Armenia TV: Բանաձև, Պանրի և մեղրի սահմանագծին

Այստեղ կրակոցը գրեթե չի դադարում: Տավուշի մարզում ու մարզկենտրոնից 39 կիլոմետր հյուսիս Կոթին է. ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղը: Այստեղ ադրբեջանական դիրքապահները մեկ կիլոմետրից էլ մոտ են: 31- ամյա Գուրգենն անկեղծանում է՝ խաղացել է փամփուշտներով, հասունացել կրակոցների տակ, բայց չի եղել մի պահ, որ մտածի հայրենի գյուղը լքելու մասին: Չնայած որ մասնագիտությամբ պատմաբան է, բայց երբեք չի աշխատել ըստ մասնագիտության: Գյուղում պատմաբանների կարիք չկար ու Իջևանում կրթություն ստացած Գուրգենը որոշում է զբաղվել ձեռներեցությամբ: Սկսում է մեղու պահել, բայց 10-15 մեղվափեթակով գործը շահութաբեր չէր: Պետք էր ընդլայնվել, որի համար գումար էր անհրաժեշտ: Օգնության է հասնում «Թրփանջյան» հիմնադրամը, որի մասին իմացել էր գյուղապետարանում փակցված պաստառներից ու հարցաթերթիկներից: Դասընթացին մասնակցելուց հետո Գուրգենը ներկայացրեց իր բիզնես պլանը: Հիշում է, որ սրտի թրթիռով էր սպասում պատասխանին: Այն շատ չուշացավ ու նորաթուխ ձեռներեցը լծվեց գործին: Աշխարհի ամենահին մասնագիտության հմտություններին տիրապետելուց ու անարատ մեղր ստանալուց հետո հարկ էր հոգ տանել մեղուների մասին: Գուցե շատերը չգիտեն բայց մեղուները վարակվում են տիզով ու անգամ լուծ ընկնում: Մեղվաբուծությունը վատ չէր ընթանում, սակայն միշտ պրպտող գործարարի համար դա բավարար չէր: Կոթին հեռու է մարզկենտրոնից, իսկ ձմռան բքին հաճախ կտրվում է ամբողջ աշխարհից: Հենց դա էր պատճառը, որ Գուրգենը որոշեց բարձրորակ պանրով ապահովել Կոթին ու մոտակա գյուղերը: Այս գործիքը նոր է ձեռք բերել ու կրկին Թրփանջյան հիմնադրամի միջոցով: Առաջին դրամաշնորհը ստանալուց 4 տարի անց` 2011-ին, նա կրկին դիմում է Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագրին, որը հիմնել է Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Ջերալդ Թրփանջյանը: Ձեռք բերված սարքերով Գուրգենը ևս մեկ քայլ առաջ գնաց ու սկսեց արտադրել ծխեցված պանիր: Կես կատակ կես լուրջ ասում է, որ ամենակարևորը վակուումային փաթեթավորման սարքն է: Դրա միջոցով է, որ ծխեցված պանրի պիտանելիության ժամկետը մի քանի անգամ երկարում է:

Մինչև նոր սարքավորումներ ձեռք բերելը պատահում էր, որ անորակ կաթ էր գնում ու վնաս կրում: Սակայն նորագույն սարքավորումներով դա բացառված է: Այս մեկն ստուգում է թթվայնությունը, որից հետո է հնարավոր միայն մակարդելիություն տալ կաթին: Սա էլ կաթի բաղադրություն է որոշում: Չնայած որ արտասահման մեկնելու և աշխատելու բազմաթիվ առաջարկներ են եղել, սակայն Գուրգենը բոլորն էլ մերժել է: Գուրգենը որոշել է էլ ավելի մեծացնել արտադրական ծավալն ու արտադրանքը հասցնել Երևան: Արդեն պլանավորել ու գծագրել է նոր արտադրամասի տեղն ու ձևը: