Հայաստանի ապագան միայն բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ է

Gurgen-Khachatryan-AUA-Copy

http://168.am/2012/12/04/149213.html

Հարցազրույց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, համակարգչային գիտության (computer science) մասնագետ Գուրգեն Խաչատրյանի հետ

– Ներկայումս ի՞նչ աշխատանքներ եք ղեկավարում, և ի՞նչ աշխատանքների վրա են աշխատում Ձեր ուսանողները:

– Ես այս պահին երկու նախագիծ եմ ղեկավարում: Դրանցից մեկը` Volkswagen Foundation-ի հետ ենք համատեղ ծրագիր անում: Գիտական նախագիծը կոչվում է Բիոմետրիկ (կենսաչափական) տվյալների կիրառություններն անվտանգության և կապի` հեղահաղորդակցության համակարգերում: Այս նախագծի համար մենք 100 հազ. եվրո դրամաշնորհ ենք ստացել:

Ծրագրում ներառված են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները ու նաև ՀՀ ԳԱԱ ասպիրանտները: Նրանց մեջ կան երիտասարդ գիտնականներ, որոնք ժամանակ առ ժամանակ մեկնում են Գերմանիա և այնտեղի լաբորատորիայում աշխատում են: Նախագիծը երկու տարվա ծրագիր է և կշարունակվի մինչև 2013թ. հուլիսը: Արդյունքների մասին ասեմ, որ այն կրիպտոգրաֆիայի ոլորտին է վերաբերում: Իսկ ավելի կոնկրետ` մեր գրած այս ալգորիթմով հնարավոր է ապացուցել` էլեկտրոնային ստորագրությունը հենց դո՞ւք եք արել, թե՞ ոչ: Դրա մեջ մտնում են նաև մարդու բիոմետրիկ տվյալները (մատնահետքը), և հետագայում մարդը չի կարող հրաժարվել իր ստորագրությունից կամ ասել, որ դա մեկ ուրիշն է արել իր համակարգչից:

Իհարկե, մատնահետքով շատ գործեր կան արված, սակայն մենք ուզում ենք նոր մոտեցումներ ստանալ այդ ուղղությամբ: Նշեմ նաև, որ մենք ուսումնասիրում ենք նաև մարդու ափի միջի երակների կոնստրուկցիան, որը նույնպես ունիկալ է մարդու համար. դա արդեն բոլորովին նոր ուղղություն է, որի վրա ներկայումս աշխատում ենք:

– Այսինքն` այժմ կիրառվող էլեկտրոնային ստորագրությունը հնարավո՞ր է կեղծել:

– Իհարկե, այդքան էլ հեշտ չէ կեղծելը, բայց նման հավանականություն կա: Օրինակ, երբ մեկը իմանալով քո գաղտնաբառը` կարող է մտնել քո համակարգիչ և քո փոխարեն ստորագրել: Սակայն այս պարագայում տվյալ մարդը պետք է իր մատը դնի, նա որևէ բան չի կարող անել, քանի որ կենսաչափական տվյալներ են կիրառվում ծրագրի անվտանգության համար: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է:

Մենք այս ծրագրի վրա աշխատում ենք Գերմանիայի Duisburg-Essen-ի համալսարանի հետ համատեղ: Սա զուտ գիտական նախագիծ է, և մենք կարող ենք տպագրել մեր աշխատանքը` պարտադիր նշելով նախագծի հովանավորների մասին: Նման հիմնադրամները պարզապես խրախուսում են գիտական ուղղությունների զարգացումը` այդ կերպ նաև գովազդելով իրենց անունը:

Երկրորդ նախագիծը մենք Samsung ընկերության հետ համատեղ ենք իրականացնում: Այստեղ իրադրությունը ամբողջովին տարբեր է, ցավոք սրտի, այս պարագայում մենք չենք կարող տպագրել մեր աշխատանքները` առանց նրանցից թույլտվությունը ստանալու: Հենց այդ պատճառով Հայաստանի ամերիկյան համալսարանի ղեկավարությունը սկզբում շատ դեմ էր, սակայն Samsung-ի պայմանը դա է. այստեղ որոշ սահմանափակումներ կան, ու, եթե մենք ցանկանանք դրա հետ կապված որևէ հոդված տպագրել, ապա այդ ամենը պետք է նրանց հետ համաձայնեցնենք:

Այս ընկերության հետ մեր աշխատանքները ևս անվտանգության համակարգի հետ են կապված, մասնավորապես` գաղտնագրության ալգորիթմ ենք մշակում: Իհարկե, նրանք մեզ հստակ չեն ասում, թե որտե՞ղ են մեր գրած ալգորիթմը կիրառելու. այդ մասին մենք կարող ենք պարզապես ենթադրել:

Օրինակ` մենք մի աշխատանք կատարեցինք, որն ուղղված էր համակարգը հաքերներից պաշտպանելուն` հաքերների դեմ (ավելին տես այստեղ): Նման մի նախագիծ ավարտել ենք արդեն, ներկայումս երկրորդի վրա ենք աշխատում: Այս աշխատանքները մենք կատարում ենք 2011թ.-ի հուլիսի 1-ից: Ցավոք, դրանք կարճաժամկետ` 6-ամսյա ծրագրեր են: Շուտով կսկսենք նաև արդեն երրորդ ծրագիրը:

Նրանք գոհ են մեր աշխատանքից, իսկ մեր ուսանողներն էլ շատ ոգևորված են, քանի որ աշխատում/ծրագրավորում են նման հայտնի ընկերության համար: Այդ ընթացքում նրանք շատ բան են սովորում: Այնպես որ, ճիշտ է, մենք չենք կարող հրատարակել այդ աշխատանքները, ինչը լավ չէ, բայց նման նախագծերը մեր ուսանողներին հնարավորություն են տալիս, որպեսզի ոչ միայն տեղեկանան, այլև ներգրավվեն այնպիսի աշխատանքներում, որոնք ներկայումս կարևոր են:

– Կասե՞ք, ինչո՞ւ են հենց հայերին նման աշխատանքները պատվիրում:

– Այդտեղ որևէ հրաշք չկա: Հրաշքի նման ոչինչ չի կատարվում իրականում: Չհավատաք, եթե մեկը ասի ձեզ, որ հրաշքով եղավ այսինչ բանը: Հրաշքներ լինում են հեքիաթներում: Իսկ մեր աշխատանքները կապերի և փորձի արդյունք են: Օրինակ, Samsung-ի հետ համագործակցությանը նպաստել է նաև իմ ասպիրանտը` Կարեն Իսպիրյանը (տես ավելին` այստեղ, նաև այստեղ ): Այսինքն` այս նախագծերը, որ գալիս են Հայաստան, դրանք հրաշքի նման չեն, կապերի, փորձառու և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք են: Այժմ մենք աշխատում ենք Samsung-ի` Ուկրաինայում գործող մասնաճյուղի հետ:

Հուսով ենք, որ մի օր Հայաստանում էլ կարող է նման մի մասնաճյուղ բացվել: Պարզապես նման մեծամասշտաբ և հայտնի ընկերությունները միանգամից հարյուրավոր աշխատակիցներ են ուզում ունենալ, իսկ Հայաստանում մենք նման քանակի մասնագետներ չենք կարող գտնել:

Միչնդեռ, օրինակ` նույն Ուկրաինայում 400 մասնագետ գտնելը նույնն է, ինչ մեզ մոտ 20 մասնագետ գտնելը: Այդուամենայնիվ, նման կարճաժամկետ ծրագրերն ուսանողի համար գրավիչ առաջարկ են:

– Ստացվում է, որ Հայաստանում հետաքրքիր ու լավ նախագծեր իրականացվում են, սակայն հիմնականում դրսի համար, այնպես չէ՞:

– Ավելի ճիշտ կլիներ, որ Հայաստանի համար նման նախագծեր իրականացնեինք, բայց Հայաստանում ներդրողներ չկան, որոնք գիտության համար փող կծախսեն: Այստեղ ներդրողը ուզում է տեսնել արդյունքը միանգամից: Օրինակ, գործարար ընկեր ունեմ, որն ինձ ասում է, որ ինքը փող է տալիս, որպեսզի այդ գումարով ինչ-որ շենք կառուցվի, իսկ երբ ես նրան գիտական նախագծի մասին եմ ասում, դա նրա համար մի տեսակ դժվար ընդունելի է: Իսկ օրինակ` ԱՄՆ-ում այդ ամենը շատ ավելի արագ է կատարվում: Այնտեղ ներդրողը կարող է շատ արագ խորհրդատուներ գտնել, որոնք ուղղություն ցույց կտան նրան, թե կոնկրետ որտե՞ղ ներդրում կատարել, և որտեղի՞ց հնարավոր կլինի առավել արագ գումարներ վաստակել:

Հասկանում եմ, գիտության մեջ ներդրումներ կատարելը շատ ռիսկային գործ է, սակայն գիտակցում եմ նաև, որ Հայաստանը միայն այդ ճանապարհով կարող է զարգանալ: Ես չգիտեմ, գուցե Հայաստանում կա՞ն ներդրողներ, ովքեր գիտության մեջ են իրենց գումարները ներդնում: Համենայն դեպս, եթե նույնիսկ նման մարդիկ կան, ապա շատ չեն, քանի որ նման օրինակների հազվադեպ կարելի է հանդիպել:

– Ձեր նշած նախագծերը, փաստորեն, Samsung-ի սեփականությունն են:

– Այո, մենք ենք հեղինակները, սակայն դա Samsung-ի սեփականությունն է: Հավանաբար հարց է առաջանում` ինչո՞ւ ենք մենք դա անում: Ասեմ, մենք այդ նախագծերի շնորհիվ ձեռք ենք բերում պրոֆեսիոնալ կարողություններ ու շփումներ, տեղեկանում ենք, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ կան, որոնք այսօր իսկապես պրակտիկ նշանակություն ունեն: Դա շատ կարևոր է, քանի որ այսօր մեր երկրում գիտնականները հաճախ այնպիսի խնդիրների լուծմամբ են զբաղվում, որ նույնիսկ չգիտեն` դրանք անհրաժե՞շտ են, թե՞ ոչ: Իսկ այս դեպքում մենք հստակ գիտենք, որ այդ խնդրի լուծումն անհրաժեշտ է:

Նման համագործակցության մեջ, կարծում եմ, դրական կողմերն ավելի շատ են, քան բացասականները: Շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց մենք կարողանանք տպագրել մեր կատարած նախագծերի արդյունքները:

– Դուք համախմբել եք երիտասարդների, ովքեր աշխատում են դրսի համար: Հետագայում մտավախություն չկա՞, որ այդ երիտասարդները կգնան Հայաստանից:

– Ոչ թե կգնան, այլ իմ հինգ ասպիրանտներն արդեն իսկ հենց հիմա ԱՄՆ-ում են աշխատում: Այդ մտավախությունը միշտ էլ կա, սուտ կլինի, եթե ասենք` այդ մտավախությունը չկա: Բայց այդ ամենն ունի նաև իր դրական կողմը: Օրինակ, իմ ասպիրանտներից մեկը գնաց և օգնեց մեզ` դրսից նոր նախագծեր բերել Հայաստան: Երիտասարդների` Հայաստանից գնալու դեմ ընդամենը մեկ քայլ կա` այստեղ ինչ-որ բան լավացնել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ կարող են հենց իրենց երկրում հանգիստ ապրել, աշխատել և առաջընթաց ունենալ:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գիտության հանդեպ պետության վերաբերմունքը:

– Ես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) անդամ եմ, սակայն այնտեղ շատ չեմ լինում: Ավելի շատ այստեղ եմ` Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ այստեղի մթնոլորտը մի քիչ տարբերվում է: Գաղտնիք չէ, և բոլորը գիտեն, որ Հայաստանում գիտությանը քիչ գումար է տրամադրվում: Ես հասկանում եմ նաև կառավարությանը, որ ասում են` ի՞նչ եք անում, որ ի՞նչ փող տանք: Իսկ գիտնականներն էլ ասում են` փող տվեք, որ աշխատենք:

Սա կարծես հավի, ձվի պատմությունն է: Ես հասկանում եմ կառավարությանն այն իմաստով, որ գիտնականներն արդյունավետ չեն աշխատում: Օրինակ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Խորհրդային Միությունից մնացած ինչ-որ կառույց է, որն այժմ պետք է շատ ձևափոխվի: Սակայն, իհարկե, այն քանդելը սխալ է. քանդելն ամենահեշտ բանն է, կառուցելն է դժվար: Ակադեմիայում ևս շատ լավ գիտնականներ կան, սակայն այդ կառույցի կառավարման ձևը պետք է վերափոխվի, այդ վերափոխումը, կարծում եմ, շատ դանդաղ է ընթանում:

Իմ կարծիքով` գիտությունը պետք է զարգանա համալսարաններում, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է, բայց քանի որ մեզ մոտ այդպես է ստացվել, ուրեմն պետք է աշխատենք ինչ-որ կերպ ճիշտ ձևով կազմակերպել գիտության զարգացումը: Մի բան ակնհայտ է. եթե ցանկանում ենք, որպեսզի գիտնականների հեղինակությունը բարձր լինի, ապա գոնե գիտնականների աշխատավարձը պետք է բարձրանա: Ես չեմ հասկանում, երբ գիտնականը ուսուցչի աշխատավարձի կեսն է ստանում:

– Ակադեմիայի գրեթե գոլոր ինստիտուտներում տարիքային տարբերությունն ակնհայտ է. կամ շատ երիտասարդներ են, կամ` միջինից բարձր տարիքի, միջին օղակը կարծես բացակայում է: Ինչո՞ւ չունենք այդ միջին օղակը:

– Ճիշտ եք նկատել: Օրինակ` իմ դասախոսն ու իմ ղեկավարը, որը հայտնի գիտնական էր, մեզանից 20 տարով էր մեծ, իսկ հիմա ես իմ ուսանողներից 40 տարով եմ մեծ: Մեջտեղը մի տեսակ տարիքային անջրպետ է առաջացել: Հիմա այդ միջին տարիքի գիտնականները դրսում են աշխատում: Երբ հիշում եմ, թե մեր ինստիտուտում որքան մարդ կարգ հիմա լավագույն կադրերը դրսում են: Այն կադրերը, որոնք ժամանակին` 90-ականներին չեն գնացել, հիմա բավական մեծ են` արդեն տարիքով, իսկ նորերն էլ գալիս են: Գիտեք, շատերն էլ իմ ձեռքով են գնացել:

– Այս պարագայում մեր երկրի զարգացումը և գիտելիքահեն տնտեսությունը ինչպե՞ս եք պատկերացնում:

– Այն ժամանակ խայտառակ վատ վիճակ էր, իսկ հիմա, ինձ թվում է, բավական լավ է, եթե համեմատենք այն տարիների հետ: Իհարկե, միշտ էլ կան մարդիկ, որոնք շատ բաներից դժգոհ են: Սակայն պետք է նկատել, որ այնպես չէ, որ մեր երկրում առաջընթաց չկա: Առաջընթաց կա: Մարդիկ ուղղակի սիրում են առաջընթացը չտեսնել և փնովել ամեն ինչ, ինչը սխալ է:

– Խոսենք առաջընթացի մասին:

– Առաջընթացը շատ հարցերում կա: Օրինակ, եթե քեզ անհրաժեշտ է անձնագիրդ փոխել, ապա մեկ օրում էլ կարող ես այն փոխել: Կամ` ոստիկանը չի կանգնեցնում փողոցում քեզ, եթե խախտում չես անում: Կամ` կարող ես զանգել ու քեզ անհրաժեշտ որևէ բան պատվիրել, և այլն:

Գուցե բերածս օրինակները մանր-մունր` կենցաղային են, սակայն դրական ինչ-որ փոփոխություն ես նկատում եմ այդ տեսակետից, իսկ քաղաքական իմաստով` չգիտեմ: Շատ հաճախ մարդիկ ասում են, որ Հայաստանը կարող էր ավելի լավ լինել, և այլն: Ես դրան չեմ հավատում: Գիտե՞ք ինչու:

Օրինակ` վերցրեք Գերմանիայի օրինակը, 20 տարի է` Արևմտյան Գերմանիան կերակրում է Արևելյան Գերմանիային: Սակայն այդ երկուսի միջև տարբերությունը դեռ չի վերացել, դեռևս 70-75%-ի է հասել: 20 տարվա մեջ այդ հարստագույն երկիրը մի ոչ այդքան աղքատ երկրի անընդհատ կերակրում է, իսկ տարբերությունը դեռ ամբողջովին չի վերացել: Խեղճ Հայաստանից ի՞նչ ենք ուզում: Իհարկե, միանգամից հրաշք չի կարող լինել, բայց մի բանում, իհարկե, կասկած չկա. Հայաստանի ապագան միայն բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ է:

Հայաստանում պետք է ստեղծվի Մտավոր սեփականում (intellectual property) և որքան շուտ` այդքան լավ: Պետք է ստեղծվի մի պրոդուկտ, որը Հայաստանի մտավոր սեփականությունն է, որ ուրիշները` օգտագործելու պարագայում, պետք է Հայաստանին գումար վճարեն: Օրինակ` Ամերիկայում Google-ը, Mycrosoft-ը և այլ ընկերություններ մեծ գումարներ են վճարում պատենտի իրավունքը խախտելիս: Եթե ինչ-որ մի նման պատենտ էլ ունենա մեր երկիրը, ապա մեծ գումարներ կարող են գալ հենց մեր երկիր:

Պատենտ ունենալու հիմնական իմաստն այն է, որ եթե այն խախտեն կամ օգտագործեն, ապա քեզ պարտավոր են գումար վճարել: Մենք պատենտային անգրագիտության մեջ ենք, ուղղակի մարդիկ պատենտ են հանում, ասենք` պատին փակցնելու համար, և վերջ: Ախր, եթե դու Հայաստանում պատենտ ունես, և այն խախտել են, ո՞վ է քեզ փող տալու: Իսկ միջազգային պատենտները բավական թանկ են:

Օրինակ, ԱՄՆ-ում` 40 հազ. դոլար արժե պատենտավորելը: Ես ամերիկյան մի քանի պատենտ ունեմ, սակայն դրանով հենց այն ընկերություններն են զբաղվել, որտեղ ես աշխատել եմ: Իսկ հիմա, եթե ես որևէ լավ գործ եմ անում և ուզում եմ այն պատենտավորել, ապա դա արդեն մեծ խնդիր է. 40 հազար դոլար ես որտեղի՞ց տամ: Հայաստանի պատենտ կարող եմ հանել, բայց դա ոչինչ չարժե, այն օգտագործելու համար ո՞վ է ինձ փող տալու:

Պատենտի իմաստն այն չէ, որ ասես` ես պատենտ ունեմ: Այն պետք է քեզ գումար բերի: Ես, որպես գիտնական, իմ ամբողջ կյանքում հոդված եմ տպագրել և չեմ մտածել պատենտի մասին, բայց ակնհայտ տեսնում եմ, որ պատենտային հեղինակային իրավունքը որքան գումար է բերում դրսի գիտնականներին: Իսկ այդ գումարները կարող է աշխատել ոչ թե կոնկրետ ինչ-որ մարդ, այլ հենց մեր Հայաստանը: