Conducted by Gerald & Patricia Turpanjian School of Public Health

2 min read

Source: http://hetq.am/arm/news/76149/armenian-qapyr-programy-dzmrany-kapari-mkndexi-ev-qromi-metsparunakutyunnerov-110-tonna-kharam-ehatkacrel-alaverdu-qaxaqapetaranin.html

«Արմենիան Քափըր Փրոգրամը» ձմռանը կապարի, մկնդեղի և քրոմի մեծ պարունակություններով 110 տոննա խարամ է հատկացրել Ալավերդու քաղաքապետարանին

Քաղաքապետարանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի արտադրության հետևանքով առաջացած 110 տոննա խարամը (շլակ) փռել է Ալավերդու ներհամայնքային բոլոր ճանապարհներին, դպրոցական,  նախադպրոցական հիմնարկների և բնակելի շենքերի բակերում՝ ճանապարհները անցանելի  դարձնելու համար: Ձյունը հալվելուց հետո քաղաքը թաղված է մնացել խարամի մեջ՝ իր բոլոր վտանգներով: Խարամը Ալավերդու բանուկ փողոցներից, նախադպրոցական, դպրոցական հիմնարկների և բնակելի  շենքերի բակերից անհապաղ չհեռացնելու դեպքում, հատկապես գարնան քամիների պարագայում, լուրջ վտանգներ կստեղծվեն բնակչության առողջության համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը  Ամերիկյան Բլեքսմիթ ինստիտուտի հետ 2013թ. հետազոտելով Ալավերդու բնապահպանական և առողջապահական ռիսկերը` հայտնել էր, որ պղնձաձուլարանի արտադրության հետևանքով առաջացող խարամը (շլակը) չափազանց վտանգավոր է  բնակիչների, հատկապես՝ երեխաների առողջության համար:

«Մեր հետազոտության ընթացքում ստուգել ենք խարամի չորս նմուշներ, որի արդյունքում հայտնաբերել ենք, որ բոլոր նմուշներում կապարի քանակի առավելագույն խտությունը գերազանցել է 2,4-2,5 անգամ, արսենի (մկնդեղի) առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 28,6-50,4 անգամ, քրոմի քանակի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 15,5-94,7 անգամ»,-հայտնել է Ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը»:

Կենտրոնը դեռ 2013թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանն առաջարկել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խարամը Ալավերդի քաղաքից հեռացնելու և մեկուսացնելու համար, ինչպես նաև արգելել խարամի հետագա օգտագործումը: Այս հետազոտությանը  «Հետքը» անդրադարձել է՝ նշելով, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը խարամի հսկայական քանակություն շարունակում է կուտակել Դեբեդ գետի ափերին եւ էքսկավատորով պարբերաբար թափում գետը:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չի հերքել ինչպես Ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների  հետազոտման և զարգացման» կենտրոնի հետազոտության արդյունքները, այնպես էլ՝ «Հետքի» հրապարակած փաստերը:

Ընկերությունը այսօր էլ շարունակում է  խարամով Դեբեդի աղտոտումն ու Ալավերդիում խարամի օգտագործումը:

Պատասխանելով «Հետքի» հարցմանը` փետրվարի 23-ին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հայտնել է, որ  «2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների համար համայնքի բյուջեից ծախսվել է շուրջ 1,6 մլն դրամ: Ձյան առատ տեղումների ժամանակ ներհամայնքային ճանապարհները անցանելի դարձնելու  նպատակով  քաղաքապետարանի կողմից օգտագործվել է շուրջ 110 տոննա խարամ (շլակ) և 10 տոննա աղ: Կարեն Փարեմուզյանը երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել  Ալավերդու պղնձաձուլական գործարանում, բանից պարզվում է` այդ տարիներին նա  անտեղյակ է եղել պղնձաձուլարանում պղնձի արտադրության հետևանքով առաջացող խարամի վտանգներին։

«Տարիներ շարունակ Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն Ալավերդու Սանահին կայարանային թաղամասից մինչև Ս./Սարահարթ թաղամաս տանող կամուրջը և Էնգելս թաղամասի  տարածքում ճանապարհն անցանելի դարձնելու նպատակով ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել կրկին խարամ և աղ օգտագործելով»,-հիշեցրել է Կարեն Փարեմուզյանը:

Քաղաքապետի տրամաբանությամբ, եթե խորհրդային տարիներին խարամի վտանգները թերագնահատվել են, դա իրավունք է վերապահում իրեն վտանգները թերագնահատել նաև այսօր: Կարեն Փարեմուզյանն իր պատասխան գրությամբ նաև հայտնել է. «Խարամի պարունակությունների և բնակչության առողջության համար  դրա վտանգների  մասին, կարծում եմ, Ալավերդու համայնքապետարանը չէ, որ պետք է տեղեկատվություն տրամադրի: Բնակչության առողջության համար վտանգավոր պարունակություններ կան նաև հողի և աղի բաղադրության մեջ: Իսկ ձյան մաքրման և հալեցման աշխատանքները այլ ռեագենտներով իրականացնելու համար Ալավերդու համայնքի բյուջեի միջոցները պարզապես չեն բավականացնի»:

Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան բժիշկ, Վահե Տեր-Մինասյանն այսօր «Հետքին» հայտնեց, որ ծանր մետաղները, այդ թվում` կապարը, մկնդեղը և քրոմը ուռուցքածին են, նաև նպաստում են շատ այլ ծանր հիվանդությունների առաջացմանը:

«Կապարը, մկնդեղը և քրոմը երեքն էլ  մուտագեն և քաղցկեղածին են: Հիմա ձյունը կհալվի և խարամի ծանր մետաղները ջրով և հողով կփոխանցվեն մարդկանց և երեխաներին»,- հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

 «Կապարի հետ մկնդեղի պարունակությունը 5 անգամ ավելացնում է երեխաների` քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Կապարը հասունացման շրջանում երեխաների օրգանիզմում հայտնվելու դեպքում կուտակվում և պատճառ է դառնում նրանց մտավոր հետամնացության»,- հայտնեց ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը:

Զավեշտալի է, բայց բնապահպանական բազմաթիվ խնդիրներ ունեցող Ալավերդու քաղաքապետը տեղյակ չէ այս ամենից, իսկ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Բնապահպանության նախարարության բարեհաճ վերաբերմունքի ներքո շարունակում է աղտոտել բնությունը։